ԱՄՆ-ը ստանձնում է ղարաբաղյան գոտում անվտանգության երաշխավորի դերը
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ: Այս այցը եւ դրա ընթացքում քննարկված հարցերը, ըստ էության, կարելի է շրջադարձային համարել ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար, եթե հաշվի առնենք, թե ինչ առաջարկներ է արել պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանի իշխանություններին:
Դավիթ Տոնոյանը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանման հարցում եւ պատրաստ է աջակցել համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմամբ: Բայց նշյալ ցանկությունը միայն շարքային հայտարարություն չէ, որը տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից տարիներ շարունակ լսում ենք:
Պարզվում է՝ ԱՄՆ-ի պաշտպանական եւ արտաքին քաղաքական գերատեսչություններում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացումը` ավելի առարկայական:
Կարդացեք նաև
«Բանակցությունների ընթացքում թե՛ Պենտագոնում եւ թե՛ պետքարտուղարությունում կա համատեղ կարծիք, որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են լինել կանխարգելիչ՝ իրավիճակը ռազմական ուղով տանելու տեսանկյունից»,- հայտնել է Տոնոյանը: Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Դավիթ Տոնոյանը նշել է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին եւ միգուցե նաեւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորել: Մեկ այլ մեխանիզմ էլ զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող եւ դետեկտորային համակարգերի տեղադրումն է, ինչը հնարավորություն կտա հասցեագրել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք: «Դա շատ լուրջ կանխարգելիչ միջոց է, շատ լուրջ, ինչ-որ մի բան անելուց առաջ կմտածեն՝ անե՞ն, թե՞ չանեն»,- պարզաբանել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Ամերիկյան կողմի առաջարկները հայկական կողմին, իսկապես, աննախադեպ են: Ըստ էության, Վաշինգտոնը «մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանել»:
Նախ` ամերիկյան առաջարկների իրագործումը ուղղված կլինի շփման գծում Ալիեւի ռեժիմի կողմից արդեն տեւական ժամանակ վարվող սանձարձակ գործելաոճին` լարվածություն պահպանելուն եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելուն: Բացի այդ, շփման գծում կայունություն պահպանելու հարցում ԱՄՆ-ը, փաստացի, առաջարկել է իր օգնությունը՝ ըստ էության, իր վրա վերցնելով ղարաբաղյան գոտում հսկողի եւ արձանագրողի պատասխանատվությունը:
Ի դեպ, անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը ռազմական ոլորտում եւ հայ-ռուսական սերտ հարաբերություններին՝ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ընդգծել է, որ այդ հարցում որեւէ հակասություն չկա, եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրամասերից մեկն է. «Ամերիկայի հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ-ռուսական համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման»։
Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանին նման առաջարկ անելու հարցում Վաշինգտոնը ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների` Մոսկվայի եւ Փարիզի համաձայնությունը, եւ այստեղ ավելի հետաքրքրական է Ռուսաստանի համաձայնության պահը: Եթե Մոսկվան ղարաբաղյան շփման գիծը ԱՄՆ-ի աջակցությամբ հսկելու գաղափարին «դաբրո» է տվել, ուրեմն նա եւս արձանագրել է, որ Ադրբեջանն է շփման գծում լարվածության ստեղծման պատասխանատուն, քանի որ Վաշինգտոնն այդ առաջարկն անում է Հայաստանին:
Դա է թերեւս պատճառը, որ Ռուսաստանի իշխանությունները վերջին օրերին ակտիվ շփումների մեջ են հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ: Հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանն ընդունեցին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Երկու օր անց Երեւանում էր Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունը: Նրան ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության համաձայն` «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաեւ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր»: Իսկ օգոստոսի 1-ին կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվել, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակն ու ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Ղարաբաղյան շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու հարցում ամերիկյան ջանքերը, գոնե այս փուլում, կարելի է արձանագրել, որ արդյունք են տալիս: Վաշինգտոնն ակնհայտորեն խնդիր է դրել պահպանել ղարաբաղյան գոտում կայունությունը՝ այսպիսով կանխելով ռուս-ադրբեջանական հնարավոր համաձայնությունը տեւական լարվածությունը ռազմական գործողությունների հանգեցնելու հարցում:
Օրեր առաջ «Առավոտ»-ին տված հարցազրույցում 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն, ի դեպ, խոսել էր ԱՄՆ-ի նոր քայլերի մասին` արձանագրելով, որ Հարավային Կովկասն ապակայունացնելու Ռուսաստանի փորձերը ԱՄՆ-ը այս փուլում փորձում է կանխել, եւ Ռուսաստանին այլ ելք չի մնացել, քան պաշտոնապես համաձայնել Վաշինգտոնի այս պայմաններին: «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ջանքերով մտել է նոր՝ ավելի ակտիվ փուլ: Հարավային Կովկասում կայունությունը պահպանելու հարցում ԱՄՆ-ին հաջողվել է Ռուսաստանից համատեղ գործելու պաշտոնական համաձայնություն ստանալ` առաջարկելով ղարաբաղյան հարթակում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ համագործակցություն»,- նշել էր Շահնազարյանը:
Դավիթ Տոնոյանի ամերիկյան այցելության հիմնական արդյունքը, փաստորեն, այն է, որ Միացյալ Նահանգներն առանձին ստանձնում է ղարաբաղյան գոտում անվտանգության երաշխավորի դերը, որը համարվում էր Ռուսաստանինը: Մոսկվան էր վերջին տարիներին կազմակերպում եռակողմ բանակցություններ` ցույց տալու համար, որ բացառապես Ռուսաստանը կարող է ազդել Սարգսյանի եւ Ալիեւի վրա, ցանկացած պահի նրանց նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանի ազդեցությունը նախկին խորհրդային երկու հանրապետությունների վրա արձանագրում էին արեւմտյան դիվանագետներ ու փորձագետներ, եւ կարծես կասկածի տակ էլ չէր դրվում այն թեզը, որ ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի ազդեցության «դաշտն» է, թեեւ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Սակայն Մեդվեդեւի եւ Պուտինի հովանու ներքո անցկացվող եռակողմ բանակցությունները ոչ միայն արդյունք չտվեցին, այլեւ իրավիճակն ավելի բարդացավ շփման գծում: Ռուսական զենք վաճառողն ու խաղաղության պահպանման երաշխավորը, թերեւս, չի կարող միաժամանակ լինել նույն պետությունը: Ե՛վ Մոսկվան, ե՛ւ բանակցող կողմերն իրականում դա գիտակցել են, եւ դա է պատճառը, որ Մոսկվայի «խաղաղության հաստատման ջանքերը» կրել են ընդամենը արարողակարգային բնույթ, դրա անկեղծությանը որեւէ մեկը չի հավատացել, դրանք բանակցություններ էին` բանակցությունների համար, հանդիպումներ` հանդիպումների համար: Մինչդեռ Վաշինգտոնի ծրագրերը Ղարաբաղյան գոտում ավելի հստակ են` այս փուլում ամեն գնով կանխել ռազմական գործողությունների ինտենսիվացման Բաքվի նպատակները:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2015
Կապրենք,կտեսնենք…Էնքան խաղեր տեսանք,էնքան երգեր լսեցինք ու պարեր պարեցինք(«Սարի սմբուլ»ն էլ՝ հետը),որ արդեն չգիտես՝ հովին նստես,թե շոգին…Ոչնչի չեմ հավատում,ինչ կտեսնեմ՝ դա էլ կլինի ճիշտը…
Կեցցես Դավիթ Տոնոյան. Կարելի է համարել, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ լրաջագույն քայլ արվեց. մեր երկրի և Ղարաբաղի անվտանգության համար: ՌԴ-ն միանձնյա դերակատարումը շփման գծում խաղաղության կարգավորման գործում կարելի է համարել տապալված: Հույսով ենք այս համաձայնությունները շուտափույտ կերպով կտան իրենց պտուղները և մենք այլևս չենք ունենա սահմանի վրա ոչ մի զինվորի կորուստ: Լավ կլիներ մեր արտաքին քաղաքակությամբ օրինակ վերցնեին Ձեզնից: