Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը ո՞նց կարող էր հասկանալ, պատերազմը միայն խրամատում կռիվը չի, ռազմավարություն է»

Օգոստոս 06,2015 14:00

 

Պաշտպանության նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի, գեներալ Մանվելի, Սամվել Բաբայանի եւ Սեյրան Օհանյանի կրթության մասին

1999-2000թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախյան պատերազմում կռված շատ ազատամարտիկներ եւ հրամանատարներ բանակի կառուցվածքի եւ բանակի շատ խնդիրների մասին պատկերացում չունեն, նրանք ռազմական քաղաքականությունը չգիտեն՝ ինչ է, որովհետեւ նրանք կրթություն չեն ստացել: Այդ առումով պարոն Հարությունյանը ավելի անհրաժեշտ համարեց, որ հատկապես պաշտպանության նախարարը համապատասխան ակադեմիական կրթություն ստացած լինի, հասկանա ոչ միայն ռազմական քաղաքականությունից, այլեւ բոլոր ոլորտներից:

Հարցին՝ Սամվել Բաբայանը հասկանո՞ւմ էր, ունե՞ր կրթություն, Վաղարշակ Հարությունյանը խորը հոգոց հանեց. «Սամվել Բաբայանը ո՞նց կարող էր հասկանալ: Դուք հասկանո՞ւմ եք, պատերազմը միայն խրամատում կռիվը չի: Պատերազմը ռազմավարություն է: Դու պիտի իմանաս՝ աշխարհում ինչ է կատարվում, պիտի գեոպոլիտիկայից հասկանաս, տնտեսությունից պիտի հասկանաս»:

Հարցին՝ պատերազմի ժամանակ ո՞վ էր այդպես խորը ուսումնասիրում ու հասկանում այդ ամեն ինչից, բայց կռվում էին ու հաղթում էին, օրինակ՝ գեներալ Մանվելն ինչի՞ց էր հասկանում, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Մանվելն էլ չէր հասկանում, բայց ինքը այն ժամանակ ի՞նչ է  եղել՝ հրամանատար է եղել: Հրամանատարները պետք է նույն չափանիշներին համապատասխանեին: Ինքը պիտի խիզախ լինի, ավտոմատին տիրապետի ու մի քանի բան, տեղանքում ճիշտ կողմնորոշվի: Իսկ երբ դու ռազմավարությունն ես մշակում, քաղաքականությունը, պիտի բոլոր ոլորտներից էլ իմանաս: Ես ակադեմիայում որ սովորում էի, ռազմական մասը մի մասն էր միայն իմ կրթության»

Հարցին՝ Սերժ Սարգսյանը հասկանո՞ւմ էր, որ պաշտպանության նախարար էր նշանակվել, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը չի խառնվել ռազմական գործերին՝ չնայած ես դա համարում եմ սխալ: Չի կարող քաղաքացիական անձը լինել նախարար: Բայց Սերժ Սարգսյանը խրամատներում եղել է, հարց չկա»:

Դիտարկմանը, որ եթե բոլոր այդ չափանիշներով նայենք, պաշտպանության «ճիշտ» նախարար չենք ունեցել՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ Սեյրան Օհանյանն առանձնանում է, ունի կրթություն եւ շատ գրագետ է գործում. «Մեզ մոտ մի քիչ ուրիշ է եղել: 1991-ին ես եկել եմ, մենք սպա չունեինք այստեղ: Այն ժամանակ պատերազմը լայնածավալ չէր, տեխնիկան այդ չափի չէր օգտագործվում: Ոստիկանության սպան բավարար էր, որ զբաղվեր դրանով: Ես օպերացիան կազմակերպում էի, ունեի մի հատ սպա փոխգնդապետ, մյուսները ոստիկանության սպաներ էին: Ես որ մշակում էի օպերացիան, ասում էի, իրենք ամեն դեպքում հասկանում էին»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ մեր հզորությունը հենց դրանում է, որ մենք կարողացանք հաղթանակ տանել՝ առանց բազա ունենալու. «Ես վերցնում էի անծանոթ մարդիկ, գնում էի պատերազմի ժամանակ օպերացիա էի կազմակերպում: Մտածում էի, որ կեսից կփախչեն, բայց այլ տարբերակ չկար: Կամ ես պիտի այդ մարդկանցով կռվեի, կամ պիտի հանձնվեինք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Atshak says:

    հիմա էս մարդու էսքան ասածի մեջից մենակ էս հասկացար չէ՞, լրագրող
    «Սամվել Բաբայանը ո՞նց կարող էր հասկանալ
    😀

  2. Աբրահամյան says:

    Նման ձևով նման հարցերի շուրջը խոսելը առնվազն ճիշտ չէ և ոչ բարոյական:

  3. Delea says:

    «Ես ակադեմիայում որ սովորում էի, ռազմական մասը մի մասն էր միայն իմ կրթության» -հիմա հասկացաք:
    Այստեղ Սամվել Մանվելի կրթություն ունենալ չունենալու հարց չի, այլ որ ինքն ավարտել է ակադեմիա եվ նրան չէն խնդրում որ ՊՆ գլխավոր դերակատար լինի:
    Դա քիչ է որ միայն իմանաս՝ աշխարհում ինչ է կատարվում, գեոպոլիտիկայից հասկանում էս, տնտեսությունից հասկանում էս:Բայց որ չես հասկանում ինչ է ուզում զինվորն ու հրամանատարն այ դա ցավալի է որ մինչեվ օրս նա դա չհասկացավ ու մինչեվ հիմա բամբասում ու քննադատում է բոլորին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31