Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարաբար» գողանալու մասին

Օգոստոս 06,2015 10:00

«Դու գիտե՞ս, ես ինչ փողեր եմ ծախսել, ինչե՜ր եմ խմել, ինչե՜ր եմ կերել»: Սա իմ տարիքի եւ բարձր հայաստանցիների մեծամասնության մշտական խոսակցությունն է: Երբ խորանում ես, թե ինչ էին անում, որ նման շքեղ կյանք էին վարում, պարզվում է՝ «գողնում-մողնում էին»:

«Դե, կոմունիստներն էլ էին գողանում, բայց մեզ էլ էին թողնում, որ գողնանք: Իսկ սրա՜նք… սրանք անկուշտ են»: Այսինքն խնդիրն այն է, որ բոլորը կարողանան իրենց չափով գողանալ: Առաջ, երբ սեփականությունը «համաժողովրդական» էր, բանվորը գողանում էր, պայմանականորեն ասած, երշիկի մի ձողիկ, իսկ տնօրենը՝ 10-ը. երշիկը շատ էր, անթիվ-անհամար, ոչ ոք չէր հաշվում: Այդ 11 երշիկը վաճառվում էր «ձախ» ճանապարհով եւ բոլորը գոհ էին մնում: Հիմա, երբ հարաբերությունները իբր շուկայական են, սեփականատերը ոչ մեկին թույլ  չի տալիս գողանալ եւ արտադրամասից երշիկ փախցնել, ով այդպիսի բան անի՝ «ախրանան» հերը կանիծի: Գողանում է միայն սեփականատերը՝ հարկեր եւ մաքսատուրքեր չմուծելով,  բյուջեի այդ եկամուտներով ապրող մարդկանց հացը կտրելով եւ մեծուփոքր չինովնիկներին տարբեր տեսքի կաշառքներ մուծելով: Բիզնեսը զարգացնելու մոտիվացիա չկա՝ առանց այդ էլ այդ սեփականատիրոջ համար ամեն ինչ հրաշալի է, բանվորները ստանում են համեստ աշխատավարձ եւ երազում են այն ժանանակների մասին, երբ նրանք կամ նրանց հայրերը կարողանում էին արտադրությունից ինչ-որ բան գողանալ: Այդպիսով, գոհ է միայն սեփականատերը, մնացածը դժգոհ են:

Ճիշտ է՝ հիմա էլ Հայաստանում կան «դասական խորհրդային» հիմնարկներ, որտեղ գոհ են բոլորը, որովհետեւ բոլորը գողանալու հնարավորություն ունեն: Դրանք «լույսի» եւ «գազի» մարդկանց հիմնարկներն են: Ամբողջ անձնակազմը՝ վերեւներից սկսած մինչեւ տեսուչը ներգրավված են գողության մեջ: Նրանք, ինչպես ասում են, «հանցավոր համաձայնության» են գալիս մեծ քանակությամբ, ասենք, էլեկտրաէներգիա սպառողների հետ եւ «գրում են» փոքր քանակություն՝ համապատասխան «փոխհատուցման» դիմաց: Չնայած ասեմ, որ խիստ իրազեկ մարդկանց տեղեկություններով, դա գողության 10 տոկոսն է: Այսինքն՝ եթե, ենթադրենք, էլցանցն անցած տարի մեզնից գողացել է 100 միլիոն դոլար, ապա այս եղանակով գողացածը 10 միլիոն դոլար է: Էլի փոքր գումար չէ: Մնացած 90 միլիոնը գողանալու սխեման ավելի տպավորիչ է, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ:

Գլխավոր խնդիրն այն է, որ մեր հասարակության մտահոգությունը ոչ թե գողությունը վերացնելն է, այլ՝ «արդարաբար» գողանալը՝ այնպես, որ դրա հնարավորությունը բոլորին տրվի: Խնդիրը ոչ միայն «մեթոդոլոգիական» սխալի մեջ է, այլեւ զուտ «տեխնիկական»՝ մեր երկրում քիչ գողանալու բան կա, 25 տարում դա էլ գրեթե սպառվել է: Պետք է մտածել նոր հարստություն ստեղծելու մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31