Այս կարծիքին է «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը:
–Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս նման կարծիք ունենալու համար:
– Սահմանադրությունը նման է խրամատի. Մի կողմում պետական իշխանությունն է, մյուս կողմում հասարակությունը: Ցանկացած հասարակությունում ցանկացած իշխանություն տարածվելու ձգտում ունի: Սահմանադրությունը սահմանն է, որից այն կողմ չի կարելի անցնել: Երբ հասարակությունը ուժեղ է և ինքնակազմակերպվում է, սահմանադրությունը փոփոխվում է հօգուտ մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնման, և հակառակը, երբ այն թույլ է, անկազմակերպ, պետական իշխանությունը գրոհում է, փոփոխում սահմանադրությունը, ընդլայնում իր իշխանությունը ի վնաս մարդու իրավունքների: Ասածս հիմնավորվում է ներկայացված նախագծի բազմաթիվ դրույթներով:
-Ինչու՞ միանգամից չհրապարակվեց նախագծի ամբողջական տեքստը: Սահմանադրությունը համակարգ է և կարծես պետք էր այն քննարկել ամբողջությամբ և ոչ մաս–մաս:
Կարդացեք նաև
– Կարծում եմ, սա հատուկ էր արված: Սա իրավաբանական հանրության արձագանքը ստուգելու նպատակ էր հետապնդում: Քանի որ արձագանքը բավարար չէր, նախագծի հեղինակները հրապարակեցին ամբողջական նախագիծը, որտեղ տեղ են գտել ժողովրդավարական գործընթացները առավել սահմանափակող դրույթներ: Հատկապես կնշեմ սահմանադրական փոփոխությունների իրավունքը պառլամենտին տալը: Գործող սահմանադրությամբ միայն հանրաքվեով կարող է փոփոխվել սահմանադրությունը, իսկ նախագծի համաձայն՝ սահմանադրական փոփոխություններ անելու է պառլամենտը:
–Ինչպիսի՞ նոր գլուխներ է ներառում նախագիծը:
–Նախագծի 8-րդ գլուխը նվիրված է դատախազությանը և քննչական մարմիններին, 9-րդ գլուխը տեղական ինքնակառավարման մարմիններին, 10-րդ գլուխը՝ մարդու իրավունքների պաշտպանին, 11-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 12-ը հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, 13-ը՝ վերահսկիչ պալատին, 14-ը՝ կենտրոնական բանկին, 15-ը՝ սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեին:
–Այս նոր գլուխներում առկա հատկապես ո՞ր խնդիրները կառանձնացնեք:
–Նախագծի ամենամեծ խնդիրը անկեղծության բացակայությունն է: Տեսեք, նախագծի համաձայն գլխավոր դատախազին նշանակում է Ազգային ժողովը օրենքով սահմանված կարգով: Սա իր մեջ թաքնված վտանգ ունի: Գործող սահմանադրությամբ գլխավոր դատախազի թեկնածությունը Ազգային ժողովին է ներկայացնում ՀՀ նախագահը: Նախագծի հեղինակները միտումնավոր այս պայմանը հանել են, բայց և չեն համարձակվել այս լիազորությունը սահմանադրական մակարդակում տալ վարչապետին, քանի որ սուր քննադատությունների կարժանանաին. Դատախազությունը կառավարությանը վերահսկելու խնդիր ունի, կառավարությունը չի կարող մասնակցել դատախազի նշանակման գործընթացին: Սահմանադրական մակարդակում դատախազի առաջադրման իրավունքը չկարգավորելով՝ տեղ է թողնված ապագայում օրենսդրությամբ այս լիազորությունը վարչապետին տալու համար: Սա կառավարման համակարգում լուրջ խնդիր կառաջացնի:
Ինչ վերաբերում է նախագծի 15-րդ գլխին, սա բացահայտ գրոհ է մարդու իրավունքների դեմ:
Մեր նման երկրներում, որտեղ քաղաքական համակարգը աղքատիկ է, իսկ պառլամենտում պատգամավոր չկա, սահմանադրական փոփոխությունները կարող են դառնալ ամենօրյա զբաղմունք: