Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը տեսչական ստուգումները նվազեցնում է, թունավորման դեպքերի թիվը` բարձրանում է

Օգոստոս 05,2015 16:54

Մեկ ժամում էլ սնունդը կարող է փչանալ առանց սառնարանի

Վկայակոչելով օրերս ռեստորաններից մեկում տեղի ունեցած զանգվածային թունավորման ու ճամբարում երեխաների թունավորման դեպքերը, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոցներ, այսօր լրագրողները  առողջապահության նախարարության եւ գյուղնախարարության պաշտոնյաներից, որոնք պատասխանատու են սննդի ոլորտի եւ հիգիենիկ պայմանների համար, հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են «լայնածավալ ուսումնասիրությունները» միշտ սկսվում դեպքից հետո:

Առողջապահության նախարարությունում թունավորումների թեմայով կազմակերպված ասուլիսում գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը վստահեցրեց, որ մինչ այդ էլ պլանային ստուգումներ տեղի են ունենում. «Նման բան չկա, մենք անհետաձգելի գործողություններ ենք իրականացնում, դրանք պարբերական բնույթ են կրում, եւ այ,ն որ ներգրավված են կոնկրետ դեպքի բացահայտման համար, դա չի նշանակում, որ մենք այդ դեպքից սկսեցինք որոշակի գործողություններ ձեռնարկել, կա պլանավորված աշխատանք, սահմանված ռեժիմներով, տարվա այս եղանակներին այդ աշխատանքները կատարվում են նախադպրոցական հաստատություններում»:

Գյուղնախարարության պաշտոնյան կոչ արեց պահպանել անձնական հիգիենան, կասկածելի վայրերից սնունդ չգնել, ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին ու ժամկետին:

Երկու գերատեսչությունների պաշտոնյաներն էլ, լրագրողների հարցերին, թե ինչու ավելի ուժեղ ու պարբերական հսկողություն չի իրականացվում, ի պատասխան մեջ էին բերում օրենքը,  որը սահմանափակումներ է դնում՝ կախված տնտեսվարողի շրջանառության չափից: Aravot.am-ի այն հարցին, թե կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կրճատել անգամ թույլատրելի տեսչական ստուգումները, արդյոք այս որոշումն էլ բացասաբար չի՞ անդրադառնա մասնավորապես առողջապահական եւ սննդի ոլորտների վրա, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ բարձր ռիսկայնություն պարունակող օբյետների ստուգումները ուժի մեջ են մնացել:
Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն ասաց, որ կառավարությունը չի հաստատել ջրերի հետ կապված ստուգումները. «Բայց, եթե մենք ունենք ամենօրյա հսկողություն, տեսնում ենք վտանգ կա, իրականացվում է»: Ըստ Արտակ Սահակյանի՝ այժմ ուժի մեջ են դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների ստուգումները: Նրա տվյալներով՝ 750 հաստատություններից 80-ի դեպքում վարույթ է հարուցվել. «Մեր խնդիրը պատժելը չէ, այլ` անվտանգությունը պահպանելն է»:

Անդրադառնալով հանրապետությունում արձանագրված սիբիրյան խոցի դեպքին, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասաց, որ հիվանդությամբ վարակված 5 կիլոգրամ միսը ներկրվել է Վրաստանից եւ անձնական օգտագործման համար: Միսն այժմ, պարոն Վանյանի խոսքերով, առգրավված է եւ գտնվում է լաբորատորիայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31