Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ. ՀՀ ոստիկանությունը՝ մայրաքաղաքի ՃՈ աշխատակիցների կողմից Գյումրիում կատարված ստուգումների մասին

Օգոստոս 05,2015 14:41

Երեկ  ուշ ժամի մայրաքաղաքից Գյումրի էին ուղարկվել ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որոնք քաղաքի կենտրոնական հատվածներից բազմաթիվ  վարորդների բերման էին ենթարկել, նրանց մեքենաներն էլ տեղափոխել  էին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Միայն Հաղթանակի պողոտայում՝  1,5 կիլոմետրանոց ճանապարհի վրա,  ժամը 21.00-ի սահմաններում հսկողություն էին իրականացնում մոտ 7-8 ճանապարհային ոստիկանության մեքենաներ: Վերջիններս միգուցե շատերին տեղափոխեին տուգանային հրապարակ, եթե նրանց  չխանգարեր անսպասելի տեղացած հորդառատ անձեւրն ու ուժեղ քամին:

Գյումրեցի վարորդները մեզ հետ զրույցում նեղսրտում էին, որ իրենց որոշել են պատժել   մայրաքաղաքի «գայիշնիկների» ձեռքով. մեծ քանակությամբ բենզին են ծախսում, Երեւանից հասնում Գյումրի՝ վարորդներին տուգանելու համար: Ավելին, նրանք սա բացատրում են որպես պետական դատարկ բյուջեն լցնելու միջոց  ու նեղվում են, որ դեռ իրենց թույլ են տալիս այս ամենը կատարել աղքատ գյումրեցիների  հաշվին: Նրանցից ոմանք, բնականաբար, դատարանում կվիճարկեն ոստիկանների գործողությունների օրինական լինել-չլինելը, իրենց նկատմամբ վարչական ակտեր կազմելն ու տուգանելը. շատերը պնդում են, որ իրենց մեքենաները տուգանային հրապարկ են տեղափոխել առանց արձանագրություններ կազմելու:

Aravot.am-ը  ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության  կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանին խնդրեց պարզաբանել, թե ո՞րն է նման միջոցառումների նպատակը, քանի՞ մեքենա են տեղափոխել տուգանային հրապարակ, ի՞նչ պատճառով:

«Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵԿ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլանի համաձայն` ՃՈ ծառայողները օգոստոսի 4-ին Շիրակի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Կազմվել է վարչական իրավախախտման 122 արձանագրություն: Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու», -մեզ գրավոր պատասխանեց պարոն Ահարոնյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ galatv.am կայքի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31