Aravot.am-ը գյումրեցի ազատամարտիկ, Գյումրու ՀԱԿ կառույցի անդամ Գեւորգ Ալիխանյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում աղմկահարույց քրեական գործերի մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահ կարգելուն, ավելին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից նրան ԵԿՄ մեդալով պարգեւատրելու փաստին:
«Ես բան չունեմ ասելու, Սուրիկ Խաչատրյանը բավական լուրջ անցյալ ունի Արցախյան ազատամարտի հետ կապված, բայց մենք այսօր էնքան աբսուրդների ենք հասել… Ինձ մեկ-մեկ թվում է, թե ես ապրում եմ ծուռ հայելիների թագավորությունում՝ Իշխան Զաքարյանը` ԵԿՄ վարչության անդամ, Սամվել Ալեքսանյանը՝ ԵԿՄ անդամ, ինչո՞ւ չէ թող Լիսկայի տղան էլ լինի երիտասարդական թեւի ղեկավար, իրենց ինչ է խանգարում ո՞ր… Մենակ փող տան… Իրականում ԵԿՄ երիտասարդական թեւը կարեւոր ֆունկցիաներ ունի, եթե լուրջ մոտենալու լինենք, օրինակ՝ Շիրակի մարզում վստահորեն կարող եմ ասել, որ շատ լուրջ են մոտենում իրենց գործառույթներին, երեխաները բավականին հայրենասիրական դաստիարակություն ստանում են: Բայց երեւի որոշ տեղերում բիզնեսի միջոց են դարձրել, պետք չէ դա լուրջ ընդունել: Ցավում եմ, որ Լիսկան էսօր դարձել է չգիտեմ ինչ, իրականում եմ ասում, ինքը բավականին լուրջ անցյալ ունեցող անձնավորություն է»,- ասաց ազատամարտիկը:
Մեր հարցին, թե դուք վստա՞հ եք, որ նա Արցախյան պատերազմին մասնակցել է, երբ Սյունիքի այսպես ասած առաջին ֆիդայինները պնդում են, որ նրան ոչ մի անգամ չեն տեսել մարտական գործողություններում, Գեւորգ Ալիխանյանն ասաց. «Ես վստահ եմ, ուղղակի համակարգն է նրան դարձրել էսպիսին, ձուկը գլխից է հոտում, չէ՞: Էդ ոնց որ էդ նույն Սուրեն Խաչատրյանը մինչեւ 1998 թվականը նման բաներ չէր անում, նորմալ անձնավորություն էր, հայրենիք էր պաշտպանում: Ամեն ինչ սկսվեց 1999 թվականից հետո, այսինքն մարդը մտավ համակարգի մեջ, քրեաօլիգարխիկ համակարգի մեջ, եւ հիմա փորձում են տվյալ անձնավորությանը դարձնել ամենամեծ հրեշը, բայց ինքը չէ ամենամեծ հրեշը, ամենամեծը հրեշը Բաղրամյան 26-ում է նստած: Եվ էդ մարդը ի՞նչ է ասում, ասում է՝ ես մեղք չունեմ, ժողովուրդ, գիտեք, մեղավորը Լիսկան, էն մյուսն է : Չէ, իր ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգն է, ոչ միայն Լիսկային, այս շատ հրամանատար տղաների գիտեմ, որոնց էսօր տեսնում, չեմ ճանաչում արդեն, համակարգը փոխել է նրանց»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև