Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը թող չչարչարվի, Հայաստանում մերոնք իր փոխարեն քարոզչություն են անում». Արշակ Զաքարյան

Օգոստոս 05,2015 13:08

 

«Ադրբեջանը թող շատ չչարչարվի, իրենց քարոզչությունը հայաստանյան լրատվամիջոցներն  անում են: Մանավանդ սոցցանցերում լույս տեսնող անհայտ լրատվամիջոցները: Հայտնիների մեջ էլ կան, եթե ուշադիր կարդաք, ամբողջությամբ մեր բանակի ռազմավարության հետ կապված հակաքարոզչություն են անում: Թող Ադրբեջանը դրսում անի՝ իր նավթային փողերով, բայց Հայաստանում կարիք չունի, մերոնք իր փոխարեն անում են»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ռազմահայրենասիրական քարոզչության եւ ադրբեջանական ապատեղեկատվության մեխանիզմների մասին խոսելիս այսպիսի կարծիք հայտնեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը (լուսանկարում՝ ձախից):

Ըստ նրա՝ շատ ԶԼՄ-ներ այդ հակաքարոզչությունն անում են անգիտակցաբար. «Ես չեմ ասում նրանք Ադրբեջանի շպիոններն են, նրա գործակալներն են: Երեկ, օրինակ, լուր հրապարակվեց, որ մեր զինվորները բոյկոտել են, չեն բարձրացել դիրքեր, դա ազգային անվտանգության կոպիտ խախտում է, դավաճանություն: Նշվում է մանավանդ, թե կոնկրետ որ գումարտակը չի գնում, Ադրբեջանը կարող էր հարձակվել այդ դիրքերի վրա եւ կարող էր զոհվել հայ զինվոր: Դրա պատճառը կլիներ այդ լրատվամիջոցը: Ես լինեի՝ այդ լրատվամիջոցին կդատեի ուղղակի, որովհետեւ մեկի տղան է ծառայում, մյուսի ամուսինը: Դա նշանակում է նրանց կյանքը վտանգել: Ես զանգել եմ վաշտի հրամանատարին, դիրքի ավագին, բոլորի հետ խոսել եմ, որովհետեւ անհանգստացած էի: Ասում են՝ չէ, Արշակ ջան, մենք թուրքի առաջ դիրքերում կանգնած ենք, նման բան չկա: Կարող է նորակոչիկներից մեկը զանգել եւ ասել է նման բան»:

Մեր հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ դատարան դիմեք եւ պատժեք ԶԼՄ-ին, որ այդպիսի դեպքեր չկրկնվեն, զրպարտության համար օրենսդրությամբ հստակ սահմանված է՝ Արշակ Զաքարյանը պատասխանեց, որ իրավաբաններից երեկ է ճշտել՝ իրավունք ունի՞ դատի տալ մի ԶԼՄ-ի, որը վտանգում է իր երեխայի կյանքը. «Եթե այսօր իմ երեխան սահմանի վրա ծառայում է եւ նման լուր է տարածվում, նա ուղղակիորեն վտանգում է իմ երեխայի կյանքը: Որ ասում եմ օտարածին բաներ, այդ ազատ խոսքի իրավունքը մեր մոտ այնքան սխալ է: Իրենք կարող են ազատ խոսքի անվան տակ դրա տակից դուրս գալ»:

Մեր դիտարկմանը, որ եթե զրպարտություն է՝ դրա համար սահմանված է պատիժ, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Եթե թեկուզ  2 ապերախտ զինվոր զանգեն նման բան հայտնեն, այդ ԶԼՄ-ն կարող է ասել, որ դա զրպարտություն չի, մի հատ էլ ձայնագրած լինեն: Բայց ինքը պիտի գնար այդ զորամաս, բարձրանար դիրք ու տեսներ՝ դիրքում իրո՞ք բոյկոտ է, նոր տպեր: Բայց ազատ խոսքի իրավունքով ասում է՝ ինձ զինվորն է զանգել ասել, օրենքով պատժելու ձեւ չունենք»:

Ըստ Արշակ Զաքարյանի, մարդիկ գնում են սենսացիոն լուրերի հետեւեից, դա ԶԼՄ-ին բերում է լայքեր. «Եթե զինվորի արձանի բացում լինի՝ ոչ մեկը չի լուսաբանի, իսկ եթե ասեն զինվորի դի են բերում՝ բոլոր ԶԼՄ-ները այնտեղ կլինեն, որտեղ արյուն կա, մահ, զոհվածներ…Ասում են՝ բա որ վատը չխոսենք, այդ մասին ո՞վ գրի, իսկ ի՞նչ է փոխվում դրանից, որ գրում եք: Գնում են պոստերը նկարելու, նկարում են թիկունքից, կամ այնտեղ, որտեղ ավտոմատներն է դրված: Դու դրանով հայտնում ես, թե այդ դիրքերում քանի զինվոր է հերթապահություն անում: Մանրուքներ կան, որ պետք է սովորեն»:

Մեր դիտարկմանը, որ փաստորեն Սերժ Սարգսյանի կարծիքին եք՝ այս գաղջ մթնոլորտի մեղավորները ԶԼՄ-ներն են, որ արտագաղթ է լինում, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Լավ չի, որ ինձ համեմատում եք իր հետ, գիտեք իմ վերաբերմունքը նրա նկատմամբ, բայց այս հարցում համամիտ եմ իր հետ: Մարդիկ կան, որ բացում են ինտերնետը, կարդում ու մուլտի մեջ ոնց են ասում՝ վա՜յ, մեր մահը եկել է: Կարդում են, որ վիճակը ահավոր է եւ գնում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31