Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատատեղերը, կամ ավելի կոնկրետ՝ աշխատողների թիվը շարունակում է կրճատվել։ Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի թվով 2 հագար 567 արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թիվը կազմել է 80 հազար 825 մարդ։ Սնցած տարվա առաջին կեսի տվյալներով՝ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը եղել է 83 հազար 21 մարդ։ Այսինքն՝ միայն արդյունաբերական ձեռնարկությունների մասով վերջին մեկ տարում տեղի է ունեցել շուրջ 2 հազար 200 աշխատատեղի կրճատում։
Սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներառված ձեռնարկությունների թիվն անցած տարի մոտ 500-ով պակաս է եղել։ Այսինքն՝ ստացվում է, որ այս տարի, անցած տարվա համեմատ, ձեռնարկությունների թիվը չնայած ավելացել է, բայց դրանցում զբաղված մարդկանց թիվն, այնուամենայնիվ, պակասել է
Ի դեպ, նույն երետւյթին ենք հանդիպում նաեւ առեւտրի ոլորտի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ մանրածախ առեւտուրը Հայաստանում իրականացրել են 12 հազար 547 առեւտրի կետեր, որոնցում զբաղված մարդկանց թիվը կազմել է 35 հազար 636 մարդ։ Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսին մանրածախ առեւտրով զբաղվող խանութների թիվը եղել է 11 հազար 965, որոնք ունեցել են 36 հազար 474 աշխատող։ Փաստորեն, վերջին մեկ տարում խանութների թիվն ավելացել է 582-ով, բայց դրանցում աշխատող մարդկանց թիվը նվազել է 838-ով։
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս երեւույթն ունի իր բացատրությունը։ Բանն այն է, որ վերջին մեկ տարում առեւտրի շրջանառությունը անընդհատ իջնում է, եւ միջին մեծության խանութներն ու սուպերմարկետներն իրենց աշխատողների թիվը զգալի կրճատել են։ Ասենք՝ սուպերմարկետները, որոնք 31 մարդուց ավել աշխատակիցներ ունեն, անցած տարի եղել են 154 հատ եւ ունեցել են 11 հազար 892 աշխատող։ Այս տարվա առաջին կեսին սուպերմարկետները դարձել են 191-ը, բայց նրանց ընդհանուր աշխատողների թիվը նվազել եւ կազմել է 10 հազար 827 մարդ։ Անցած տարվա առաջին կեսի արդյունքներով սուպերմարկետների շրջանառությունը կազմել է 249 միլիարդ 339 միլիոն 100 հազար դրամ, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 217 միլիարդ 280 միլիոն 700 հազար դրամ։ Այսինքն՝ միայն սուպերմարկետների մոտ առեւտուրը, անցած տարվա համեմատ, նվազել է 32 միլիարդ 58 միլիոն դրամի չափով։
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում