Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի քաղաքապետն իր հրատարակած «ՎԱՆ» գրքույկում հայ բառը չի օգտագործել

Օգոստոս 05,2015 12:46

Վանի քուրդ քաղաքապետ Բեքիր Քայայի թուրքերեն, հայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներով հրատարակած «ՎԱՆ» անունով գրքույկում խեղաթյուրված են փաստերը, և ընդամենը երկու անգամ է օգտագործվում հայ բառը, փոփոխված են հայկական տեղանունները: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը և պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանն իրենց մտահոգությունները հայտնեցին այս հրատարակության առումով:

Պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը վրդովվեց. «Այս ամբողջ գրքույկում երկու տեղ է հայ բառը հիշատակվում, այն էլ այնպես է նկարագրվում, որ եկել ու անցել ենք, հայ գոյություն չունի: Կամ նշված է, թե Վանը մեծ ցավերի ու տանջանքների քաղաք է եղել, բայց ոչ մի բառ այդ մասին: Մեր քաղաքագիտական և պատմագիտական շրջանակները հորթի հրճվանքով ուրախանում են, որ մեկը քրդերի ու թուրքերի մեջ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրում: Հետո՞ ինչ, ո՞ւր է դրա հատուցումը»: Պարոն Յազըճյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ պաշտոնական շրջանակներում այսպիսիններին ոչ թե պետք է պատվեն շքանշաններով, այլ իրենց տեղը ցույց տան»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նաև փաստեց, որ չորս լեզուներով տպագրված այս գրքույկի՝ մյուս լեզուներով տպագրված տարբերակներում՝ հայերենից բացի (թարգմանիչը հայ է), ընդհանրապես հայ բառը չի օգտագործվում և կան մի շարք խեղաթյուրումներ. «Ասում են ուրարտուները քրդական պետական միավոր են, բացի այս Վանի ամբողջ տեղանունները փոխված են, հայկական եկեղեցիները չեն նշվում, կամ չի նշվում հայոց թագավոր: Մինչդեռ Թուրքիայի զնդաններում գտնվող մեծ մտավորական Սևան Նշանյանն իր հրատարակած գրքում բոլոր Վանի տեղանուններն է նշում, որի արդյունքում պարզ է դառնում, որ տեղանունների ութսուն տոկոսը հայերեն է: Իսկ այժմ նույնիսկ Ախթամար կղզու անունն է խեղաթյուրված: Դիմել եմ Վանի քաղաքապետին ու նշել, թե մինչև այսօր թուրքերն էին այդ կեղծիքը անում, հիմա դո՞ւք սկսեցիք…  Մինչդեռ ՀՀ պետական պաշտոնյա ներկայացող հայը գնում է Արևմտյան Հայաստան և գովեստի խոսքեր հնչեցնում»:

Որպես համեմատություն՝ պարոն Հացպանյանը նշեց, թե Տիգրանակերտում այլ է իրավիճակը. Հայաստանից գնացողներին Տիգրանակերտի (Դիարբեքիրի) քաղաքապետ Օսման Բայդեմիրն ասում է, թե դուք ոչ թե հյուր եք եկել, այլ՝ ձեր տուն:

Հարցին՝ ինչպե՞ս կարող են նման երևույթներին դիմակայել ՀՀ իշխանությունները, պարոն Յազըճյանը պատասխանեց. «ՀՀ իշխանություններն առաջին  հերթին ազգային արժանապատվություն պետք է ունենան, որ մնացածը կարողանան իրականացնել: Մոսկվայում լույս տեսնող քրդական «Դրուժբա» հանդեսը, որը խեղաթյուրում էր հայոց պատմությունը, ներկայացրի ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենին: Բայց ծպտուն չեղավ: Աշոտ Մելքոնյանը տարօրինակ պատասխան տվեց, թե ամեն մի շուն ու գելով չենք զբաղվելու: Եթե Արարատը հանում ես ֆուտբոլի շապիկների վրայից,  ապա քուրդն էլ կգողանա քո հարստությունը, չեչենն էլ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- Նկատենք, որ այս օրերին Երեւանում էր Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, ով այցելել է Ծիծեռնակաբերդ: Այս մասին կարդացեք այստեղ: 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31