Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի բան չի ջնջվում

Օգոստոս 05,2015 10:11

Արգելել Ֆեյսբուքը, արգելել Youtube-ը, ջնջել Կասպարովին խորհրդային սպորտի պատմությունից, ջնջել Բորիս Գրեբենշչիկովին ռուսական մշակույթից (քանի որ նա հանդիպել է Սաակաշվիլիի հետ), արգելել պատմական որեւէ իրադարձության՝  Ռուսաստանի կամ Սովետի համար ոչ հաճելի երանգներով քննարկումը՝ նման առաջարկներ հաճախ են հնչում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների կողմից:  Նման առաջարկներից մի քանիսի հիման վրա երբեմն նույնիսկ որոշումներ են ընդունվում: Հիմնավորումը պարզ է՝ պաշտպանել ազգային արժեքները, բարոյականությունը, ինչպես որ դրանք Դումայի պատգամավորներն են հասկանում, պատմությունը, հավատքը եւ այլն: Այդ փորձերը հաճախ կրում են զավեշտալի բնույթ եւ հակասում են մարդկային բանականության սովորական նորմերին: Դրա վրա ուշադրություն մի քանի անգամ հրավիրեց Դաշնային խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը, ինչի պատճառով նրան այլեւս չեն առաջադրի սենատորի պաշտոնում:

Ես բարձր կարծիքի չեմ մեր Ազգային ժողովի պատգամավորների մասին, բայց պետք է ասել, որ մեր խորհրդարանում նման զավեշտալի առաջարկներ առայժմ չեն հնչում: Ասում եմ՝ առայժմ, որովհետեւ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե որքան հեռու է մեզ տանելու «ԵՏՄ-ական ինտագրացումը»: Առայժմ նման «ազգապահպան» եւ «բարոյապահպան» մտքեր Հայաստանում հնչում են Ալեքսանդր Ամարյանի եւ Խաչիկ Ստամբոլցյանի նման գործիչների շուրթերից, եւ ենթադրում եմ, որ դրանք մոտ ժամանակներս «օրենսդրական նախաձեռության» տեսք չեն ստանա:

Այդ բոլոր նախաձեռնությունների համալիրի մեջ ինձ առավել մտահոգիչ է թվում ոչ թե «անբարոյական սոցցանցերի» արգելումը (ինչը գործնականում հնարավոր չէ), այլ պատմությունից ինչ-որ բան ջնջելը: Դա ինձ խիստ հիշեցնում է Խորհրդային Միության 20-30-ական թվականները, երբ հրապարակվող լուսանկարներից ջնջվում էին (կամ պարզապես սեւ ներկով ներկվում էին) «սխալ մարդկանց» դեմքերը՝ սկսած Տրոցկուց եւ Բուխարինից ու վերջացրած հազարավոր այլ՝ պակաս հայտնի մարդկանցով, որոնց սխալ էին հանել եւ գնդակահարել էին:

Ոչինչ եւ ոչ մեկին պետք չէ ջնջել պատմությունից կամ մշակույթից՝ այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Այսօր դուք Գրեբենշչիկովին կամ Մակարեւիչին «ազգի դավաճան» եք համարում, վաղը հպարտանալու եք նրանցով:  Բայց կան մարդիկ, որոնք ոչ մի ձեւով չեն կարող հպարտության առարկա դառնալ, մանավանդ քաղաքական դեմքերը, իշխանավորները, նրանց արածները կարելի է քննադատել, սակայն փորձել ջնջել՝ դա ամենահիմար քայլն է, որը հնարավոր է անել: Որովհետեւ ոչ մի բան իրականում չի ջնջվում, մնում է մարդու կամ ազգի օրգանիզմի մեջ որպես թաքնված, ճնշված էմոցիա: Իսկ դա թարախի նման բան է՝ հիվանդագին ագրեսիայի մշտական աղբյուր:

Արդեն հիշատակած  սենատոր Կոնստանտին Դոբրինինը, մասնավորապես, առաջարկում էր իջեցնել սեռական փոքրամասնությունների նկատմամբ ագրեսիայի աստիճանը: Դե, դա արդեն չեղավ: Ինչպե՞ս կարելի է  նվազեցնել ագրեսիան որեւէ երեւույթի նկատմամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ճիշտ եք, բայց «սխալ մարդկանց» դեմքերը ջնջելու փաստեր արդեն եղել են: ՀՀ Անկախության հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանի անունը տարիներ առաջ չկար Հայաստանի նորագույն պատմության դասագրքերում: Ինքն է ասել: Հիմա չգիտեմ կա, թե չէ: Սա անձի խնդիր չէ, պատմական փաստ է, որ ջնջում են:

    Հայտնի խոսք կա. քաղաքական գործիչները ստում են երեք դեպքում` ընտրություններից առաջ, բանակցությունների ժամանակ, պատերազմից հետո: Հայաստանում արդեն 20 տարի պատերազմից հետո է ու ստերի ԶԶՎԵԼԻ առատություն: Օրինակ, որ Սուրիկ Խաչատրյան-Լիսկան պատերազմի մասնակից է կամ որ Վարդան Այվազյանը տնտեսությունից հասկանում է:

  2. gib.gibindus says:

    Հանկարծ հիշեցի 50 տարի առաջ գրած փոխադրությունը (այն ժամանկ այդպիսի բան էլ կար`հիմա չգիտեմ) -“Այդ անունը ջնջել չի լինի”: Լենին պապիկի մասին էր: Էս ոչ մի բան չի՞ փոխվել:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Ես հասկացա… Սաքունցն էլ է մեր պատմության մի մասը: Մասնավորապես երեկ, սույն անձը էլ ավելի ամրապնդեց իր տեղը հայոց պատմության էջերում, բարձրաձայնելով մի բան, որ մեզ հավանաբար խիստ անհրաժեշտ էր, բայց ամաչում էինք ասել՝ ՛՛Յուրաքանչյուր չափահաս կին ու տղամարդ իրավունք ունեն իրենց անձնական կյանքը կարգավորել ու ընտրել՝ որ սեռի ներկայացուցչի հետ կարող են ամուսնանալ…՛՛
    Հիրավի՝ բազմաչարչար Հայաստանի խրոխտ զավակ…
    .
    P.S. Իսկ Ժերար Դեպարդիեյի ֆիլմերը մի խիստ առաջադեմ եվրոպական երկրում արգելում են ցուցադրել: Դրանք ի՞նչ է ՛՛Առավոտ՛՛ չ՞են կարդում…

    • Արսեն says:

      Փորձիր պատասխանել «Որն է ամուսնության իմաստը և նպատակը?» հարցին, և նման հիմարություններ այլևս չես գրի… (կամ ստիպված կլինես պատասխանումդ անցնել մարդատյացության թույլատրելի սահմանը)…
      Եթե ուզում ես Սաքունցին սեղմել պատին, այդ հիմար հարցը (իրավունք ունեն թե չէ) մի տւր՝ դա շատ հեշտ հարց է (եթե ամուսնության նպատակը՝ երջանկության ձգտման իրավունքի ռեալիզացիան է՝ ապա իհարկե ունեն…)…
      Ոզում ես ստուգել Սաքունցի տեսական պատրաստվածության մակարդակը՝ տուր նրան.
      Ւսկ ինչու է օրենքը սահմանում, որ ամուսնությունը 2 գիտակից մարդու միավորում է? (նույն հաջողությամբ կարող են լինել 3,4՝ կամ ցանկացած թվով համատեղ երջանկության ձգտող մարդիկ… որևէ տրամաբանություն չկա 2-ով սահմանափակվելու մեջ… (իրականում՝ կա, բայց՝ այդ տրամաբանությունը՝ ըստ ինձ, Սաքունցի համար անհասանելի է…))))…)։

      • Հրանտ Պապիկյան says:

        Իհարկե տրամաբանական չէ: Անասնական բնազդները բավարարելու լիակատար ազատություն ռեալիզացիայի համար նրանց պետք է թույլատրել հոտեր կազմել և խմբակային ՛՛երջանկանալ՛՛: Կարծում եմ ինցեստն էլ շուտով պահանջված կլինի: Կարող է մարդը միայն իր ծնողին կամ երեխային է համարում ՛՛երջանկանալու՛՛ օբյեկտ: Ինչու՞ սահմանափակել մարդկանց երջանկությունը…
        Քեզ հեշտ է, երջանիկ մարդ: Դու ազատորեն կարող ես քո առաջադեմ գաղափարները ուսուցանել տնեցիքիդ, որ նրանք էլ լիարժեք ազատ մարդիկ զարգանան: Իսկ մենք ստիպված ենք մեր հին պապենական ձևերով յոլա գնալ…

  4. ՀՀ քաղաքացի says:

    Պարոն Աբրահամյան:
    Ձեր այս նյութին` https://www.aravot.am/2015/08/05/598792/ մեկնաբանություն էի գրել, ուր չկար հայհոյանք, վիրավորանք: Ադմինը ջնջել է` չի հրապարակել: Խախտում եք ձեր իսկ սահմանած կանոնները: Սա առաջին դեպքը չի: Թող սպառնալիքի նման չհնչի, բայց դա ընթերցող կորցնելու ճանապարհ է:

  5. ՀՀ քաղաքացի says:

    https://www.aravot.am/2015/08/05/598792/ նյութի իմ մեկնաբանությունը կա: Գրելուց չկար, կամ տեխնիկական թերություն էր կամ ձեր միջամտությունը ազդեցիկ էր:

    Ամեն դեպքում շնորհակալություն արագ արձագանքման համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31