Oգոստոսի 1-ին Սաղմոսավանքում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ծիսակարգով կայացավ 28-ամյա ճանաչված ջազային դաշնակահար, ֆոլկլորային իմպրովիզի վարպետ Տիգրան Համասյանի եւ Ելենա Պետրոսյանի պսակադրությունը։ Հարսանյաց հանդեսի հրավիրվածներին՝ հայ երաժշտարվեստի ավանդական, դասական, ջազային եւ այլ ժանրերի ճանաչված ներկայացուցիչներին, այդ թվում՝ Արուսյակ Սահակյան, Տիգրան Մանսուրյան, Լեւոն Մալխասյան եւ այլն, երեկոյան հաճելի անակնկալ էր սպասվում. նորապսակները ներկայացել էին հայկական տարազով։ Ավելին՝ ողջ երեկո հնչել է հայկական ավանդական, ազգային երաժշտություն։ Եթե փեսային ներկայացնելու հարկ չկա, ապա հարսի արվեստին «Առավոտը» ընդամենը մեկ անգամ է ականատես եղել. «Գաֆէսճեան» կենտրոնում Ելենա Պետրոսյանը ներկայացավ ժամանակակից պարի եւ մնջախաղի համադրությամբ մենաներկայացմամբ։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2015