Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ձերբազատվել հավիտենական ողբից

Օգոստոս 05,2015 14:31

Արմեն Էլբակյանի «Մենք եւ նրանք. հետաքննություն» ներկայացումը՝ Ցեղասպանության հետեւանքների ու գալիքի մասին

Էդգար Էլբակյան թատրոնում օրերս պրեմիերա էր՝ «Մենք եւ նրանք. հետաքննություն» վերնագրով: Կրկին արծարծվում էր հայկական հարցը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը… Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը բազմիցս արծարծված թեմային նոր լուծումներ էր տվել: Ներկայացումը ինտերակտիվ էր, այն սկսվեց դահլիճից, որոշ դրվագներում մասնակցում էր նաեւ հանդիսատեսը, չկային անհարկի բղավոցներ, ավելորդ պաթետիզմ, լալկանություն: Պիեսի հեղինակը Տիգրան Քելեմյանն է, իսկ Գարիկ Եվանգուլյանը հրաշալի ձեւավորում էր արել: Ըստ ներկայացման գործողությունների, հայկական մի թատերախումբ է մեկնում Թուրքիա՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության մասին թուրքական արխիվները: Առաջին հանդիպումը թուրք արխիվարիուսի հետ է, որի տատիկը պարզվում է՝ դավանափոխ հայ է եղել, սակայն տղամարդը չի կարողանում նայել իրականության աչքերին, եւ ժխտում է, որ թուրքերը կարող էին ցեղասպանություն իրականացնել: Ներկայացման մեջ ներկայացում են խաղում. թատերախումբը բեմադրում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, ապա հանդիսատեսի աչքի առաջ միահյուսվում են անցյալն ու ներկան, ու այդպիսով յուրօրինակ հետաքննության փորձ է արվում: Երդվյալ ատենակալներն էլ ընտրված են հանդիսատեսից:

nerkayacum3 nerkayacum2 nerkayacum1Թուրք արխիվարիուսին մարմնավորած Հմայակ Ադիյանը «Առավոտի» հետ զրույցում խոստովանեց, որ սկզբում մտահոգված էր, թե ինչպե՞ս է բացասական կերպար կերտելու, ավելի ուշ համոզվել է՝ արտիստի համար նորմալ է փորձել բոլոր, այդ թվում՝ բացասական կերպարները: «Ռեժիսորը շատ օգնեց ինձ խաղալ այդ դերը: Ինձ համար մեծ փորձառություն էր, եւ հետաքրքիր այնքանով, որ ներկայացման ավելի բացասական եւ ծանր մասն ընկել էր ինձ վրա. հայերի միջոցով բացահայտվում է, որ հերոսիս տատիկը հայ է, ինքն ունի հայկական արմատներ, բայց չի ուզում իր համոզմունքներից հետ կանգնել ու ամեն գնով պաշտպանում է թուրքերին»:

Դերասան Ստեփան Շահինյանի կարծիքով, Ցեղասպանության թեման երբեք չի կարող ժամանակավրեպ լինել, որովհետեւ նրա ձեւակերպմամբ. «Սա այն ներկայացումն է, այն նյութը, որ ամեն մեկիս հետ է կատարվել: Ես Կարապետ պապիս պատմություններն եմ հիշում, ինքը պատմում էր, թե ինչպես են թուրքերը տեղահանել, քշել ու սպանել մարդկանց, եւ ինչպես է պապս 42 վերքով իրեն նետել Եփրատը, որ խեղդվի ու պրծնի դժոխքից: Ու նրան մի արաբ է փրկել…»:

Սիրված դերասանուհի Աննա Էլբակյանը նշեց, որ շատ էին ուզում ներկայացմանն անպայման մասնակցի դահլիճը: Այդ մղումներով էլ ստեղծվել է իր կերպարը, որը իմաստուն հայուհու հավաքական կերպար է: «Այդ կինն ինձանից մի կտոր է… Ներկայացումն այնպես է կառուցված, որ ազդի ոչ թե հույզերի, այլ մտքի վրա: Իմիջիայլոց, հավատում եմ, որ կա մի կորիզ՝ իր մեջ մարդկայնությունը կրող, որ հաստատ մի օր կապաշխարի»,- ասում է տիկին Էլբակյանը:

Անվանի ռեժիսոր Արմեն Էլբակյանն ասում է, որ փորձել են չկրկնվել, ներկայացումը հետադարձ հայացք է 100 տարի առաջ կատարված դեպքերին, դրա համար էլ կոչվում է «Մենք եւ նրանք. հետաքննություն». «Մենք հավիտյանս հավիտենից դատապարտված ենք միասին ապրելու, եւ զուր չի ասել Նապոլեոնը, թե մարդիկ իրար հանդիպում են եւ էլի են հանդիպելու: Այնպես որ, մենք նոր հարեւանների չենք հանդիպելու, եւ ունենք այն, ինչ ունենք: Մենք այսօր պետք է հետաքննենք ոչ թե այն, ինչ եղել է, այլ այն՝ ի՞նչ պետք է անենք, ի՞նչ սպասենք մեր հարեւաններից: Հասկանալի է, որ մենք սպասում ենք իրենց ապաշխարությանը, բայց նաեւ պետք է հասկանանք, որ գուցեեւ դա տեղի չունենա, ուրեմն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ենք ապրելու այսուհետ, ի՞նչ պետք է անենք, որ կարողանանք շարունակել կողք կողքի ապրել»: Արվեստագետը պատմում է, որ տարբեր հետազոտություններ է արել, բազմաթիվ նյութեր ուսումնասիրել՝ թե Թեհլերյանի դատավարության հետ կապված, թե կարդացել ու լսել հանճարեղ մարդկանց կարծիքները: Նրա ձեւակերպմամբ, հետաքրքիր լուծում է առաջարկել Սարոյանը՝ Անդրանիկի մասին իր պատմվածքով: Էլբակյանի խոսքով, ուզենք, թե չուզենք, հարեւանը մեր կողքին է, ու պետք է խորհել՝ ինչպես է եղել, ինչպես է հիմա եւ ինչ պետք է լինի հետո: «Պերսոնաժներից մեկը՝ Աննա Էլբակյանն է խաղում այդ դերը, դիմելով երդվյալ ատենակալներին, ասում է, որ մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է մարդն այս աշխարհում ապրում, ո՞րն է ապրելու նպատակը, ինչո՞ւ մարդը մարդուն սպանելու իրավունք չունի… Կան նաեւ արդարացումներ Լեփսիուսի գրառումներով. նա ասում է՝ երբ ինչ-որ մեկի տանը մորթում են մորը, բռնաբարում են կույսին, սպանում են գենը, ապա մարդն իրավունք ունի մարդ սպանելու: Հիմա գուցե իրավաբաններն ասեն, որ դա էդպես չէ, բայց կարծեմ թե կոդեքսում էլ կա էդպիսի բան, որ երբ մարդու տուն են մտնում եւ ուզում են բռնություն գործադրել, ինքն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, խոսքը դրա մասին է»,- մեկնաբանում է ռեժիսորը: Նրա բեմադրած ներկայացման մեջ շեշտադրված է հայրենիքի գաղափարը: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք ապրում, ու որն է մեր հայրենիքը, դրա համար էլ ներկայացման մեջ հնչում են տարբեր բանաստեղծություններ՝ Սահյանի, Չարենցի եւ Շիրազի: Դրանք հնչում են որպես օտարացման դեմ էֆեկտ, որպես երգ, ոգին բարձրացնելու նպատակ ունեն, աղոթքի նման են… Հույս ունեմ, որ սեպտեմբերին, երբ ներկայացումը մտնի խաղացանկ, հանդիսատեսը դիտի այն, մենք որոշ ժամանակ անց կունենանք հետազոտություն այն մասին, թե ինչ ազդեցություն է ներկայացումն ունենում մտքի վրա: Լուծումը հենց այնպես է արված, որ ազդենք ոչ թե սրտի, այլ մտքի վրա, որովհետեւ այս թեման այնքա՛ն արծարծված է, որ կարող է վերածվել հավիտենական ողբի, այնինչ մեզ անհրաժեշտ է, որ դա վերածվի հավիտենական մտքի, ռացիոնալ վերաբերմունքի եւ ռացիոնալ մոտեցման, այս տեսակ գեղագիտական մոտեցման ենք դիմել: Շնորհակալ եմ, որ մշակույթի նախարարությունը հովանավորեց այս ներկայացումը, այլապես մեր ուժերով չէինք կարողանա: Հույս ունենք դրսում էլ խաղալ»,- ասաց Արմեն Էլբակյանը:

Հավելենք, որ ներկայացման մեջ ներգրաված են նաեւ Մեսրոպ Աբդոյանը, Շողեր Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Դավիթ Գասպարյանը, Տաթեւ Հոռոփյանը եւ ուրիշներ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31