Լրահոս
Օրվա լրահոսը

Որակյալ բանավեճ հրահրելը մասնագիտություն է

Օգոստոս 05,2015 12:00

Այլ գործերով զբաղված լրագրողը չի կարող դա անել «ձեռի հետ»

Ծաղկաձորում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին լրագրողներն ու իրավաբանները: Թեմաները մի քանիսն էին, մասնավորապես «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով լրատվամիջոցը պատասխանատու է ճանաչվում իր կայքում տեղ գտած մեկնաբանությունների համար: Քննարկմանը ներկա իրավաբանները շեշտում էին, որ թեեւ դա նախադեպ է, բայց՝ ոչ սարսափելի, որովհետեւ «Դելֆին» պարտվել է որոշակի հանգամանքներում՝ միտումնավոր եւ շահախնդրորեն չհեռացնելով «ատելության խոսք» պարունակող արտահայտությունները, եւ եթե լրատվամիջոցները դա չանեն, ամեն ինչ լավ է լինելու:

Մենք՝ լրագրողներս, այս հարցին այնքան էլ սառնասրտորեն չէինք մոտենում, որովհետեւ «միտումնավորն ու շահախնդրորենը» մեր գլխին սարքելը մեկից մեկ է, իսկ «ատելության խոսքը» բավականին սուբյեկտիվ կատեգորիա է: Ինձ, օրինակ, թվում է, որ լրատվամիջոցների կողմից «թուրք» բառը որոշակի ենթատեքստում «ատելության խոսք» է եւ իր մեջ ռասիստական տարրեր է պարունակում, բայց ինձ հետ շատերն այս հարցում համաձայն չեն: Հիշենք նաեւ, որ իշխող կուսակցության գլխավոր գաղափարախոսը կոչ էր անում պայքարել «ներքին թուրքի» (այսինքն՝ հայկական միջավայրում գործող գազանների եւ ոճրագործների) դեմ, եւ ժամանակակից Հայաստանում դրա դեմ խոսելը գրեթե նույնն է, ինչ 30-40 տարի առաջ մարքսիզմ-լենինիզմի դրույթների հետ բանավիճելը:

Մասնավորապես, 25 տարի Հայաստանում՝ սկզբում հրապարակներում ու մամուլում, իսկ այնուհետեւ՝ կայքերի ու սոցցանցերի մեկնաբանություններում իշխանությունների կամ առանձին իշխանավորների հասցեին ասվում է «թուրքից բեթար» արտահայտությունը: Պե՞տք է արդյոք այն հանել, ասենք, aravot.am կայքի մեկնաբանությունների բաժնից: Խիստ՝ «դելֆիական» չափանիշներով, ըստ երեւույթին, պետք է: Չնայած ես լինեի թուրքերի կամ իշխանավորների տեղը, չէի վիրավորվի: Մի խոսքով՝ մենք այդ «թուրքական թեմայով» մեկնաբանությունները հրապարակում ենք:

Բայց Հայաստանի դեպքում խնդիրը ոչ այնքան վիրավորական մեկնաբանությունները ջնջել-չջնջելն է: Այստեղ, իմ խորին համոզմամբ, կարելի է ի վերջո մշակել խաղի որոշակի կանոններ, եթե, իհարկե, մենք մեզ միտումնավոր անհասկացողի տեղ չդնենք: Օրինակ՝ մի քանի անգամ հանդիպել եմ դեպքերի, երբ իմ գործընկերները լրջորեն պնդում էին, որ լատինական «g» տառը՝ համակցված «7» թվի հետ, հայհոյանք չէ: Բայց երբ բոլորը հասկանում են, ինչի մասին է խոսքը՝ պայմանավորվելը, կարծում եմ, բավականին հեշտ է:

Ավելի բարդ հարց է կայքերի մեկնաբանությունների որակը եւ այն, որ մենք չենք կարողանում արդյունավետ եւ հասարակության համար շահավետ ձեւով օգտագործել այդ «ինստիտուտը», ինչի մասին վերոհիշյալ քննարկման ժամանակ արդարացիորեն խոսում էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ներկայումս իրավիճակը հետեւյալն է. կայքերի մեկնաբանություններին մասնակցում են սահմանափակ քանակով ընթերցողներ, որոնցից միայն չնչին մասին է հետաքրքրում հոդվածի բովանդակությունը: Մնացածը բաժանվում են մի քանի կատեգորիաների. 1/ սեւեռուն գաղափարներ ունեցող մարդիկ. կա, օրինակ, մեկը, որն «Առավոտի» բոլոր հրապարակումներում տեսնում է ամերիկյան իմպերիալիզմի դավադրությունները Կրեմլի դեմ, 2/ մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով իրենց պարտքն են համարում ներկայացնել իրենց կուսակցության օրակարգը՝ անկախ հոդվածի բովանդակությունից, 3/ ներկա եւ նախկին պաշտոնյաների կամ պատգամավորների (օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանի կամ Վարդան Ղուկասյանի) պաշտոնական եւ ոչ պաշտոնական «գրասենյակները», որոնք, տեսնելով լրատվամիջոցներում իրենց «շեֆերի» հասցեին որեւէ բացասական բառ, թաքնվելով կեղծանունների տակ, «արժանի հակահարվածներ» են հասցնում:

Բոլոր թվարկած մարդկանց կարծիքները հարգանքի են արժանի եւ, բնականաբար, պետք է հրապարակվեն, եթե հայհոյանքներ չեն պարունակում: Խնդիրը, սակայն, այն է, որ մենք՝ լրատվամիջոցների պատասխանատուներս, չենք կարողանում կազմակերպել գաղափարների արդյունավետ փոխանակում, որտեղ իրենց խոսքը կասեն մասնագետները եւ ընդհանրապես խնդիրների լուծման մեջ շահագրգռված մարդիկ: Հենց որ նման մարդիկ հայտնվում են, վերոհիշյալ «կոնտինգենտը» «վրա է տալիս», եւ ստացվում է, որ բանավեճի տվյալ մակարդակն իրենց համար դառնում է անհետաքրքիր, ու, նրանք, այսպես ասած, «լքում են խաղադաշտը»: (Նույնը սովորաբար կատարվում է Ֆեյսբուքում):

Գլխավոր պատճառներից մեկը, ինձ թվում է, այն է, որ հայաստանյան լրատվամիջոցներում մոդերատորները հազարումի այլ պարտականություններ ունեցող լրագրողներ են: Մինչդեռ որակյալ բանավեճ հրահրելը նույնպես արվեստ է, առաջին մասնագիտություն, որի վրա պետք է կենտրոնանալ: Վկան՝ ռուսաստանյան եւ արեւմտյան կայքերը, որոնց մեկնաբանությունները կարդալը շատ հետաքրքիր է ու օգտակար: Խոսքն այն ոլորտներին նվիրված կայքերի եւ հրապարակումների մասին է, որոնք ինձ են հետաքրքրում՝ երաժշտություն, գրականություն, պատմություն, հոգեբանություն, փիլիսոփայություն: Ինչ մնում է բուն քաղաքականությանը, ապա բոլոր երկրներում մակարդակն ու «կոնտինգենտը» մոտավորապես նույնն են: Ոլորտի առանձնահատկությունն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31