Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Իվանիշվիլի, ՀՀԿ-ն դարձնել ԽՄԿԿ»

Օգոստոս 05,2015 11:00

 

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ է պետք բարեփոխել, բացի Սահմանադրությունից

Անցումը խորհրդարանական կառավարման համակարգի սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծում միակ հարցը չէ, որը ուժեղ նախագահական համակարգի կողմնակից «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հիմք է տալիս դեմ լինել բարեփոխումներին: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցումն է՞լ Ձեզ չի գայթակղում, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումներն ինձ ընդհանրապես չեն գայթակղում, որովհետեւ նախեւառաջ դրանք ժամանակին չեն նախաձեռնված, ապա` սահմանադրական բարեփոխումները պետք է երկու կարեւոր տեսանկյունից դիտարկել: Դրանցից առաջինն ու կարեւորն այն է, թե ի՞նչ կտան սահմանադրական բարեփոխումները Հայաստանին առաջիկայում, հնարավորություն կտա՞ն ամեն հարցում խարխլված այս իրավիճակը վերականգնել, բարեփոխումներ կատարել, հետո նոր միայն խոսել առաջարկված տարբերակի բովանդակության մասին` լա՞վն է, թե՞ վատը, իշխանությունը վերարտադրվո՞ւմ է, թե՞ ոչ»: Նախագահի եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հիմնավորումները, թե այս փոփոխություններով ապահովվելու է Հայաստանի վաղվա օրը, Արամ Կարապետյանին զարմացնում են, քանզի Հայաստանի նման քաղաքական դաշտի, սոցիալ-տնտեսական կյանքի խարխուլ իրավիճակի ուղղման համար սովորաբար անցում է կատարվում ժողովրդի վստահության քվեն ստանալուն եւ ավելի պինդ համակարգի, քանզի սպասվող ռեֆորմները շատ ծանր են լինելու:

«Եթե մտածում ենք Հայաստանի մասին, ոչ թե թալանելու կամ նոր իշխանություն ձեւավորելու, ես կարծում եմ՝ այս երկու հանգամանքն էլ տեղին չէ: Հիմա Հայաստանում ամեն ինչ է պետք բարեփոխել, բացի Սահմանադրությունից` տնտեսությունը, քաղաքական կյանքը, իշխանության թալանը, արտագաղթը կանգնեցնելու միջոցառումները, բանակը, ոստիկանությունը, դատական համակարգը, լրագրողական դաշտը եւ այլն: Չի կարելի բարեփոխել մի բան, որը առհասարակ չի գործում»,- ասաց նա: Դիտարկմանը, որ տարբեր չինովնիկներ` նախագահից սկսած, հավաստիացնում են, որ այս փոփոխությունների նպատակը հենց թվարկված ոլորտների բարեփոխումներն են` չե՞ք վստահում, Արամ Կարապետյանն ասաց, որ հարցը վստահել-չվստահելը չէ, քանզի նախագծի հրապարակված գլուխներում արդեն իսկ քաղաքագիտական առումով բազմաթիվ անհեթեթություններ են գրված. «Դուք ինձ կարո՞ղ եք ասել, թե երկփուլ ընտրական համակարգով Հայաստանի տնտեսությունը, սոցիալական կյանքն ինչո՞վ են բարեփոխվում: Կամ երբ գրել են, որ արտակարգ դեպքերում կարելի է մարդուն կյանքից զրկել, այսինքն՝ միտինգի ժամանակ առաջ մարդուն կրակում-սպանում էին առանց Սահմանադրության, հիմա Սահմանադրությա՞մբ: Ընտրիչների հանձնաժողովը կտրիչ նախագահ է ընտրում… ուղղակի ժողովրդի քվեով Հայաստանում ոչ մի պաշտոնավարող մարդ էլ չի լինելու: Այսինքն՝ ի՞նչ ենք ուզում, ուզում ենք դառնալ րՑՈՊՏ ոՈՐՈվՏՉ: Էլ չեմ ասում անկայունությունը, պատերազմող իրավիճակում ուժայինների դերի բարձրացումն այդքան պե՞տք է, թե՞ ոչ, պատերազմող իրավիճակում զինված ուժերի կառավարման անհասկանալի համակարգի ներդրումը»:

Մեր զրուցակիցն ուշագրավ հանգամանք է համարում այն, որ Վենետիկի հանձնաժողովը եւս երկփուլ ընտրական համակարգի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել:

Հակադարձելով մեր այն դիտարկմանը, որ ընդդիմադիրներն անհատ-անհատ բացասական կարծիքներ են հայտնում, բայց համակարգված պայքար տանելու նշաններ չեն երեւում, Արամ Կարապետյանն ասաց, որ դա պետք է սպասել ավելի ուշ, երբ ամբողջական տեքստը կհրապարակվի. «Ինչի՞ մասին խոսենք, երբ մինչեւ վերջ հրապարակված չի: Ես դեմ եմ, որ ընդհանրապես չանդրադառնանք սահմանադրական բարեփոխումներին կամ բոյկոտենք, դրա դեմ կատաղի պայքար է պետք տանել, եւ կարծում եմ՝ այդպես էլ լինելու է: Բայց նաեւ պետք չէ այնքան շեղվել առօրյա օրակարգից, ինչքան ուզում են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Ինչ-որ տեղ Հայաստանի այսօրվա կյանքի համար սա կեղծ օրակարգ է»: Սահմանադրական բարեփոխումների այժմ անցկացման միակ մոտիվացիան, ըստ մեր զրուցակցի, երեքն են. «Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Իվանիշվիլի, ՀՀԿ-ն դարձնել ԽՄԿԿ: Կեղծ օրակարգը եւ այն խոստումները, որոնք Սերժ Սարգսյանը տվել է ժամանակին արտաքին խաղացողներին ու ձեռքն ընկել է կրակը»:

Մեր հարցին` կհաջողի՞, մեղմ ասած, այդքան էլ լավ վիճակում չգտնվող հայաստանյան ընդդիմությանը հակազդել իշխանության նկրտումներին, Արամ Կարապետյանը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ կապ ունի ընդդիմությունը: Հայաստանում իշխանությանն արդեն հակազդում է ժողովուրդը: Ժամանակին ես ասել եմ` ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանությունը դեմ առ դեմ մնա հասարակության հետ. չէ՞ որ իրենք ասում են, թե ժողովրդի քվեն ստացել են, ժողովրդական կառավարման մանդատ ունեն: Բա որ ունեք, «Ես Վովա Գասպարյանն եմ» ասելով՝ դուբինկա ու ջրցան մեքենա ի՞նչ եք կիրառում: Էդ ժողովուրդը ձեզ պիտի պաչի ու դնի գլխին` ձեր քվեների քանակով, բայց երբ Հանրապետության հրապարակով անցնում ես, ամեն օր կառավարությունը գրոհի տակ է` ինչ-որ բազմություն հավաքված ինչ-որ բողոք ունի: Դուք տեսե՞լ եք մի դեպք, որ մարդ ինքն իր դեմ համակարգված պայքարի, բայց Հայաստանում օլիգարխների կառավարությունը համակարգված պայքարում է կաշառակերության ու կոռուպցիայի դեմ: Կեղծ օրակարգից դուրս Սերժ Սարգսյանին հարցնում եմ` Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ գլխից բռնողներն էդպես էլ «գլխից չբռնեցին»: Դիտարկմանը` գուցե դեռ կբռնեն, մեր զրուցակիցը հակադարձեց. «Դե, այն ժամանակ էլ թող սահմանադրական բարեփոխումներով գան: Իսկ հիմա թող մեզ չշեղեն հիմնական գծից: Ո՞րն է ապագայում առավել ձեռնտու Հայաստանին` ուժեղ նախագահը՝ մասնագիտացված կառավարությա՞մբ, թե՞ թալանչիների մի նոր խումբ»:

Նա համաձայն չէ այն պնդման հետ, որ եթե ուժեղ նախագահն էլ եղավ թալանչիների խմբից, միեւնույն է՝ ոչինչ էլ չի փոխվի. «Եթե մարդիկ ժամանակին կարդացած լինեին տարբեր քաղաքագիտական գրքեր, այդ թվում նաեւ Վ. Ի. Լենինի` «Անհատի դերը պատմության մեջ», Տրոցկու` 1932-1934 թվականներին հրապարակված հոդվածները եւ շատ այլ փիլիսոփաների աշխատությունները, կհասկանային անհատի դերը նմանատիպ պետություններում: Աշխարհում, ի վերջո, անհատներն ու խմբերն են շարժում քաղաքական ու գիտական դաշտը, ոչ թե կոլեկտիվները»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել