Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Բաղամյան. «Ինչ այսօր ցանում ենք այստեղ, վաղը լավ հունձ պետք է ստանանք»

Օգոստոս 05,2015 16:37

Երուսաղեմի հայկական համայնքը  2003 թվականից ի վեր 4-րդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին, բայց այս տարի առաջին անգամ է Երեւան ժամանել բավականին մեծ թիմով: Պատվիրակությունը 54 հոգի է. չորսը՝ հանձնախմբի անդամներ: Մասնակցելու են ֆուտբոլ, թենիս, լող, շախմատ, բազկամարտ, սեղանի թենիս եւ աթլետիկա մարզաձեւերում:

Համահայկական 6-րդ խաղերի Երուսաղեմյան հանձնախմբի ատենապետ Հարութ Բաղամյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Երուսաղեմի փոքր համայնքի համար սա շատ մեծ ու կարեւոր իրադարձություն է:

Համայնքի տարբեր խավերը եւ կազմակերպությունները միանում եւ կազմակերպում են խումբը՝ Երուսաղեմի դրոշը Համահայկական խաղերում բարձրացնելու համար: Բացի դա, երիտասարդությունը գալիս՝ ծանոթանում է Հայաստանին, շփվում տեղացիների եւ աշխարհասփյուռ հայերի հետ, խոսում հայերեն, ճանաչում հայրենիքը, այցելում շատ վայրեր: Ստեղծվում են նոր կամուրջներ, նոր հարաբերություններ: Սա է Համահայկական խաղերի գլխավոր նպատակը, որն իրագործվում է սպորտի հովանոցի ներքո: Սպորտի միջոցով աշխարհի հայությունը մեկտեղել: Սա արդեն ինքնին մեծ հաջողություն է նախքան Խաղերին մասնակցելը: Կարծեմ՝ Հայաստանի կառավարությունը եւ բոլոր կազմակերպությունները բացարձակ գնահատում են եղածը: Դրա համար Երուսաղեմի հայկական համայնքը շատ մեծ կարեւորություն է տալիս Համահայկական խաղերին: Այս տարի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք ամեն բան արեցինք, մեծ ջանքեր թափեցինք, որ գաղութի երիտասարդության 2/4-ն այսօր ներկա գտնվի Հայաստանում: Երուսաղեմի գաղութը մոտ 1500 հոգի է, որոնցից 250-ն են երիտասարդ: Եվ սա մեզ համար մեծ հաջողություն եւ ուրախություն է,- ասաց Հարութ Բաղամյանը:

– Ձեր ղեկավարած պատվիրակության կազմում կա՞ն երիտասարդներ, որոնք առաջին անգամ են գալիս հայրենիք:

– Այո: Միշտ էլ լինում են այդպիսի երիտասարդներ: Այսպես մենք նրանց առջեւ նոր դուռ ենք բացում, ներկայացնում հայկական ամբողջ իրականությունը, որը ինչ-որ գրքի մեջ տեսած նկար չէ, ոչ էլ ասմունքի մեջ ասված բառ: Եվ սա նրանց վրա շատ մեծ տպավորություն է գործում: Շատերի կյանքն է փոխվել: Երիտասարդներ ունեինք, որոնք բնավ կտրված էին հայությունից, բնավ հայերեն չէին խոսում: Եվ նրանք, ովքեր արդեն եկել են, կերել հայկական հացը, խմել ջուրը, վերածնվել են որպես հայեր: Նրանք ամուսնանում են, կազմում հայ տուն, հայ օջախ, ունենում հայ զավակներ: Ես մեծ հպարտություն եմ զգում դրա համար: Վստահ եմ՝ ինչ այսօր ցանում ենք այստեղ, վաղը լավ հունձ պիտի ստանանք:

– Դուք բնակվում եք Հայաստանից դուրս: Այդքան ուժե՞ղ է Հայաստանի ձգող ուժը:

Մենք եւ, համոզված եմ, ամբողջ Սփյուռքը, Հայաստան գալով մեզ մեկ ենք զգում, այստեղ է, որ հայի ուժը եւ միասնականությունը երեւան է գալիս:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Հարութ Բաղամյանը նաեւ նշեց, որ այս տարի Երուսաղեմի պատվիրակությանն ամբողջությամբ հովանավորել է Պաղեստինի բանկը, որը հայկական գաղութի ճանապարհով ցանկանում է Հայաստան երկրի հետ նոր կամուրջներ հիմնել: Սա է նրանց մոտեցումը: Դրա համար քաջալերում են սպորտը Երուսաղեմում տարբեր համայնքների մեջ: Նրանք հատուկ ուշադրություն են ցուցաբերել Հայաստան մեկնող Երուսաղեմի հանձնախմբին եւ ցանկացել այս ճանապարհով Պաղեստինի եւ Հայաստանի միջեւ կապ գտնել:

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31