Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերօրյա անդրադարձ հայկական տարազին

Օգոստոս 05,2015 15:31

Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայտնի կենտրոններն էլ՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Կիլիկիան, Սյունիք-Արցախը առանձնանում են զարդաձեւերի, գունային համադրության եւ ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված ինքնատիպ զարդանկարներն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք 14-րդ դարի փիլիսոփա Գրիգոր Տաթեւացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սեւությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը եւ հրո դեղինը։ Ծիրանին, օրինակ, խորհրդանշում է խոհեմություն, կարմիրը՝ արիություն, կապույտը՝ արդարություն, սպիտակը՝ մաքրություն։

Հայկական տարազի այս հակիրճ պատմությունն ու բնութագրումը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց ռեժիսոր-սցենարիստ Սոնա Տոնականյանը, որն իր հեղինակած «Հայկական շրջանակ» նախագծի առաջին միջոցառումը կիրականացնի օգոստոսի 12-ին Հովհ. Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում՝ «Տարազը որպես էթնո-մշակութային դիմագիծ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթով։ Սոնա Տոնականյանը իբրեւ ռեժիսոր-սցենարիստ միայն անցյալ տարի իրականացրել է տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ներկայացրել է հայ կինեմատոգրաֆի «Ոսկե ժապավեն» ընտրանին, նկարահանել է «Ծխացող արշալույսներ» վավերագրական ֆիլմը, իսկ «Ջուր ծախող տղայի մեկ օրը» խաղարկային ֆիլմը հաղթող է ճանաչվել «Կինոաշուն» մրցույթում։

taraz3 taraz 1Անդրադառնալով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթին եւ պատասխանելով մեր հարցին, թե մինչ օրս թեեւ հայկական տարազների մասին հրատարակված ալբոմներ կան, բազմաթիվ նյութեր, այդուհանդերձ, մշտապես հնչում են իրարամերժ կարծիքներ, երիտասարդ արվեստագետը հայտնեց, թե ցուցահանդես-մրցույթի նախապատրաստական փուլում իրենք (նկատի ունի թիմը, որը բաղկացած է 40 հոգուց) խորհրդակցել են մասնագետների, այդ թվում՝ դիզայներների, տեսաբանների հետ, օգտվել տարազին վերաբերող տարատեսակ գրականությունից. «Տարազը ազգային ինքնակարի լայն շրջանակ է, հասարակության մեջ մինչ օրս ձեւավորված է հագուստով դատել դիմացինի դիրքորոշումը։ Ներկայացնելով տարազը՝ հայկական տարբեր թեմաներով, նպատակ ունենք ներկայանալի դարձնելու երբեմնի ազգային ինքնակարի մասը, այն գործողությունները, որ կատարել են հայ կինը կամ տղամարդը՝ տարազը հագին»։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք տարազը ներկայացնել հենց լուսանկարչական արվեստի միջոցով, Սոնա Տոնականյանը հայտնեց, թե ազգային լուսանկարչության միջոցով գնահատելը դարձել է անհրաժեշտություն, հետո էլ մանրամասնեց. «Նպատակ ունենք հայտնաբերել նոր լուսանկարիչների, մյուս կողմից՝ ցանկություն ունենք նաեւ ներկայացնելու հագուստի երիտասարդ մոդելավորող-դիզայներների ազգային զարդանախշերով աշխատանքները, եւ հետո այս ամենը համեմել ազգային երգ ու պարով, գերագույն նպատակ է ճանաչելի դարձնել մեր ազգային մշակույթը»։ Հավելեց նաեւ, թե հաջողության դեպքում կընդլայնեն նախագծի ձեւաչափը՝ ընդհուպ մինչեւ տարազի փառատոնի կազմակերպում՝ Հայաստանի մարզերում եւ արտերկրում, տպագրել հայկական տարազը ներկայացնող ալբոմ, որտեղ կլինեն թե՛ մրցույթի մասնակից լուսանկարիչների ֆոտոշարքերը, թե՛ հայկական տարազի վերաբերյալ տեղեկատվություն եւ պատմական ակնարկներ՝ պատրաստված մասնագետների կողմից։

Ժյուրիի անդամների անունները մեր զրուցակիցը չհրապարակեց, միայն նշեց, որ տարազների լավագույն աշխատանքները երեք օր կներկայացվեն Ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում, ապա՝ մարզերում եւ Արցախում։ Հարցին, թե քանի՞ լուսանկարիչ կմասնակցի մրցույթին, Սոնա Տոնականյանը պատասխանեց, որ նախնական փուլից հետո ընտրվել է 15 լուսանկարիչ, որոնք էլ կներկայացնեն իրենց աշխատանքները։ Դիտարկմանը՝ հավանաբար կհնչեն ինչ-ինչ տարաձայնություններ, մեր զրուցակիցն ասաց, որ իրենք պատրաստ են դրան, այդ նպատակով կհրավիրվի գիտաժողով, որտեղ մասնագետները հանդես կգան հայկական տարազի թեմայով զեկուցումներով եւ սպառիչ պատասխան կտրվի տարազին առնչվող ցանկացած հարցի։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31