Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը, որին այս հիվանդանոց էին տեղափոխել Գյումրիից հուլիսի 31-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ երիտասարդ կնոջը հուլիսի 28-ին տարել են Գյումրու ծննդատուն, որտեղ հետազոտել են, հրավիրել են էնդոկրինոլոգի ու կարդիոլոգի, նկատել են, որ նրա մոտ սրտի խնդիրներ կան:
Նրան ուղարկել են մայրաքաղաք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունն էլ մեքենա է տրամադրել ու շատ արագ կազմակերպել է հղի կնոջը Երեւան տեղափոխելու հարցը: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետին հասած տվյալների, ախտորոշել են սրտի սեպտիկ էնդոկարդիտ: Նրան այս բուժհաստատությունից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պտուղը հեռացել են՝ կնոջ կյանքը փրկելու համար, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, Գյումրու ծննդատանը կինը մնացել է մի քանի ժամ, այստեղ բավական օպերատիվ են գործել, արագ կողմնորոշվել են, որից հետո մարզպետարանը կազմակերպել է ծննդկանի մայրաքաղաք տեղափոխվելը:
Ըստ վարչության պետի,այս հիվանդությունը բավական վտանգավոր է, նման հիվանդությամբ, եթե անգամ սպորտսմենը տառապի, հաղթահարել չի լինի: Ըստ նրա, խոսքը այնպիսի մի հիվանդության մասին է, որի դեպքում անգամ սրտապարկն է բորբոքվում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ