Գյումրիում եւ Սյունիքի մարզում հաճախ են հնչում կրակոցներ: Ինչի՞ հետ է դա կապված: Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես, եթե խոսում ենք կրիմինալի մասին, եթե ուսումնասիրում ենք տեղեկատվությունը, ոստիկանությունը ամեն տարեվերջին հաշվետվություն է ներկայացնում: Եթե այդ թվերը նայեք՝ կտեսնեք, որ այդպես չէ: Ես ուսումնասիրել եմ, այդ թվերին լավ տեղյակ եմ: Եթե վերցնենք կրիմինալի ցուցանիշները, կրիմինալն ամենամեծը Երեւանում է: Իհարկե, Երեւանը մեծ է, բայց մենք տոկոսային հարաբերություններն ենք վերցնում, ոչ թե ըստ բնակչության:
Սյունիքը 5-6-րդ տեղն է, ես ձեզ պարզ ասեմ: Սյունիքում կրիմինալի մասին հնչեղություն են տալիս, ով ինչպես կարողանում է: Բայց վիճակագրական տվյալներով, ըստ ՀՀ գլխավոր ոստիկանապետի ներկայացրած հաշվետվության, Սյունիքը անցյալ տարի 5-րդ տեղն էր, դրանից առաջ՝ 6-րդ տեղը: Այնպես որ, Սյունիքին չի կարելի այդպես նայել: Սյունեցիները հյուրասեր, լավ ժողովուրդ են, ընդհանրապես, իրենց հետ կենսագրություն ունեն: Այ, որ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին ասել է, Նժդեհն էլ, բոլորն էլ ասել են, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է: Սյունեցիները փառքով են կարողացել գործել պատերազմի տարիներին: Չես կարող կենսագրությունը թաքցնել»:
Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նիստերից մեկի ժամանակ ամոթանք տվեց կառավարությանը, որ 4 անգամ դատապարտված մեկը՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է նշանակվել: Այդ առնչությամբ Արմեն Կարապետյանն ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ ընդհանրապես: Ես դրա մասին տեղյակ չեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ