Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքը եւս երկու ամսով կերկարաձգվի։ Գործը հունիսին հանձնվել է հայկական կողմին, բայց Պերմյակովի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքների հարցով ՀՀ դատարանը վճիռ չի կայացնելու։ Վալերի Պերմյակովի գործից մաս է անջատվել եւ ռազմաբազան լքելու փաստով գործը քննելու է Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանը։
Սպանության գործի քննությունն էլ, թեեւ հանձնվել է հայկական կողմին, սակայն Պերմյակովը շարունակում է գտնվել ռուս իրավապահների հսկողության տակ։
«Հանցագործության հետ կապված բազմաթիվ փաստեր են ոչնչացվել, եթե Պերմյակովն է կրակել, Պերմյակովի վրա պետք է կրակոցների արգասիքների հետքերը հայտնաբերվեին հենց սկզբից»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Թեեւ մոտ երկու ամիս է, գործը հանձնված է հայկական կողմին, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նյութերին ծանոթ չեն։ Գործի 9 հատորները դեռ չեն թարգմանվել հայերեն։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը որոշ նկատառումներ արդեն ունի. «Այն, որ վարույթը փոխանցվել է հայկական կողմին, դեռեւս չի նշանակում, որ լիարժեք հնարավոր է վերացնել այն բացերը, որը չէր լինի, եթե ի սկզբանե Պերմյակովը լիներ հայկական կողմում»։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում