Հուլիսի վերջին օրը Քաշաթաղի շրջանի հարավային համայնքներում և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում (ՊՊՖ) ամբողջությամբ ավարտին հասցվեց հացահատիկի բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ հուլիսի 30-ին նշված տարածքներում 8 կոմբայններ ընդհանուր հնձել են 40հա հաճար: Ստացվել է 88տ բերք՝ միջինը 22ց/հա բերքատվությամբ: Ցորենի և գարու հունձ չի իրականացվել: Ընդհանուր շրջանում օգոստոսի 4-ի դրությամբ կատարվել է 13050հա հացահատիկի հունձ. որից ցորեն՝ 4453հա, գարի՝ 7131հա և հաճար՝ 1466հա:
Ընդհանուր ստացվել է 37477տ բերք՝ 28,7ց/հա միջին բերքատվությամբ: Ամբարվել է 12991տ ցորեն՝ 29,2ց/հա բերքատվությամբ, գարի՝ 20538տ (29,8ց/հա) և հաճար՝ 3947տ(26,9ց/հա): Շրջանի հյուսիսային 3 համայնքներում՝ Լեռնահովիտ, Հակ և Մոշաթաղ, կատարվել է 448հա հացահատիկի, հիմնականում՝ հաճարի գարնանացան: Երաշտի պատճառով այս տարածքներում բարձր բերքատվություն չի սպասվում: Նշված ցանքատարածքներում դեռևս հունձ չի կատարվում: Առայժմ տարածքի բնակիչներն զբաղված են անասնակերի կուտակման աշխատանքներով: Հարավային համայնքներում արդեն նախապատրաստվում են աշնանացանի աշխատանքներին:
Համայնքային և ՊՊՖ հողատարածքներում ընդհանուր կատարվել է 2500 հեկտարից ավելի հերկ: Հողի չոր լինելը որոշակի դժվարություններ է առաջացնում: Բացի հացահատիկային մշակաբույսերից, շրջանում կատարվել և կատարվում է նաև բանջարաբոստանային բույսերի, մրգի, հատապտղի և այլ պարենամթերքի բերքահավաքն ու իրացումը: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ 27 համայնքներում, այդ թվում նաև հյուսիսային, հավաքել են ընդհանուր մոտ 55տ բանջարաբոստանային մշակաբույս: 6 համայնքում ձմերուկի ընդհանուր բերքը կազմել է 185տ:
Կարդացեք նաև
Ամենաշատը՝ 55տ, ձմերուկ հավաքել են Վանի գյուղական համայնքում, երկրորդը Կովսականի քաղաքային համայնքն է՝ 50 տոննայով: 35տ ձմերուկ իրացրել են Երիցվանքի գյուղական համայնքում, 20տ՝ Միջնավանի քաղաքային համայնքում, 15տ՝ Մուշի և 10տ՝ Մամարքի գյուղական համայնքներում: Այս ամռանը լավ էր նաև թթի բերքատվությունը. 36 համայնքներում ընդհանուր հավաքվել է 160տ թութ: Ամենաշատը՝ 50տ թութ հավաքել են Ծաղկաբերդի գյուղական համայնքում, 28տ՝ Բերձորի քաղաքային համայնքում: Միջնավանի քաղաքային համայնքը երրորդն է 20 տոննայով:
Արդեն սկսվել է մրգի բերքահավաքը: Շրջանի 5 համայնքներում (Կովսական-2տ, Երիցվանք-5տ, Աղաձոր-3տ, Վան-1տ և Մուշ-0,5տ) ընդհանուր հավաքվել է 11,5 տ միրգ(տարբեր տեսակի): Բայց մրգի իսկական բերքահավաքն սկսվելու է աշնանը:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ