Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի երկինքն ուղղակի իմաստով բաց կմնա, բյուջեն էլ` դատարկ»

Օգոստոս 04,2015 17:03

Ինչու են հեռանում ավիաընկերությունները Հայաստանից

Այս օրերին էլ Եգիպտոսի հանգստավայրեր մեկնող մեր հայրենակիցները մեծով փոքրով բռնում են Վրաստանի ճանապարհը, քանի որ, հատկապես, եթե ընտանիքով են հանգստի մեկնում, մի քանի անգամ էժան է նստում տուրիստական փաթեթը, երբ դեպի Եգիպտոս թռիչքը Թբիլիսիի օդանավակայանից է լինում:

Զբոսաշրջային փաթեթները, ճիշտ է, զբոսաշրջիկները ձեռք են բերում հայկական տուրօպերատորներից, սակայն նրանք գրեթե բոլորն էլ առաջարկում են թռիչքը Թբիլիիսից: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին մի քանի տուրընկերություններից:
Նույնիսկ 6 ժամ ճանապարհ կտրելով ու մի քանի ժամ օդանավակայանում սպասելով՝ մարդիկ, միեւնույն է, շահած են դուրս գալիս:

Փոխարենը կորցնում է մեր պետությունը եւ այն հարկերը, որոնք կարող էին գնալ մեր երկրի բյուջե, գնում են Վրաստանի գրպանը: Եգիպտոսը միակ երկիրը չէ, դեպի ուր մեր հայրենակիցները թռիչքը կատարում են Թբիլիսիից:

Տուրօպերատորների վկայությամբ, մարդիկ կան, որոնք Բուլղարիա, Իտալիա, Հունաստան, կամ եվրոպական այլ երկրներ, նույնպես Վրաստանից են մեկնում եւ ամեն ավիատոմսի մեջ պատահում է, որ 100-150 եվրո շահում են:
2-3 տարի առաջ ՀՀ կառավարության կողմից Հայաստանի երկինքը բացելու քայլը դեռեւս չէր նշանակում ավիաընկերություններին գրկաբաց ընդունել:

Մեր զրուցակիցը, որը աշխատել է ավիացիայում եւ փայլուն պատկերացում ունի  ոլորտից, վստահեցնում է, որ, եթե այսպես շարունակվի, միջազգային կարգի եւ հեղինակություն ունեցող ոչ մի ավիաընկերություն էլ Հայաստանում չի մնա` հաշվի առնելով այն «պայմանները», որոնք, կոպիտ ասած, նրանց «վզին դրվում են»:

Ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայկական կողմը պարտադիր կերպով ավիաընկերությունների բիզնեսում «փայ» է մտնում, այն էլ ոչ թե 5 կամ 10 տոկոս, այլ մեծ մասնաբաժիններ, որից հիասթափվելով էլ ավիաընկերությունները լքում են մեր երկիրը` չցանկանալով եկամուտների այդքան բաժինը հենց այնպես կիսվել:

Ըստ նույն աղբյուրի, սա բավականին եկամտաբեր բիզնես է, եւ ավիաընկերություների հեռանալու պատճառը ոչ այնքան մեր օդանավակայանի` օդանավերին սպասարկելու բարձր սակագներն են, որոնք հավասարեցված են միջազգային այլ օդանավակայանների գներին, որքան «նալոգ» չվճարելու ցանկությունը:
Բոլորովին վերջերս մեր երկրից հեռացան մի քանի խոշոր ավիաընկերություններ` «Չեխական ավիաուղիներ»-ը, արաբական «Էթիհադ»-ը, լեհական «Լոթ» ավիաընկերությունը, ամիսներ առաջ էլ խոսք էր գնում նաեւ «Ավստրիական ավիաուղիների» հեռանալու մասին, սակայն այս ավիաընկերությունը դեռեւս անխափան աշխատում է, սակայն, ըստ մեր զրուցակցի, եթե քաղավիացիայի ոլորտի պատասխանատուները, կառավարությունը չփորձեն քայլեր ձեռնարկել, ապա երկրի ամենամեծ պոտենցիալ ունեցող ոլորտներից մեկը կոչնչանա, «եւ Հայաստանի երկինքն ուղղակի իմաստով բաց կմնա, բյուջեն էլ` դատարկ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31