Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրությունը: Այն 2009 թ. հրատարակության լրամշակված ու նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօր ներկայացվեց հանրությանը:
Գրքում առաջին անգամ ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության և սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Այսպիսով՝ լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:
«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսի հետ մեկտեղ՝ տեղի ունեցավ նաև համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը: Ներկայացված են բացառիկ նյութեր ու լուսանկարներ: Ցուցադրությունը բաղկացած է 12 խորագրից՝ ներառելով 600 լուսանկար, որոնք վերաբերում են 1900-1923 թթ. մարմնակրթական շարժմանն Օսմանյան կայսրությունում:
Հայկ Դեմոյանը նշեց, որ իրենց ուշադրությունն այս թեմայի վրա բևեռել է պատահականությունը, երբ անվանի մարզիկ ու լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի որդի Պատրիս Ճոլոլյանը որոշել է ունեցած բոլոր լուսանկարներն ու նյութերը նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Կարդացեք նաև
«Ես որոշեցի հորս ողջ հավաքածուն նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանին, որպեսզի ապագա սերունդներն իմանան, թե ինչպիսին է եղել իրենց նախնիների կյանքը և ինչպես են նրանք ապրել Օսմանյան կայսրությունում»,- ասաց Պատրիս Ճոլոլյանը:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ