Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շուրջ 20 փաստաբաններ ստեղծել են խումբ, որի նպատակն է հանրությանը տեղեկացնել նոր Սահմանադրության թերությունների մասին: Aravot.am-ի հարցին Վենետիկի հանձնաժողովի գնահատականը այս անգամ ե՞ւս իշխանությունները, ինչպես նախկինում՝ քաղաքական ուժերի համաձայնության պահանջի դեպքում, կանտեսեն, խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը պատասխանեց. «Սա խմբի համար յոթերորդ-ութերորդական հարց է: Խմբի նպատակն է ցույց տալ հանրությանը, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Վենետիկի հանձնաժողովի հարցադրումները վերաբերում են Սահմանադրության բովանդակությանը, իսկ դրանք քննարկել, կնշանակի մտնել բովանդակային քննարկման, մեջ, ինչը մենք չենք ցանկանում անել: Մեր նպատակն է ցույց տալ թերությունները»:
Փաստաբան Տիգրան Եգորյանը հավելեց. «Մեր խնդիրն է լինելու ցույց տալ, որ բոլոր այդ փոփոխությունները ոչ միայն վտանգավոր են, այլև անիմաստ, քանի որ չկա գեթ մեկ խնդիր, որը ծառացած է ՀՀ-ի առջև և հնարավոր չէ լուծել այսօրվա սահմանադրական կարգավորումներով»:
Գևորգ Գյոզալյանը չի հավատում, թե որևէ ուժի ազնիվ մղումներն են, որ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումները: Մեր այն հստակեցմանը՝ փաստորեն այս հարցում Հանրապետական կուսակցությո՞ւնն է շահ հետապնդում, պարոն Գյոզալյանն արձագանքեց. «Դա ՀՀԿ-ի սուբյեկտիվ շահն է, քանի որ այս պահի դրությամբ ՀՀԿ-ն է իշխանության գլուխ: Ու վտանգ կա, որ ՀՀԿ-ն կարող է դարերով իշխել: Եվ եթե 2005-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ իրավահաջորդի խնդիր կար՝ պարզ էր, որ Սերժ Սարգսյանն է դառնալու նախագահ, այժմ իրավահաջորդի խնդիր չկա»:
Մեր հստակեցմանը՝ փաստորեն ՀՀԿ-ն այս փոփոխություններով նաև իրավահաջորդի խնդի՞ր է լուծում, պարոն Գյոզալյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այսօր ՀՀԿ-ն իշխանություն ունի, ակնհայտ է, որ ՀՀԿ-ից առնվազն Սերժ Սարգսյանն է նախաձեռնել այս սահմանադրական փոփոխությունները ու մինչ այդ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն ներքևից չկար, չկար հասարակական պահանջ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ