Հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ Սերժ Սարգսյանը ՊՆ նախկին խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին երեկ նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով։ Armlur.am-ը նշվածի առնչությամբ զրուցեց Ս. Շահսուվարյանի հետ։
– Պարոն Շահսուվարյան, ինչո՞ւ որոշեցիք ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը եւ դառնալ ԿԸՀ անդամ։
– Ես պաշտպանության նախարարությունում 20 տարի ծառայել եմ ու օրինական կարգով անցել եմ թոշակի։ Մինչեւ բանակ գալը, ես 23 տարի բախտ եմ ունեցել աշխատել շրջանում՝ լինելով շրջանային կուլտուրայի տան տնօրեն։ Եթե գիտեք, այն տարիներին բոլոր ընտրությունները կազմակերպվում եւ անց էին կացվում կուլտուրայի տներում։ Ես, լինելով այդ հիմնարկի ղեկավարը, անցնում էի այդ հանձնաժողովներով որպես անդամ, նույնիսկ՝ նախագահ։ Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մեջ ես բավականին մեծ փորձ ունեմ։ Այնպես որ, հենց այնպես չէ, որ ես համաձայնեցի։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանն ինձ հետ զրուցում էր, նա դա նկատի ուներ, եւ իրեն հետաքրքրում էր՝ ես մոռացե՞լ եմ այդ ամենը, թե՞ ոչ։ Բնականաբար՝ ոչ, ոնց կար, այդպես էլ մնացել է։ Դա էր հիմնական առիթը, որ համաձայնեցի ու գնացի այդ աշխատանքին։
– Պարոն Շահսուվաոյան, Դուք 20 տարի զինվորական եք եղել եւ հրաման կատարող։ Հիմա հոգեբանորեն դժվար չէ՞ լինել, այսպես ասած, թելադրողի դերում։ Թե՞ կշարունակեք հրաման կատարողի կարգավիճակում մնալ։
Կարդացեք նաև
– Դուք մոռանում եք՝ ես ով եմ եղել։ Ես ջութակահար եմ, հետո ռեժիսոր, հետո մանկավարժ, աշխատել եմ համալսարանում։ Հիմա էլ դասավանդում եմ մանկավարժական համալսարանում, կուրս եմ ղեկավարում։ Ես կառավարությունում էլ եմ աշխատել։ Զինվորական լինելը պայմանավորված էր երկրի վիճակով։ Ես բանակ գնացել եմ առանց մտածելու, որ հետագայում կարող եմ գնդապետ դառնալ։ Այն ժամանակ բոլորս գնում էինք, որովհետեւ հայրենիքին զինվոր էր պետք։ Այնպես ստացվեց, որ ժամանակավորապես գնացի բանակ, եւ ժամանակավորապեսը մի քիչ երկարեց՝ 20 տարի։ Ես բանակ եմ գնացել հեռուստատեսությունից։ Հիմա նորից քաղաքացիական կյանքի եմ վերադարձել։ Ես Ձեր իմացած զինվորականներից չեմ եղել, որ բացարձակ զինվորական են:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ