Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Անուշ Սեդրակյանին. «Ի՜նչ ուրախալի բաներ եք ասում, նենց հաճույքով եք ասում, որ ՌԴ-ն քայքայվում է»

Օգոստոս 04,2015 13:32

«Իրանի հետ մեր հարաբերությունները միշտ պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա: Իրանում հայ համայնքն ունի առավելագույն արտոնությունները: Երբ ասում են այնտեղ ժողովրդավարություն չկա, թող գնան տեսնեն այնտեղի ժողովրդավարությունը, թե ինչ առավելություններ ունեն ազգային փոքրամասնությունները: Իրենց թույլ են տալիս ազգային ինքնությունը պահպանել: Իրանը ՀՀ-ի հետ պատրաստ է ունենալ ամենալավ հարաբերությունները, որովհետեւ մենք իր համար պատուհան ենք՝ դեպի Եվրոպա»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով Իրան-Հայաստան հարաբերությունների մասին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված Արամ Սարգսյան ասաց, որ եթե 1998-ից մենք դա անեինք, որոշ արտաքին ուժերի ազդեցությանը չտրվեինք, կունենայինք հիմա. «Ես այն ժամանակ եղել եմ նախագահի խորհրդական արտաքին հարաբերությունների, կարող եմ ասել, թե ով դա խոչընդոտեց: Դա եղավ Անգլիայի դեսպանը, որը եկավ ինձ մոտ եւ ասաց, որ թող ճանապարհը լինի Ստամբուլով, ոչ թե Աբխազիայով: Դա եղավ հիմնական պատճառը, որ մեզ փորձեցին կտրել: Մենք էլ ասեցինք, որ մենք պատրաստ կլինենք ե՛ւ Ստամբուլով, եւ Աբխազիայով ունենալ ճանապարհը, բայց եթե պիտի հայտնվենք թուրքական պարտքի մեջ, այսինքն, Թուրքիան եւ Ադրբեջանը երբ ուզենան, մեզ նորից դնեն շրջափակման մեջ՝ մենք դրան համաձայն չենք»:

Արամ Սարգսյանն  ասաց, որ հիմա աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ են, որ դժվար է կանխագուշակել, թե ինչով դրանք կավարտվեն. «Հիմա Թուրքիայում, Սիրիայում եւ Իրաքում ինչ կատարվում է, ինձ թվում է տեւելու է մինչեւ 2020 թվականը, մինչեւ ԱՄՆ-ն չհասկանա, որ իրենց վարած քաղաքականությունը բերում է իրենց ամբողջական մեկուսացման եւ հակաամերիկյան տրամադրությունների»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը զարմացավ եւ հակադարձեց Արամ Սարգսյանին. «Ինձ թվում է պարոն Սարգսյանն ապրում է մի ուրիշ իրականության մեջ: Ես ձեզ խնդրում եմ նայել պատմական վիճակագրությանը: ԱՄՆ-ի մշտադալար թշնամիները, որոնք որեւէ հարաբերություններ չունեին քաղաքակիրթ աշխարհի հետ, նրանցից երկուսը՝ Իրանը եւ Կուբան, ներկա պահին ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերւթյուններ են հաստատել: Ներկա պահին ԱՄՆ-ն խաղ է խաղում նավթաշուկայում, դա գեոպոլիտիկ եւ տնտեսական խաղ է: ԱՄՆ-ն է մեկուսացրել ՌԴ-ն՝ թողնելով նրան սանկցիաների պարկում: Գազպրոմի շահույթը միայն վերջին 3 ամսում իջել է 12,5 տոկոսով, դա ուղղակի բանկրոտության հասնող թիվ է, որովհետեւ Գազպրոմը, լինելով Կրեմլի մահակը, կորցնում է իր ուժը: Ունենք ռուսական ռուբլու անկում, ՌԴ տնտեսական համակարգի քայքայում: ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերությունների վերացում»:

Արամ Սարգսյանը հեգնեց. «Ի՜նչ ուրախալի բաներ եք ասում, Ռուսաստանը որ քայքայվում է՝ շատ ուրախալի է, նենց հաճույքով եք էդ ամեն ինչը ասում, մի հատ նենց երջանկության մեջ եք»:

Անուշ Սեդրակյանն արձագանքեց, որ ՌԴ-ն պետք է խելքը գլուխը հավաքի եւ հասկանա, ինչպես Իրանը. «Ներկա պահին ականատես ենք լինում, որ ՀՀ-ն մնացել է հետ մնացող երկրների միության մեջ: Իրանից մի քանի տնտեսական առաջարկ ենք ստացել եւ դա ի զորու չենք ընդունել, քանի որ արգելանք կա ՌԴ-ից»: Իսկ Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն եթե միաբեւեռ քաղաքականությունը չվարեր՝ աշխարհն այս քաոսային վիճակում չէր լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31