Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե այս նույն կաշառքն ու կեղծիքը լինելու է՝ ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանակա՞ն է համակարգը». Արամ Սարգսյան

Օգոստոս 04,2015 13:04

 

«Մենք հիմա գտնվում ենք ԵՏՄ տիրույթում, որտեղ բոլոր ղեկավարները ազատ, անկաշկանդ փոխում են սահմանադրությունները՝ պահպանելով երկրում ուզուրպատորական իշխանությունն՝ առանց մի քայլ դեպի ժողովրդավարություն: Դրա համար գտնում եմ, որ Սահմանադրական փոփոխություները միտված են համակարգի վերարտադրմանը: Այս համակարգի պարագայում որեւէ նշանակություն չունի, թե ով կվերարտադրի իշխանության բռնազավթման մեխանիզմը»,- այսօր «Հայելի» ակումբում Սահմանադրական բարեփոխումների մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա, այնպես չի, որ Վենետիկի հանձնաժողովը ողջունում է Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը. «Ձեւակերպումների խնդիր կա: Նրանք ողջունում են միանգամայն այլ ձեւակերպումներով: Երբ ասում են՝ նպատակահարմար չէ, ըմբռնելի չէ… Մենք սովոր ենք Հայաստանի քաղաքական բառապաշարին, երբ բոլորը գոռում են՝ կորչեն, մեռնեն  ու կոտորվեն: Վենետիկի հանձնաժողովը բնականաբար իր իրավական փաստաթղթերում նման բառապաշար չի օգտագործում: Հանձնաժողովն ասում է՝ Հայաստանը դրել է սոցիալական պետություն կառուցելու խնդիրը, եւ դրա ներքո սահմանափակում է մարդու հիմնարար իրավունքները, առաջին հերթին մարդու քվեարկելու իրավունքը: Վենետիկի հանձնաժողովի համար անհասկանալի է, թե ինչու է նոր Սահմանադրության մեջ ամբողջովին ներկայացված ընտրական գործընթացը: Դա պատահաբար է սպրդել: Քանի որ հիմնականում այս Սահմանադրությունը միտված է ընտրական գործընթացների եւ խնդիրների լուծմանը, ուզած չուզած բերել տեղավորել են՝ մատնելով իրենց իրական նպատակը: Ես կարծում եմ, որ հիմա այս Սահմանադրության ժամանակը չի»,-ասաց տիկին Սեդրակյանը:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով՝ «Այս համակարգով որեւէ բան չի փոխվի երկրում: Իհարկե, բոլոր  միտումները կան, որ այն համակարգը, որն իրենց սնում է, պահպանվի: Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, եթե համոզված լինեի, որ ինչ գրված է Սահմանադրական այս բարեփոխումների մեջ, թղթի վրա չի մնալու, այլ կիրականացվի, կասեի՝ գնանք այս համակարգի փոփոխության: Բայց ես համոզված չեմ: Եթե այս նույն կաշառքն ու կեղծիքը լինելու է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանակա՞ն է համակարգը, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական»:

Անուշ Սեդրակյանն ասաց, որ այս Սահմանադրությունն առաջարկ է անում գնալ քաղաքական պայքարի՝ միեւնույն ժամանակ փակելով քաղաքական պայքարի բոլոր ուղիներ»:

Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ խորհրդարանական կառավարման համակարգին դեմ չի. «Բայց այն, ինչ ներկայացված է, մեզ ձեռք չի տալիս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31