Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, սկսվեց Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանի հայցի քննությունը ընդդեմ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։
Արթուր Հարությունյանի «Կինգ Դելյուքս» ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղեւորափոխադրումները։
Դատական նիստին ներկայացել էր միայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում)։
Նիստի ավարտից հետո հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց մեր մի քանի հարցերի։
Կարդացեք նաև
– Պարոն Սիրունյան, նախ՝ մանրամասն կներկայացնե՞ք, թե ինչ եք պահանջում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից։
– Մենք հայց ենք ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով արգելել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի այսպես կոչված անվճար ուղեւորափոխադրումները՝ բարեգործության անվան տակ։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ օրենքին հակասում է, չի լինում նման բարեգործություն։ Չի լինում բարեգործություն անել, բայց խանգարել ուրիշի բիզնեսին։ Միայն անցած տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 60 միլիոն դրամ իր բոլոր բարեգործությունների մեջ ծախսել է միայն ուղեւորափոխադրումների վրա։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի գներով դա անում է 600 հազար հատ ավտոբուսի տոմս։ Հիմա հարց, ընկերություն կա, որ նորմալ փոխադրումներ անում է գումարով, դուք էլ էդ մարդիկ եք, որ բարեգործություն եք անում։ Լոգիկան ինձ կարո՞ղ եք բացատրել. մարդ ծախսում է 60 միլիոն դրամ։ Է, առնեիր 600 հազար տոմս մեզանից, զեղչ էլ կանեինք։ Հարց, ինչո՞ւ չես առնում։ 600 հազարը Հայաստանի կեսն է, տոմսն առնեիր, տայիր ժողովրդին։ Հիմա ես դա բարեգործությո՞ւն պիտի համարեմ։ Սա բարեգործություն չէ, տակը այլ բան կա։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վնասում է «Կինգ Դելյուքս» ընկերությանը։ Հիմա էլի հարց իրենց. ինչո՞ւ են միայն Աբովյան-Երեւան քշում, բա Գորիս-Գավառ էլ փոխադրեք կամ Սիսիան-Գորիս, մեզ զուգահեռ քշում եք, լոգիկան ո՞րն է։ Այդպիսի բարեգործություն չի լինում։
– Պարոն Սիրունյան, նշեցիք, որ սա բարեգործություն չէ, տակը այլ բան կա, ի՞նչ նկատի ունեք։
– Կներկայացնենք, այնքան օրենք են խախտել, խելքից դուրս։
– Ե՞րբ եք հայցը ներկայացրել դատարան։
– Հայցը ներկայացվել է հունիսի 17-ին։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում