Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը հիասթափեցրեց ճապոնացիներին

Օգոստոս 03,2015 22:35

Եթե պաշտոնական հաղորդագրություն եք կարդում, որ մեր մայրաքաղաքում որեւէ միջոցառում է նախատեսվում անցկացնել, ընդ որում, պաշտոնապես հորդորում են հյուրեր, զբոսաշրջիկներ հրավիրել այդ միջոցառումներին մասնակցելու, ապա ամեն օր, նույնիսկ լավ կլինի ամեն ժամ մի քանի աղբյուրից ճշտեք հայտարարության իսկությունը: Թե չէ կարող է պատահել, որ ձեր հյուրերը հեռավոր մի երկրից հազարավոր կիլոմետրեր կտրեն, մեծ գումարներ ծախսեն, գան Երեւան ու նրանց խոստացած փառատոնը չկայանա: Այդպես հիասթափվեցին մի խումբ ճապոնացիներ:

Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ» միջոցառումների օրացույցը  նախապես տեղադրում է իր պաշտոնական կայքում, այդ միջոցառումների ցանկում նախատեսված էր օգոստոսի 2-ին ժամը 18.00-21.00-ն «Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ը, որը պիտի տեղի ունենար, ըստ քաղաքապետարանի հայտարարության, Հյուսիսային պողոտայում:

Այս հայտարարությունը դեռ հունիսի 4-ին Երեւանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ, ինչպես մյուս բոլոր միջոցառումները՝  ասենք քաղաքապետի այցը որեւէ երկիր, կամ քաղաքապետի մասնակցությունը որեւէ միջոցառման, տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում՝ քաղաքապետարանի կայքէջի հիպերհղումով: «Երեւանյան ամառն» իր միջոցառումներով բավականին ակտիվ գովազդվել է ոչ միայն ֆեյսբուք սոցցանցով, այլեւ տարբեր լրատվամիջոցներով, ուստի զբոսաշրջային ընկերությունները կասկած չեն ունեցել, որ որեւէ միջոցառում չի կայանա, կամ կհետաձգվի:

«Էյբիք» տուրօպերատորի գլխավոր տնօրեն Վարդիթեր Հարությունյանն էլ վստահելով Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությանը 10 հոգանոց ճապոնացի զբոսաշրջիկների խումբ է հրավիրել Երեւան հենց «ՏԱՐԱԶֆեստին» մասնակցելու համար, ճապոնացիները վաղուց էին ցանկություն հայտնել մասնակցել:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդիթեր Հարությունյանն ասաց, որ ինքը Ճապոնիայում ամեն տարի մասնակցում է տուրիստական ցուցահանդեսներին ու միշտ հայկական տարազով է լինում, սա գրավել է ճապոնացիների հետաքրքրությունը եւ Վարդիթերին խնդրել էին, որ եթե հայկական տարազաների մասին միջոցառում լինի, անպայման իրենց տեղյակ պահվի:  Տուրօպերատորի ղեկավարն էլ հույսը դնելով քաղաքապետարանի հայտարարության վրա, ճապոնացի զբոսաշրջիկներին հրավիրել է Երեւան՝ օգոստոսի 2-ին «Երեւան ՏԱՐԱԶֆեստին» մասնակցելու, ու չնայած ճապոնացիները խուսափում են Հայաստան գալ օգոստոս ամսին՝ շոգերի պատճառով, բայց հանուն հայկական տարազների 10 ճապոնացի շոգն էլ հաշվի չառան: Ընդ որում, նման հրավերներն էլ գոնե մեկ ամիս առաջ են անում, որպեսզի զբոսաշրջիկները պատրաստվեն: Օգոստոսի 2-ին Վարդիթեր Հարությունյանը ճապոնացի տուրիստների հետ այցելել են Հյուսիսային պողոտա, բայց հիասթափվել, որեւէ փառատոն, կամ գոնե «թեթեւ» միջոցառում հայկական տարազների մասին չի եղել:

«Որքան էլ շրջեցինք այդ տարածքով, հետո Կարապի լճի մոտակայքում, ոչ մի տեղ միջոցառում չկար: Փորձեցի զանգել Տերյան մշակութային կենտրոն, տարազների ցուցադրմանն իրենք էլ էին մասնակցելու, անպատասխան մնացին զանգերս: Կարճ ասած՝ հիասթափվեցին զբոսաշրջիկները, բայց ես չասացի, որ քաղաքապետարանը խոստացել է ու չի արել, դա երկրի իմիջի հարց է, ես ասացի, որ գուցե ես օրն եմ շփոթել: Բայց ճապոնացիների հետաքրքրությունը մեր տարազների մասին այլ կերպ բավարարեցի, գնացինք պատմության թանգարան, այնտեղ իրենց ամեն ինչ մանրամասն ներկայացվեց, իրենք տարազներով նկարվեցին, այնպես որ ինչ-որ առումով բացը լրացրեցի»,-մեզ հետ զրույցում պատմեց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ «Եթե պիտի քաղաքապետարանը չեղյալ աներ այս միջոցառումը, ապա գոնե նախապես հայտարարեր այդ մասին, ես էլ մեր տուրիստներին Գեղարքունիքի մարզ կտանեի,այնտեղ հուլիսի վերջին տարազների մասին շատ լավ միջոցառում է եղել»:

Երեւանի քաղաքապետարանի կայքում չկա որեւէ հայտարարություն, թե ինչու չի կայացել նախապես հայտարարված միջոցառումը, հավանաբար մտածել են՝ միեւնույն է, եկող չի լինի: Իսկ օգոստոսի 2-ի «Երեւան ՏԱՐԱԶֆեստի» մասին տեղեկատվությունը դեռ պահպանվում է: Ապացույցը՝ լուսանկարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31