Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները հնարավոր է բողոքի ակցիաներ սկսեն սեպտեմբերից

Օգոստոս 03,2015 20:35

«Նաիրիտի» 1800 աշխատակից արդեն ստացել են իրենց ամբողջական աշխատավարձերը:

«Խոստացել են, որ վերջին 600-ինն այսօր կփոխանցեն: Կառավարության խոստացած երկու օրյա ժամկետն այսօր է լրանում, եթե փոխանցումներն այսօր կատարեն, աշխատավարձերի խնդիր այլեւս գոյություն չի ունենա: Հիմա մենք սպասում ենք, օրինակ` ուրբաթ օրը շատ ուշ են փակել, երեկոյան ութ անց էր, դեռ աշխատավարձերը չկային, շատ ավելի ուշ գումարը նստեց հաշիվներին: Հիմա գուցե այսօր էլ նույնը կրկնվի, բայց որ խոստացել են, որ այսօր վերջին օրն է, պետք է փակվի, սպասում ենք, որ այդպես կլինի»,-  Aravot.am-ին ասաց «Նաիրիտի» աշխատակից Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով, եթե չլիներ նաիրիտցիների համախմբված պայքարը, խնդրի լուծումը շատ կուշանար. «Եթե համառորեն չապացուցեինք, որ կառավարությունը, այնուամենայնիվ, պարտավորված է մեզ վճարելու, չեմ կարծում, որ մեզ կվճարեին: Ի սկզբանե, խոսակցությունն այլ կերպ էր գնում, ասում էին՝ սեփականատերը պետք է տա, մենք ինչ գործ ունենք, բայց երբ մենք ապացուցեցինք, որ սեփականատիրոջ խնդիրները նախ եւ առաջ կառավարության թողտվությամբ են առաջացել, առաջացավ նաեւ առաջացած պարտքերը փակելու  պահանջի կատարման իրենց ցանկությունը: Կարծում եմ, որ եթե փող ունենային, ի սկզբանե կտային, պարզապես ուզում էին չհայթայթել այդ գումարը, մեր պայքարն իր արդյունքն է տվել:

Վերջին տասնհինգ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների դեմ տարվող որեւէ պայքարի որեւէ մեկը հաջողության չի հասել, բայց այսօր արձանագրում եմ,  որ նաիրիտցիները իրենց համառությամբ կարողացան հաջողություն արձանագրել աշխատավարձի մասով: Հույս ունենք, որ հաջողություն կարձանագրենք նաեւ գործարանի աշխատեցման առումով: Սեպտեմբերից մենք մեր պայքարը այդ ուղղությամբ կսկսենք: Մեր գործողությունները կախված կլինեն կառավարության  գործելաոճից, եթե հասկանանք, որ իրականում «Նաիրիտը» տանում են  դեպի սնանկացման ու փակման, բնականաբար, պետք է լինեն երթեր, նստացույցեր, բողոքի տարբեր ակցիաներ, բայց եթե տեսնենք, որ իրենք էլ կառուցողական գործողություններ են անում, փնտրում են ներդրողներ, իրենք են փորձում ներդրումներ անել, ինչ-որ կերպ լուծելու «Նաիրիտի» խնդիրը, մենք միայն կաջակցենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31