Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների առաջնությունը:
Այսօր 15 տարեկանների պայքարում 56 կգ քաշային կարգում Հայաստանից մրցասպարեզ մտան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ու երկուսն էլ փայլեցին: Արմենը պոկում եւ հրում վարժություններում, համապատասխանաբար, բարձրացրեց 94 եւ 117 կգ եւ երկամարտի 211 արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մարզական կամք ցուցադրեց Ռաֆիկը, որը պոկում վարժությունից հետո 87 կգ-ով երրորդն էր եւ զիջում էր վրացի մրցակցին: Սակայն հրումում նա գերազանց հանդես եկավ: Ռաֆիկը բարձրացրեց այնքան, որքան իր թիմակից Արմենը՝ 117 կգ, եւ երկամարտի 204 կիլոգրամով շրջանցեց հարեւան երկրի ծանրորդին ու բարձրացավ պատվո պատվանդանի փոխչեմպիոնի աստիճանին:
Երեկ նույն տարիքային խմբում մեր պատանեկան հավաքականի անդամ Բաբկեն Բագրատյանը 50 կգ քաշային կարգում 173 կգ-ով բավարարվել էր 6-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ