Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք թույլ չենք տա, որ մեր անցյալը մեզ սպանի»

Օգոստոս 03,2015 17:58

 

Օգոստոսի 3-ին լրանում է եզդի ժողովրդի ցեղասպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել տասնյակ եզդիներ։ Նրանք ոգեկոչում էին զոհված եզդիների հիշատակը, նաև հիշեցնում, որ եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է։

«Իսլամիստ հրեշների արածն ահավոր ոճրագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ: Այդպիսի բան նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէ պատկերացնել։ Մենք չենք կարող մոռանալ մեր ցավը, բայց և թույլ չենք տա, որ մեր անցյալը մեզ սպանի։ Եզդի ժողովուրդը եղել է, կա ու կլինի: Մենք պետք է ապրենք ու արարենք»,- ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին նաև եզդիական համայնքի հասարակական գործիչներ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը, որոնք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-ից ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ էին սկսել: 

Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հացադուլի երկրորդ և երրորդ օրերին իրենց մոտեցել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, որոնց հետ ունեցել են և´ պաշտոնական, և´ ոչ պաշտոնական հանդիպումներ: «Նրանք մեզ խոստացան, որ կմիջամտեն, առավելագույնը կանեն, որ կարողանան փոքր-ինչ ազդել իրավիճակի վրա: Բայց մենք այնքան էլ չենք հավատում ո´չ ՄԱԿ-ին, ո´չ միջազգային մյուս կառույցներին, ո´չ գերտերություններին: Շատ հաճախ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ պետք է գերտերությունները, միջազգային կառույցներն օգնեն կամ մեզ համար անվտանգության գոտի ստեղծեն և այլն: Բայց ես՝ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ, կարծում եմ, որ եզդիներն իրենք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի կարողանան հետագայում խուսափել նման ջարդերից ու կոտորածներից: Ես կարծում եմ, որ մեր միակ փրկությունը մեր միասնական ուժի մեջ է: Մենք ինքներս պետք է զենք վերցնենք ու պայքարենք Շանգալի ազատության համար, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ երբ վստահել ենք մեր հարևաններին, արդյունքում ցեղասպանվել ու կոտորվել ենք»,- ասաց Ռ. Բաքոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31