Լրահոս
Օրվա լրահոսը

Գայի 14 հասցեի ատրակցիոնները փորձաքննություն չեն անցել

Օգոստոս 03,2015 17:43

Վերելակների պահեստամասեր ներկրելը թանկ է, այդ պատճառով ուշ-ուշ են դրանք փոխվում

«Վերելակների սպասարկման խնդիր ունենք։ Աշխատողների աշխատավարձերը ցածր են, երիտասարդ կադրերը չեն ցանկանում այս ոլորտում աշխատել։ Իսկ բնակիչները վերելակները խնամքով չեն օգտագործում, մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:
Մասնագետը, անդրադառնալով վերջերս Բաշինջաղյան հասցեում տեղի ունեցած դեպքին , երբ վերելակի ճոպանները պոկվել էին` պատճառ դառնալով երիտասարդ կնոջ մահվան, ասաց, որ միջադեպից հետո մարդկանց զգոնությունը բարձրացել է:

Այս տարի վերելակների փորձաքննության եզրակացություններն ավելի շատ բացասական են եղել, եւ ինչպես Լուսինե Հովհաննիսյանն է ասում, իրենք ամենեւին էլ պատասխանատու չեն վերելակների անսարքության համար, քանի որ համատիրությունները պետք է տարին մի քանի անգամ կազմակերպությունների հետ համագործակցելով, ստուգման ենթարկեն դրանք: Իսկ անվտանգության ազգային կենտրոնը տարին մեկ անգամ է իր եզրակացությունը տալիս:
Այն հարցին, թե դրական եզրակացությունը տալուց հետո, եթե վերելակը շահագործման հետ կապված խնդիր է ունենում, ո՞վ է պատասխանատու, Լուսինե Հովհաննիսյանն ասաց. «Ես վերելակի պահակը չեմ, որ կողքին կանգնեմ ու տեսնեմ ինչ վիճակում է։ Մենք վերելակի տեխնիկական վիճակը գնահատում ենք այն պահի դրությամբ, երբ որ կնքված է համապատասխան փորձաքննության պայմանագիր, եւ փորձագետը իրականացնում է իր աշխատանքը»:

Նա ասաց, որ իրենց կառույցը պատասխանատու չէ վերելակների անսարքության համար: Մասնագետը նաեւ ասաց, որ վերելակների պահեստամասերը շատ թանկ են եւ պետք է ներկրվեն Ռուսաստանից, եւ շատն էլ այդ պատճառով է, որ չեն կարողանում դրանք հաճախակի փոխել:

Լուսինե Հովհաննիսյանի խոսքերով, ԵՏՄ-ում արդեն ավելի հեշտ կլինի դրանք ձեռք բերել, քանի որ ներկրման հետ կապված ծախսերն էլ կնվազեն:
Անդրադառնալով ատրակցիոններին՝ ԱԻՆ մասնագետն ասաց, որ մայրաքաղաքում կան ատրակցիոններ, որոնք փորձաքննություն դեռ չեն անցել, ուստի խորհուրդ տվեց դրանցից չօգտվել: Փորձաքննություն չանցածները տեղակայված են  Գայի 14 հասցեում:
Լուսինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ փորձաքննություն չանցնելու դեպքում տուգանքը մեկ միլիոն դրամ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31