Արմեն Կարապետյանը խորհուրդ է տալիս ընդունել, որ մենք փոքր երկրի քաղաքացի ենք, Սերժ Սարգսյանն էլ՝ փոքր երկրի նախագահ, որը հավասար չէ Պուտինին
«Նախկինում, երբ մենք Սովետական Միություն էինք, մենք հզոր էինք: Մենք մեզ համարում էինք Խորհրդային Միության քաղաքացի եւ ինչքա՜ն ուժեղ էինք: Մենք պետք է հարմարվենք այս պահին այնքանով, որ մենք Հայաստանի Հանրապետություն փոքր պետությունն ենք: Հիմա տեսեք՝ ինչպես էին հաշվի նստում այն ժամանակ Խորհրդային Միության հետ եւ ինչպես են հաշվի նստում Հայաստանի Հանրապետության հետ: Մենք պետք է մեր մեջ արդեն հասկանանք, որ մենք ՀՀ փոքր երկրի՝ շատ քիչ հնարավորություններով երկրի քաղաքացի ենք: Այ սա՛ պիտի հասկանանք մենք»,- Aravot.am-ի հետ զրույցում Սովետի նկատմամբ իր կարոտախտն այսպես արտահայտեց սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը:
Մեր դիտարկմանը, որ մենք պետք է մեր կեցվածքը պահենք, փոքր երկրի այդ սինդրոմով չտառապենք, որովհետեւ ասում են՝ ընդամենը ոչ վաղ անցյալում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ Ելցինի հետ է հանդիպել, Ելցինը սպասել է, որ առաջինը ներս մտնի Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա հարգանքի եւ կեցվածքի մասին է խոսում, Արմեն Կարապետյանը արձագանքեց. «Մենք չենք կարող ասել, որ մեր հանրապետության նախագահը հավասար է ՌԴ-ի նախագահին: Ո՞նց կարելի է տենց համեմատել, չի կարելի: Օրինակ, մարդիկ կան, ասում են, որ Սերժ Սարգսյանի պահվածքը Պուտինի մոտ լավ չէր: Ոչ թե խեղճ էր, խեղճ չէր, ուղղակի Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որ ամբողջ աշխարհը սարսափում է այդ երկրից: Այսքան ԱՄՆ-ն, եվրոպական երկրները որ մտածմունքների մեջ են, ի՞նչն է պատճառը՝ սարսափում են»:
Մեր հարցին՝ այսինքն, ամեն մարդ իր ոտքն իր վերմակի չափո՞վ պետք է երկարացնի, պատգամավորը պատասխանեց. «Չի կարելի ասել, որ ՀՀ նախագահը պետք է հավասար լինի ՌԴ-ի նախագահի հետ: Իհարկե, հուշագրում գրում են՝ հավասար պայմաններ, մշակութային, տնտեսական եւ այլն: Ես հասկանում եմ դա եւ ընդունում եմ, որ դա ընդամենը էթիկայի կանոններ են: Բայց վերցնել եւ հավասարացնե՞լ, դա այդպես չի կարելի: Ես այդպես եմ գտնում: Նույն էլ մեր բնակչությունն է: Մեր բնակչությունը պետք է հասկանա, որ մենք Հայաստանի Հանրապետութան քաղաքացի ենք եւ դիմում ենք Ռուսաստանի երկրին, որ գնանք այնտեղ աշխատենք, մեր ընտանիքները պահենք: Ռուսաստանը չի գալիս Հայաստան աշխատի, որ իրենց ընտանիքը պահի: Հակառակն է, ճի՞շտ է: Նշանակում է, որ սա պետք է մենք ընդունենք»:
Կարդացեք նաև
Մեր զարմանքին՝ հո չե՞նք կարող անընդհատ Ռուսաստանի առաջ գլուխ խոնարհենք ու վասալի կեցվածք ընդունենք, Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Դա չեմ ընդունում, որ ասում եք, մենք չենք խոնարհվում: Հատկապես հայը միշտ էլ հպարտ է եղել: Չէ, դա այդպես չի: Բայց ելնելով հանգամանքներից՝ մենք դիմում ենք իրենց: Գիտեք ինչ, ես փաստացի գործն եմ ասում, չի կարելի երեւակայությունների մեջ ընկնել: Դա երեւակայություն է, որ ասում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե պատգամավորն այս կերպ է մտածում,մյուսներից ինչ եք ուզում?? Արժանապատիվ կեցվածքի մասին գաղափար անգամ չկա ոչ այս պատգամավորի և ոչ էլ իշխանությունը ներկայացնող որևէ մեկի մոտ:Ստրկամտությունը ուղղակի խեղդել ա սրանց: Հունաստանն էլ մեծ երկիր չէ,բայց տեսեք թե նրանց Վարչապետը ինչպես է իրեն պահում արտասահմանյան իր պարտնյորների հետ:Որովհետև գրագետ է,արժանապատվություն ունի և գիտակցում է,որ ներկայացնում է իր ԵՐԿԻՐԸ և կարևորը,ամեն ինչից երևում է,որ նա սիրում է իր Հայրենիքը: