Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանությունները կստանան «ոչ»-ի շարժում, եթե կրկին անտեսեն Վենետիկի հանձնաժողովի գնահատականը

Օգոստոս 03,2015 15:19

Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ նոր Սահմանադրության 1-7 գլուխների վերաբերյալ գնահատականում  մի շարք առաջարկությունների շարքում առաջարկվում է նաև հանել առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը:

Հիշեցնենք, որ այս դրույթը սուր քննադատության ենթարկվեց նաև ՀՀ ներքաղաքական շրջանակներում, այն որակվելով՝ որպես իշխող ՀՀԿ-ի մենաշնորհի ապահովման ամրագրում և այլն: Արդյոք այս գնահատականից հետո ՀՀ իշխող կուսակցությունը  որոշ վերանայումներ կկատարի՞ Սահմանադրության նոր տարբերակում, թե՞ ինչպես նախկինում Վենետիկի հանձնաժողովի գնահատականը կարհամարհվի, երբ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին հանձնաժողովի փորձագետներն իրենց տված կարծիքներում մշտապես շեշտում էին, որ այդ փոփոխությունների անհրաժեշտություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ գոյություն ունի քաղաքական ուժերի համաձայնություն:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ կանխատեսումներ անել իշխանող կուսակցության հետագա քայլերի վերաբերյալ: Մեր այն դիտարկմանը՝ կարծես թե իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի գնահատականներն առանձնապես հաշվի չեն առնում, ընդհակառակը, պատրաստվում են հանրաքվեի, պարոն Կարապետյանն արձագանքեց. «Մենք էլ ենք պատրաստվում. մենք էլ «ոչ»-ի քարոզարշավ ենք անելու»:

Հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը կանխատեսելի՞ էր, կամ մի՞թե նոր Սահմանադրություն գրողները այս գնահատականից չէ՞ին զգուշանում, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում ներկայացրել է իր գնահատականը: Այնտեղ կան նաև մի քանի ուրիշ կարևոր կետեր, որոնց ևս պետք է ուշադրություն դարձնել. խոսքը վերաբերում է հենց կառավարման համակարգին, պաշտոնյաների, դատավորների նշանակման ընթացակարգին: Իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ երկու անգամ գրված է, որ կառավարման համակարգը փոխելու համար պետք է համաձայնություն լինի Հայաստանում, քանի որ դա չկա, պետք է հասկանալ ու հրաժարվել այդ նախաձեռնությունից, այլապես իրենք ստանալու են բավականին լուրջ «ոչ»-ի շարժում, որը կփորձի համոզել, որ իշխանությունների այս նախաձեռնությունը չի հասնելու իր նպատակին»:

Պարոն Կարապետյանը հանձնաժողովի գնահատականում մի անճշտություն է նկատել, նա մանրամասնեց. «Ներկայացված նոր Սահմանադրության համաձայն՝ պաշտոնանկությունից հետո վարչապետին առաջադրում է ԱԺ նախագահը, մինչդեռ Վենետիկի  հանձնաժողովն իր գնահատականում սխալմամբ գրել է, որ երկրի նախագահն է ներկայացնում: Հետաքրքիր է, թե պատճառը որն է»: Մեր դիտարկմանը՝ գուցե թափթփվածության արդյու՞նք է, պարոն Կարապետյանն արձագանքեց. «Ես նման գնահատական չեմ կարող տալ, պարզապես արձանագրում եմ, որ նման անճշտություն է գրանցվել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ բնութագրում կտա Վենետիկի հանձնաժողովի գնահատականին, պարոն Կարապետյանը եզրափակեց. «Ամեն մեկն իր գործն է անում. իշխանություններն ամեն կերպ ուզում են անցկացնել այս փոփոխված Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովն իր գնահատականն է տալիս՝ հաշվի առնելով նոր Սահմանադրության նախագծի համապատասխանությունն այն փորձին, որ Վենետիկի հանձնաժողովն ունի Սահմանադրության ընդունման, փոփոխման հարցում, հասարակությունն իր գնահատականը կտա, երբ ավելի հստակ լինեն քարոզչության ու հանրաքվեի ժամկետները: Յուրաքանչյուրն իր գործով է զբաղված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31