Գերմանական հեղինակավոր «Deutsche Welle» հեռուստաընկերության թղթակիցները այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ ռեպորտաժ են պատրաստել: Լրագրող Քրիստինե Տրիպեն նշել է, որ Ղարաբաղում հակամարտությունը երկար ժամանակ անուշադրության է մատնված, թեեւ 20 տարի առաջ պատերազմում զոհվել էր մոտ 30.000 մարդ:
«Հաշտությունը խաղաղություն բերեց, սակայն վերջին ժամանակներս տեղեկություններ են ստացվում հրադադարի խախտումների մասին»,- ասում է լրագրողը:
Քրիստինե Տրիպեի հետ զրույցում ղարաբաղցիներից մեկն ասել է, որ իրենք պատերազմ չեն ուզում, այլ միայն պաշտպանում են իրենց հողը, եկեղեցիներն ու ընտանիքները:
Իսկ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ ղարաբաղցիները պատերազմից չեն վախենում. «Մենք կարծում ենք, որ կարող ենք համարժեք պատասխան տալ պատերազմ սկսելու փորձերին»:
Կարդացեք նաև
Լրագրողը, բացի Ստեփանակերտից, նաեւ եղել է մարտական դիրքերում եւ այդ կապակցությամբ ռեպորտաժում ասում է, թե ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանում հակամարտության կողմերին միմյանցից եւ Կովկասում եւս մեկ արյունալի պատերազմից:
Հավելենք, որ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության վերլուծական բաժնի ղեկավար Նամիկ Հուսեյնովը Aze.az կայքում հրապարակած «Ինչո՞ւ Գերմանիան Ադրբեջանին «հարվածեց» Լեռնային Ղարաբաղով հոդվածում» նշել է, թե «Deutsche Welle»-ն այս ռեպորտաժով բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում է ցուցաբերել:
«Գերմանիայի քաղաքական շրջանակների դիրքորոշումը, որոնք օգտագործելով խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հորինված խնդիրները Ադրբեջանի նկատմամբ վարկաբեկման քաղաքականություն են իրականացնում, ինչն էլ արտացոլված է այս ռեպորտաժում: Խոսքը շարքային ԶԼՄ-ի մասին չէ: «Deutsche Welle»-ն միշտ արտացոլում է պաշտոնական Բեռլինի տեսակետը»,- գրված է հոդվածում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ