Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխությունները քննարկելու բան չեն»

Օգոստոս 03,2015 17:30

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Սահմանադրության նախագծի առաջին 7 գլուխների վերաբերյալ իր նախնական դիտարկումները: Հանձնաժողովն առաջարկում է չեղարկել առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը:

Վենետիկի հանձնաժողովը նաեւ կարծում է, որ Ազգային ժողովի  գումարման ողջ ընթացքում նոր խմբակցություններ ձեւավորելու արգելքը պետք է հանվի, քանի որ այն կարող է սահմանափակել պատգամավորի մանդատի ազատությունը: Նշենք, որ հանձնաժողովի առաջարկությունները որեւէ երկրի համար պարտադիր չեն:

Վենետիկի հանձնաժողովի նախնական դիտարկումների մասին «Առավոտը» զրուցեց  փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: Փաստաբանը նկատեց, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ երեւույթը աշխարհում չկա, եւ միայն Իտալիայում է, այն էլ՝  նախագծի տեսքով է եւ առաջին ընթերցումն է անցել, ընդունվելու դեպքում 2016 թվականին նոր կընդունվի, եւ ըստ նրա՝ դեռ պարզ չէ, թե ինչպես կգործի:

«Ինչ վերաբերում է պատգամավորներին արգելելուն խմբակցությունից խմբակցություն անցնել, դա երեւի 1998 թվականի փորձն է հուշում, որ մի օր առնետավազք կլինի, եւ իշխանափոխություն կլինի: Նման բանից խուսափելու համար ասում են՝ աչքը տեսած տեղն է վախենում մեր իշխանությունների, դրա համար այդ արգելքն են փորձում մտցնել: Երկուսն էլ աբսուրդային դրույթներ են, եւ անգամ դրանց բովանդակային քննարկումն էլ անիմաստ է: Վենետիկի հանձնաժողովում աշխատում են կիրթ մարդիկ, լավ կրթություն ստացած եւ դաստիարակված, որոնք եթե լինեին ազնիվ եւ իրենց իրական ցանկություններն արտահայտեին, բավականին կոպիտ կարտահայտվեին այդ ամենի մասին: Իրենք կիրթ մարդիկ են եւ շատ կիրթ ձեւով ասում են, որ ընդամենը պետք է հանել»,- ասաց նա:

Փաստաբանի համոզմամբ՝ Հայաստանը սահմանադրական բարեփոխումների կարիք չունի. երկիրն ուրիշ այլ կարիքներ ունի: Տիգրան Աթանեսյանը հավելեց, որ սկզբունքորեն չի ընդունում  սահմանադրական փոփոխությունների գաղափարը. «Իմ կարծիքով՝ դա առհասարակ քննարկելու բան չի, սահմանադրական փոփոխությունները քննարկելու բան չեն»:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Տ.Աթանեսյանի ՖԲ էջից

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31