Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժական թշնամիներ-2

Օգոստոս 03,2015 17:00

Նախորդ անգամ նշեցինք, որ մենք այն բացառիկ ազգերից ենք, որ ունենք հավերժական թշնամիներ, որոնց հետ թշնամությունը ոչ միայն չենք պակասեցնում, այլեւ, կարելի է ասել, ավելացնում ենք: Երկուստեք: Ավելի ճիշտ՝ երեքտեք, որովհետեւ եթե մինչեւ անցյալ դարավերջ մեր հիմնական հավերժական թշնամին Թուրքիան ու թուրքերն էին, անցյալ դարի ութսունականների վերջերին Ադրբեջանն ու ադրբեջանցիք էլ ավելացան: Երկուսին էլ այս պահի դրությամբ մեզ թշնամի ենք համարում, եւ մեզանից նրանք, ովքեր ադրբեջանցիներին ու թուրքերին թշնամի չեն համարում, կարող են դավաճան համարվել: Այսուհանդերձ, մեր այս երկու հավերժական թշնամիները նաեւ մեր մերձակա ու հավերժական հարեւաններն են: Թարսի պես:

Բարեբախտաբար, երկու այլ հարեւաններ էլ ունենք, որոնց նաեւ բարեկամ ենք համարում: Վրաստանն ու Իրանը: Հուսով եմ՝ իրենք էլ մեզ են բարեկամ համարում, չնայած ասված է՝ «չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ. կան շահեր»:  Համենայնդեպս, մեր այս երկու դարավոր հարեւանների հետ պատերազմներ չենք ունեցել՝ բացառությամբ Ավարայրի ճակատամարտի, որն ավելի շատ հավատքի ու կրոնի հետ կապ ուներ, քան քաղաքականության: Այսուհանդերձ եւ բարեբախտաբար, Ավարայրի ճակատամարտը հատկապես հայոց պատմության դասագրքերում հիմնավոր արձանագրվել է, ճիշտ է, բայց մեր ու պարսիկների միջեւ հավերժական թշնամության պատճառ չի դարձել: Ավելին՝ Իրանն այսօր այն պետություններից է, որի հետ մեր քաղաքական շահերը հիմնականում համընկնում են:

Վրացիներն ու Վրաստանը մեր դարավոր հարեւանն ու բարեկամն են, ճիշտ է, բայց ոչ միշտ են մեր ու Վրաստանի քաղաքական շահերը համընկնում: Մենք պարտավոր ենք ըմբռնում հանդես բերել նույնիսկ այն դեպքերում, երբ Վրաստանի շահերն ու մեր հավերժական թշնամիների շահերը համընկնում են: Մենք Ղարաբաղի հարց ունենք, իսկ Վրաստանը՝ Աբխազիայի ու Օսեթիայի հարց, եւ եթե Վրաստանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, մենք առանձնապես չպիտի զարմանանք: Նույնը վերաբերում է Ուկրաինային: Մանավանդ Ղրիմի իրադարձություններից հետո: Կյանքն ու պատմությունն այնպես են դասավորվել, որ իրենք տարածքային ամբողջականության օգտին են հանդես գալիս, իսկ մենք՝ ինքնորոշման: Իրենց քաղաքական շահերն այլ բան են պահանջում, մերը՝ միանգամայն այլ բան: Եվ դրանից առանձնապես չպիտի փրփրենք ու դիվոտվենք, որովհետեւ մտածելու դեպքում պիտի հասկանանք, որ քաղաքականության մեջ այն ամենը, ինչը տրամաբանական է, նաեւ բնական է: Մենք էլ մեր շահերն ունենք, եւ մեր դեպքում էլ վրացիները, ուկրաինացիք, մոլդովացիք ու մյուսները չպիտի փրփրոտեն ու դիվոտվեն, եւ եթե մենք մեր ու այլոց շահերին ըմբռնումով վերաբերվենք, երբեւէ մեր ու այլոց միջեւ թշնամություն չի առաջանա: Ընդամենը հակասություններ կառաջանան, այլ ոչ թե՝ թշնամություն: Իսկ թշնամության բացակայության դեպքում բոլոր հարցերը լուծելի են:

Եթե մենք Եվրասիական միության կազմում ենք եւ Ռուսաստանի հետ նաեւ ռազմական դաշնակցությամբ ենք կապված, դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանի բոլոր հակառակորդների հետ պիտի թշնամանանք: Եվրասիական միության կազմի մեջ գտնվող այլ պետություններն էլ իրենց քաղաքական շահերն ունեն եւ դրանցով են առաջնորդվում: Այս առումով մենք պիտի իրենցից օրինակ վերցնենք եւ պիտի փորձենք հավասար դիրքեր զբաղեցնել եւ հավասար դիրքերում գտնվել տվյալ միության մյուս անդամների հետ: Միշտ չէ, որ դա հաջողվում է, եւ բնական է, որ դժվար պիտի հաջողվի, որովհետեւ տվյալ միության անդամները ոչ միայն իրենց շահերով են իրարից էականորեն տարբեր, այլեւ՝ իրենց տարածքներով ու բնակչության թվով, ինչպես նաեւ՝ իրենց տնտեսական պոտենցիալով:

Որովհետեւ քաղաքականության մեջ ուժեղի ու թույլի հարցն էլ կա: Ուժեղի ու թույլի հարցը քաղաքականության մեջ միշտ էլ եղել է ու կա: Ընդ որում, միշտ չէ, որ քաղաքականության մեջ ուժեղը շահում է, իսկ թույլը՝ տուժում: Երբեմն հակառակն էլ է պատահում: Որովհետեւ ուժեղից ուժեղն էլ կա:

Եթե թույլի բախտը բերում է, եւ նրա շահերը համընկնում են ուժեղներից ուժեղի շահերի հետ, ինքն էլ է շահում: Կոսովոյի դեպքում հենց դա տեղի ունեցավ:

Եվ հենց ուժեղների շահերն են պատճառը, որ քաղաքականության մեջ երկակի, եռակի ու բազմակի ստանդարտների ականատեսն ենք լինում: Քաղաքակիրթ աշխարհը Կոսովոյի անկախությունը ճանաչում է, իսկ Ղարաբաղինը՝ ոչ: Եվ նման օրինակներ՝ ինչքան ուզեք: Մինչդեռ նույն այդ քաղաքակիրթ աշխարհը Մինսկի եւ այլ խմբեր կազմելով՝ տեւականորեն նաեւ ղարաբաղյան հարցով է զբաղված, եւ վերջը չի երեւում՝ ոչ միայն ղարաբաղյան հարցի, այլեւ մեր ու ազերիների հավերժական թշնամության: Ինչպես նաեւ՝ մեր ու Թուրքիայի հավերժական թշնամության: Եթե Օբաման կամ նրա իրավահաջորդը երբեւէ արտասանեն «ցեղասպանություն» բառը, արդյո՞ք դա կլինի մեր ու թուրքերի հավերժական թշնամության ավարտը: Թե՞ դրանով հավերժական թշնամության նոր ռեսուրսներ կառաջանան, եւ հավերժական թշնամության միանգամայն նոր փուլ կսկսվի:

Դժվարանում եմ ասել:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31