Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ինչի համար է պետք շնորհակալ լինել

Օգոստոս 03,2015 16:00

 

 Արձանագրել ունեցածը, ոչ թե բողոքել չունեցածից

Ամեն անգամ արթնանալուց հետո եւ ոտքերս գետնին դնելուց առաջ ես բազմաթիվ առիթներ եմ գտնում Աստծուց շնորհակալ լինելու՝ կյանքիս, հարազատներիս, ընկերներիս, ամեն ինչի համար: Վստահ եմ, որ օրը մի քանի տասնյակ անգամ տարբեր առիթներով բարձրաձայն եւ մտքում շնորհակալություն հայտնելով՝ մենք հաջողությունների համար ճանապարհ ենք բացում: Իսկ եթե մարդն ասում է՝ «այ, ախպերս, ինչի՞ համար շնորհակալ լինեմ, սաղ կյանքս էշի պես աշխատել եմ, բայց ոչ մի բանի տեր չեմ դարձել, իսկ Պողոսը…», նման մարդը երբեք չի կարող հաջողություն ունենալ:

Շնորհակալ լինել, իմ կարծիքով, նշանակում է արձանագրել այն, ինչ ունես: Դրանով դու ընդլայնում ես քո «ունենալու» դաշտը: Եվ հակառակը՝ ոչ մի բանի համար շնորհակալ չլինելով եւ խոսելով այն բաների մասին, որոնք չունես, դու ավելացնում ես քո կորուստները:  Ամեն քայլափոխի լսում ենք՝ «այս մեքենան չպիտի փչանար», «այս մարդը չպիտի մահանար», «իմ գործընկերն ինձ չպիտի քցեր»: Մի րոպե: Այդ ինչի՞ դեմ ենք մենք կռիվ տալիս, արդեն կայացած փաստի դե՞մ: Արժե՞ դրա վրա ժամանակ ծախսել: Իսկ երբ նման դեպք չի պատահում, մենք ամեն օր ասո՞ւմ ենք՝ «շնորհակալություն, սիրելի հարազատ, որ դու կաս», «շնորհակալություն, սիրելի գործընկեր, մեր համատեղ աշխատանքի համար», «ինչ լավ է, որ այսօր էլ անվտանգ տուն հասա»: Ոչ, սովորաբար չենք ասում: Եթե ասենք, այս շռայլ աշխարհը մեզ նոր հնարավորություններ կտա: Եթե չասենք, եթե կենտրոնանանք մեր «պակասորդների», անհանգստությունների, դժգոհությունների, վախերի վրա, այդ ժլատ աշխարհը մեզ նոր զրկանքներ կպարտադրի:

Շնորհակալ լինելն արձանագրում է այն, ինչ կա, եւ ազատում է հսկայական էներգիա՝ փոխելու համար այն, ինչ քեզ չի բավարարում եւ հնարավոր է փոխել:

Լինել բավարարված եւ լինել երջանիկ՝ բացարձակապես տարբեր բաներ են: Լինել երջանիկ՝ նշանակում է նայել հայելուն եւ շնորհակալություն հայտնել, որ ունես այդպիսի դեմք, այդպիսի մարմին, այդպիսի ընտանիք, առողջություն, աշխատանք եւ այլն: Նաեւ շնորհակալ լինել, որ քեզ չի բավարարում այս կամ այն հարցում «ստատուս քվոն» եւ դու ուժ ունես այն փոխելու: Երջանիկ պետք է լինել հենց հիմա, հենց այս պահին, իսկ բավարարված պետք չի լինել երբեք:

Դպրոցում մի տնօրեն ունեինք՝ չափից դուրս «ուղղափառ» կոմունիստական հայացքների տեր (ինչը, պետք է ասել, 1970-ականների սկզբին հազվադեպ էր պատահում): Այդ մարդը մեզ ամենայն լրջությամբ բացատրում էր, որ պետք չէ ասել «спасибо», որովհետեւ դա թարգմանաբար նշանակում է «փրկիր, Աստված»: Իսկ քանի որ Աստված, ըստ այդ տնօրենի, գոյություն չունի, ապա նրա փրկության վրա էլ չարժե հույս դնել: Իսկ ես կարծում եմ, որ հակառակը՝ ռուսերեն այդ բառը հրաշալի ձեւով արտացոլում է շնորհակալության իմաստը, որովհետեւ դու խնդրում ես, որ Աստված փրկի դիմացինիդ հոգին: Ու եթե դու նման բարի ցանկություն ունես, եթե դու այդպիսի «ազդանշան» ես ուղարկում, ապա, վստահաբար, նույնն էլ կստանաս: Այդ առումով պետք է շնորհակալ լինել նաեւ քո «չուզողներին»՝ գուցե նրանց «վատությունների» մեջ էլ ուղերձ կա:

Ամեն ինչ շատ պարզ է՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Ուզում ես գիտելիք՝ կիսվիր քո գիտելիքներով, ուզում ես փող՝ ծախսիր ու բաժանիր քո փողերը, քեզ ժամանակ չի հերիքում՝ մի՛ խնայիր ժամանակդ մերձավորներիդ համար: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետեւ երբ դու առանց երկար մտածելու ինչ-որ բան ես տալիս (առաջին հերթին, իհարկե, սեր, բարություն, ուրախություն), դու դրանով շնորհակալությունդ ես հայտնում, որ այդ «ապրանքն» ունես, ինչպես նաեւ ցուցադրում ես, որ դա ամենեւին «դեֆիցիտ» չէ ո՛չ  քեզ, ո՛չ էլ ուրիշների համար:

Դուք երբեւէ փորձե՞լ եք ցուցակ կազմել այն բաների, նաեւ այն մարդկանց, որոնց ինչ-որ բանի համար շնորհակալ եք: Իմ ցուցակը շատ երկար է եւ անընդհատ լրացվում է նոր կետերով: Բայց այդ ցուցակի մեջ առաջին կետի հետ, կարծում եմ, համաձայն կլինեն շատ շատերը: Այդ կետը հրաշալիորեն ձեւակերպված է մեր՝ Հայ Առաքելական եկեղեցու առավոտյան աղոթքում. «Գոհանում ենք քեզանից, Տեր իմ եւ Աստված իմ, եւ օրհնում եւ փառաբանում Քո սուրբ անունը, որ Քո անարժան եւ մեղավոր ծառային պահեցիր այս գիշեր բոլոր վտանգներից ու փորձություններից եւ խաղաղությամբ հասցրեցիր առավոտյան այս ժամին եւ արժանացրեցիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Արամ Աբրահամյանին.
    Նորից ինչ-որ բանի մասին եք խոսում, երբ հստակ չեն չափորոշիչները։
    «Կայանալու» մասին շարք գրել, առանց պարզաբանելու՝ ինչ է (ըստ ձեզ) «կայացած մարդը», թողնում է չափազանց մեծ անորշություն (հետևաբար՝ սպեկուլիացիաների հնարավորություն)։
    Հարց – Որն է (ըստ ձեզ) «կայացած մարդը»?
    Տվեք «կայացած մարդու» սահմանումը, կայացվածության չափանիշները….

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սիրով,հարգելի Արսեն։ Կայանալը,իմ ընկալմամբ,գործընթաց է, ոչ թե արդյունք։ Իմ կարծիքով, այդ գործըթացի մեջ է գտնվում այն մարդը, որը ձգտում է ապրել Աստծո պատվիրաններով։ Ներեցեք, որ ժամանակիս սղության պատճառով միշտ չեմ կարողանում պատասխանել Ձեր հարցադրումներին եւ խնդրում եմ՝ շարունակեք գրել Ձեր մեկնաբանությունները։

  2. Արսեն says:

    Իմ գնահատականը պատասխանին. Պատասխանից խուսափելու տարբերակ էր։
    Մտորումներ թեմայի շուրջը. Եթե կայանալը պրոցես է, ենթադրելի է, որ այդ պրոցեսի ընթացքում «կայացող» սուբյեկտի հետ պետք է տեղի ունենան որոշակի փոփոխություններ… (բնականաբար՝ ոչ ոք «կայացած» չի ծնվում, եվ եթե ձեր ռեֆերանսը Աստվածաշունչն է՝ ապա նույնիսկ Հիսուսն է անցել կայացման փուլեր…)…
    Ւրականում՝ չտալով չափանիշները, և վերջնական արդյունքի պարամետրերը և հարցը տեղափոխելով «պրցեսների» դաշտ՝ առավել խոցելի եք դարձնում ձեր դիրքը… որովհետև, պրոցեսներ վաճառելու դեպքում՝ գնորդը (տվյալ դեպքում՝ ընթերցողը) ձեզանից պահանջելու է ընթացիք վիճակը վերահսկելու (աուդիտի կետեր) իրավունք։
    Եթե պրոցես է, որը տևում է ժամանակ (ենթադրաբար ամողջ կյանքը)՝ հետևաբար, իմաստ ունի հարցնելը՝ իսկ ինչ հատկություններ ունի, ասենք, 25% կայացած մարդը? Ինչ ժամանակում ստսնդսրտ ընդունակություններ ունցող մարդը (ընդունեցինք, որ նորածինը ունի 0%՝ «կայացվածություն») պետէ է հասնի 25% «կայացվածության»? Ստանդարտ (միջին համարդկային) ընդունակություններ ունցող մարդու համար՝ հասանելի է արդյուք 100% «կայացվածությունը» (ըստ ձեր չափանիշների) իր կյանքի գիտակից մասի տևողության ընթացքում? Եվ նորից չեք խուսափում՝ «իսկ ինչպիսին են 100% «կայացվածության» հասած մարդու պարամետրերը?» հարցից…
    Սատանան, ինչպես հայտնի է՝ դետալների մեջ է, և դետլներից խուսափելը (հարցը տեղափխելով՝ «ընդհանուր բնույթի» դատողություններ) հարցից խուսափել է նշանակում)…
    Հարցերին կխնդրեի պատասխանել…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սիրելի Արսեն, կարդացեք նախորդ պատասխանի վերջին նախադասությունը: 🙂

      • Արսեն says:

        Նախորդ պատասխանի վերջին նախադասություն.
        …Ներեցեք, որ ժամանակիս սղության պատճառով միշտ չեմ կարողանում պատասխանել Ձեր հարցադրումներին եւ խնդրում եմ՝ շարունակեք գրել Ձեր մեկնաբանությունները…
        Ձեր հոդվածից տողեր.
        …քեզ ժամանակ չի հերիքում՝ մի՛ խնայիր ժամանակդ մերձավորներիդ համար…
        Որտեղից հարց՝ Ովքեր են ձեր ընթերցողները ձեզ համար? Արդյոք նրանք ձեր մտերիմներն են, որոնց հետ դուք կիսվում եք ձեր մտքերով? Դե դրանք թերզարգացած մարդկային նյութ են (ըստ ձեզ), որոնք կարիք ունեն ձեր կողմից կրթվելու և լուսավորվելու և որպես փոխհատուցում՝ ունեն ձեզանով հիանալու պարտականություն?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31