Սոխը կտրտելիս արցունքների առաջացման պատճառը
Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է: Բանջարեղեն են համարվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերեւները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղներն ու ընձյուղներն օգտագործվում են սննդում: Բանջարեղենը դասակարգվում է՝ արմատավորների, որոնց մեջ են մտնում գազարը, բողկը, ճակնդեղը եւ այլն, տերեւաբանջարների՝ կաղամբ, հազար, սպանախ, սամիթ եւ այլն: Կան նաեւ պտղաբանջարներ՝ լոլիկ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ոլոռ, լոբի եւ այլն, ինչպես նաեւ լինում են սոխուկավորներ՝ սոխ, սխտոր: Առանձին խումբ են կազմում կարտոֆիլը եւ համեմունքային բանջարեղենը՝ անիսոն, համեմ, ուրց, դաղձ եւ այլն: Բանջարեղենը անփոխարինելի, համեղ եւ շատ օգտակար սննդամթերք է, իսկ սննդային արժեքն էլ պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով: Բանջարեղենը պարունակում է շատ ջուր, օրինակ՝ հազարի տերեւներում` 96 տոկոս, կարտոֆիլի պալարներում` 80 տոկոս եւ այլն: Բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, տարբեր տեսակի օրգանական թթուներով, ածխաջրերով, ճարպերով, բուրավետ նյութերով, եթերայուղերով: Կարտոֆիլը շատ հարուստ է օսլայով, ճակնդեղը՝ շաքարով, կաղամբը` C վիտամինով, գազարը՝ կարոտինով, կանաչ ոլոռը հարուստ է սպիտակուցներով, իսկ սամիթը՝ բուրավետ նյութերով: Այդ իսկ պատճառով մասնագետները սննդի օրաբաժնում խորհուրդ են տալիս որքան հնարավոր է բանջարեղենի շատ տեսականի ընդգրկել՝ թարմ կամ եփած: Բանջարեղենի սննդային արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել եւ եփել: Իզուր չէ, որ բանջարեղենը օգտագործելուց առաջ մասնագետները հորդորում են լավ լվանալ սառը հոսող ջրի տակ, քանի որ նրա մակերեսը կարող է ախտահարված լինել մանրէներով, այդ թվում նաեւ` աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, որդերի ձվերով: Արմատապտուղներն ու կարտոֆիլը պետք է մինչեւ կեղեւազրկելը լավ լվանալ, իսկ կեղեւազրկելուց էլ անհրաժեշտ է շատ բարակ շերտով հանել կեղեւը, քանի որ վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղեւի տակ: Մաքրած բանջարեղենը անհրաժեշտ է 1 անգամ էլ լվանալ եւ միայն դրանից հետո մանրացնել, այն էլ` ոչ փոքր չափերով, քանի որ խոշոր կտրտած բանջարեղենը մանր կտրտածից ավելի շատ վիտամին է պարունակում: Գերադասելի է բանջարեղենը մաքրել եւ մանրացնել օգտագործելուց կամ եփելուց առաջ: Մատղաշ բանջարեղենները՝ վարունգը, բողկը, գազարը, խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել կեղեւով: Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս վիտամին C-ն արագ քայքայվում է, այդ իսկ պատճառով ավելի օգտակար է թարմ եւ հում բանջարեղենը: Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային, մարսողական համակարգերի եւ այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ, իսկ բանջարեղեններից սոխը եւ սխտորը ունեն հականեխիչ եւ մանրէասպան հատկություն: Իսկ թե ինչու է սոխը մաքրելիս մարդու աչքերը արցունքոտվում, ըստ հետազոտության` կտրված սոխից արտադրվում են ցնդող արցունքաբեր նյութեր՝ ֆիտոնցիդներ, որոնք նաեւ ոչնչացնում են վնասակար մանրէները՝ պաշտպանելով եւ բույսը, եւ մարդկանց:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2015թ.