Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԽՀԿ-ն պատրաստ է Համահայկական 6-րդ խաղերին

Օգոստոս 03,2015 10:00
hamahaykakan xaxer

Համահայկական 6-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերը շարունակում են ժամանել Հայաստան

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից աշխարհի 36 երկրների 165 քաղաքների վեց հազարից ավելի հայ մարզիկները Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Արտաշատի եւ Ստեփանակերտի մարզաբազաներում պայքարը կսկսեն 17 մարզաձեւերում՝ տղամարդկանց եւ կանանց հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու համար: Ցանկացած համալիր միջոցառման վերջնական հաջողությունը կախված է կազմակերպական աշխատանքներից:

Այս առումով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն մեծ փորձ ունի: Խաղերի կազմկոմիտեն ամիսներ շարունակ լուրջ գործունեություն է ծավալել բոլոր օղակներում, հաշվի առել հնարավոր ամեն բան: Մանավանդ, որ 6-րդ խաղերի անցկացումը համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ մտնում է կառավարական միջոցառումների ծրագրի մեջ: Հիմնովին կամ մասնակի նորոգվել են Խաղերն ընդունող բոլոր 24 մարզակառույցները եւ ֆուտբոլի մարզադաշտերը, կարգի են բերվել դրանց օժանդակ կառույցները: Ահռելի աշխատանք է կատարվել կազմակերպական ոլորտում՝ ներգրավելով ազգային ֆեդերացիաները, պետական գերատեսչական կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ ԱԻՆ-ի մասնագետները ստուգել են դրանց անվտանգությունը:

Մրցումները պատշաճ մակարդակով սպասարկելու նպատակով մրցավարական կազմը համալրվել է ըստ մարզաձեւերի լավագույն մասնագետներով: Ժամանող պատվիրակություններին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է, այսպես կոչված, «կանաչ գոտի», որտեղ փաստաթղթերի ձեւակերպումները կատարվում են արագացված ռեժիմով: Օդանավակայանում 24-ժամյա ռեժիմով հերթապահում են ՀԽՀԿ-ի ներկայացուցիչները: Նրանք դիմավորում են պատվիրակություններին եւ կազմակերպում տեղափոխումը Երեւան: Ոստիկանությունը մշտական հսկողություն է սահմանել բոլոր մարզական օբյեկտներում եւ հյուրանոցներում, որոնք ուժեղացվելու են մրցումների ընթացքում: Իր հերթին առողջապահության նախարարությունը Խաղերի օրերին աշխատելու է արտակարգ ռեժիմով, յուրաքանչյուր մարզաբազայում գործելու են բուժկետեր, հերթապահելու են շտապօգնության անձնակազմեր: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը լիովին ապահովել է մասնակիցների փոխադրման խնդիրները: Երեւանի քաղաքապետարանն էլ բոլոր հարցերում աջակցում է ՀԽՀԿ-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31