Լրահոս
Օրվա լրահոսը

«Բորխեսի մասին համր ֆիլմ կնկարեմ». Արգենտինահայ Ջեք Պողոսյանը՝ իր ծրագրերի մասին

Օգոստոս 03,2015 13:00

Արգենտինահայ դերասան, լրագրող եւ կինոգործիչ Ջեք Պողոսյանը վերջերս Երեւանում էր՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով: Այս օրերին նա կրկին հայրենիքում է՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոցի 14 շրջանավարտների հետ:

«Շատ դժվար է ասել, թե ինչ ենք զգում, երբ առաջին անգամ Հայաստան ենք գալիս. ուրիշ է, երբ Արգենտինայում ենք խոսում եւ լսում Հայաստանի մասին, այլ է, որ Հայաստանը տեսնում ես, զգում նրա ոգին, լսում կենդանի հայերեն խոսք»,- ասում է Ջեքը: Նա տեղեկացրեց, որ ավանդաբար, երբ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոցն ավարտում են, շրջանավարտները գալիս են Հայաստան: «Հայ երիտասարդներից մի քանիսը նույնիսկ հուզվել ու արտասվում էին, որ վերջապես իրենց երազանքն իրականացավ: Եղել ենք Գառնի-Գեղարդում, Օշականում, Աշտարակում, Խոր Վիրապում, Նորավանքում, Ծիծեռնակաբերդում, Կասկադում, Մատենադարանում: Մտադիր ենք այցելել նաեւ «Թումո», որտեղ ժամանակին ուրուգվայական եւ արգենտինական կինոն եմ ներկայացրել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Գալիք տարվա համար եւս նա ծրագրեր ունի, դարձյալ կներկայացնի ուրուգվայական կինոն, որովհետեւ հայ հանդիսատեսն, իր տպավորությամբ, սիրել է այն: Պատրաստում է մի ծրագիր՝ Բորխեսը եւ Կորտասարը կինոյում: Ասում է՝ Բորխեսի մասին ֆիլմ նկարելը բարդ է, Բորխեսը խորն է, ամեն բառը իմաստ ունի, Բորխեսը քմահաճ է, եւ դյուրին չէ նրան «մատուցելը»: Անձամբ ինքը չի հավանում այն ֆիլմերը, որ ստեղծվել են Բորխեսի ստեղծագործությունների հիման վրա կամ ըստ իր կենսագրության: Մյուս կողմից՝ գտնում է, որ ամեն կինոռեժիսոր կցանկանա ֆիլմ նկարել Բորխեսի մասին, բայց Բորխեսը ամեն մեկի քիմքին հարմար չէ: Ջեք Պողոսյանը պատրաստվում է ֆիլմ նկարել Բորխեսի մասին՝ նրա ստեղծագործություններից մեկի հիման վրա, ընդ որում՝ մտածում է, որ այն պետք է սեւ-սպիտակ լինի եւ համր: Նրա ձեւակերպմամբ՝ շատ պետք է ճգնել 20-րդ դարի ամենաակնառու գրողներից մեկին` արգենտինացի արձակագիր, էսսեիստ, բանաստեղծ Խորխե Լուիս Բորխեսին կինոլեզվով ներկայացնելու համար: Ջեք Պողոսյանն այժմ գրում է սցենարը, կարծում է, որ այն կտարբերվի բորխեսյան այլ ֆիլմերից, ասում է՝ բնագրից չի հեռանալու: Ֆիլմը կարճ կլինի՝ 13-14 րոպե, կարճամետրաժ, բայց մեծ ասելիքով:
Ջեքը դպրոցական տարիներից տարված է եղել Բորխեսով, եւ ժամանակին ուսուցիչը տեսնելով նրա ձգտումը, պաշտելու աստիճան տարվածությունը Բորխեսի գրականությամբ` ծանոթացրել է նրան գրողի հետ: Զրուցել են ամեն ինչից՝ ընդհուպ հայկական խոհանոցից: Ջեքն ասում է. «Այն ժամանակ լավ չգիտեի հայկական խոհանոցի գաղտնիքները, բայց պատմեցի այն ամենի մասին, ինչ տատիկս էր պատրաստում: Հանդիպման ավարտին Բորխեսը «Հայր մեր» արտասանեց, կեսից ես շարունակեցի: Բորխեսը ժպտաց, ապա ասաց, որ այսուհետեւ ամեն հինգշաբթի ժամը 14:10-ին կես ժամով կարող ենք հանդիպել: Երանության մեջ էի, այդ հանդիպումների ժամանակ խոսում էինք գրականությունից, կյանքից: Այդ 30-35 րոպեն ես ասես ուրիշ մոլորակում լինեի, Բորխեսը 20-րդ դարի ամենազարգացած մարդկանցից մեկն էր, նրա հետ շա՜տ հետաքրքիր էր: Ինքը չէր սիրում խորհուրդներ տալ, ասում էր՝ ամեն ինչ շատ անհատական է, միակ բանը, որ կարող եմ ասել, դա շատ կարդալն է: Ասում էր՝ ես նախեւառաջ կարդացող եմ, դու էլ շատ կարդա…»:
Մի օր էլ Ջեք Պողոսյանը գրախանութից գնում է Բորխեսի նորատիպ գիրքը, կարդում, որ հաջորդ հանդիպմանը խոսելու նյութ ունենա: Հանդիպման ժամանակ Բորխեսը խնդրում է որեւէ ստեղծագործություն կարդալ, Ջեքը կարդում է, քիչ անց գրողն ընդհատում է նրան՝ ասելով, որ այդ միտքը կարելի է այլ կերպ ձեւակերպել, ասում է՝ արի խմբագրենք: «Ես ապշած էի, Բորխեսի հետ միասին պետք է խմբագրեի այդ մեծ մարդու ստեղծածը: Տարիներ անց, երբ գիրքը նորից հրատարակվեց, արդեն տողը փոփոխված էր՝ մեր համատեղ խմբագրման արդյունքում: Դա իմ կյանքի ամենահիշարժան րոպեն էր: Բորխեսի մահից հետո ես հանդիպեցի նրա տիկնոջը՝ Մարիա Կոդամային: Երկար զրուցեցինք: Պատրաստվում եմ նորից հանդիպել` ֆիլմի հետ կապված իրավունքների հարցերը կանոնակարգելու նպատակով, որովհետեւ Մարիա Կոդաման ղեկավարում է Բորխեսի անվան միջազգային հիմնադրամն ու կրում է նրա թողած գրական ժառանգության իրավունքները»,- հայտնեց մեր հայրենակիցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31