Կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ` ժողովրդական եւ աշուղական երգերի ճանաչված երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, որի երգչական կարիերան սկսվել է 1980-ականների սկզբից, 1982թ. հիմնադրեց ներկայիս ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, համանուն միությունը, հետագայում՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցը: Արվեստագետը գրառել է ժողովրդական եւ աշուղական երգեր, հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, այդ թվում՝ «Ջիվանի, անհայտ երգեր», «Ջիվանի, անտիպ էջեր», «Հայ ժողովրդական ռազմի եւ զինվորի երգեր», «Հնագույն արվեստի մշակ. Դվալի Մկրտիչ», «Ջիվանի, նորահայտ բանաստեղծություններ», «Հայրիկ Ղազարյան», «Աշուղ Բաղդասար», «Աշուղ Օհանջյան» եւ այլն: Բանահավաք է եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի պրոֆեսոր (1987թ.):
Եթե վերը թվարկած ոլորտներում նույնիսկ արվեստագետը չստեղծագործեր եւ մեկդարյա ընդմիջումից հետո վերականգներ մեր ժամանակների աշուղների ձեռնադրության դարավոր ավանդույթը, Թովմաս Պողոսյանի անունը միանշանակ տեղ կգտներ աշուղական արվեստի պատմության մեջ: 2003թ. առաջին ձեռնադրվածներից են աշուղներ Լեյլին, Ռուբիկը, Կաղնին, Ապան: Մինչ օրս ձեռնադրվել են մեկ տասնյակից ավելի աշուղներ:
Իսկ թե ինչպես են գտնում մերօրյա աշուղներին՝ հարցին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պարոն Պողոսյանը պատասխանեց. «Սայաթ-Նովա» մշակութային միության կառույցում հաստատուն տեղ ունի «Հայ աշուղների միությունը», որտեղ ընդգրկված են ավագ, միջին եւ երիտասարդ տարիքի շուրջ 40 ստեղծագործողներ: Հենց այդ միությունը աշուղին ձեռնադրելու նպատակով ընտրում է արժանավորին, նրա ստեղծագործություններով պատրաստում ծրագիր, վերջին փուլում էլ հանդիսավոր պայմաններում հանդիսատեսի ներկայությամբ տեղի է ունենում աշուղի երգերով համերգ-ձեռնադրություն»:
Մինչ օրս չարչրկվում, նույնիսկ մասնագետների շրջանում բանավեճի առիթ է հարցը՝ ի վերջո, ո՞րն է ճիշտ օգտագործել՝ աշո՞ւղ, թե՞ գուսան եզրույթները: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Գուսան եւ աշուղ եզրերը փոխառություններ են, առաջինը` արաբերենից, երկրորդը՝ պահլավերենից: Սակայն երկուսն էլ այսօր հայերեն են համարվում: Գուսանները ապրել եւ ստեղծագործել են 2000 եւ ավելի տարիներ առաջ: Երգել են, իրենց նվագակցել փամբիռներով, ինչպես նշում է պատմահայր Խորենացին, ի վերջո, նրանք պալատական երգիչներ էին, որ փառաբանում էին աստվածներին, թագավորներին եւ այլ մեծավորաց: Մինչդեռ աշուղական արվեստը համաարեւելյան երեւույթ է, որը ներթափանցել է Հայաստան 14-15-րդ դարերում: Եթե գուսանները պալատական երգիչներ էին, ապա աշուղները՝ ժողովրդական, ու նրանց երգի թեման սերն էր»: Ստուգաբանեց նաեւ՝ «գուսան՝ բացատրվում է գովասան, իսկ աշուղ՝ սիրահար»:
Մեր զրուցակցին հայտնեցինք, որ 2012թ. արված իր հայտարարությունը, թե իրենք Սայաթ-Նովայի 300-ամյակը սկսում են տոնել այդ թվականից մինչեւ 2022թ., մասնագետների կողմից տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսանում մինչ օրս: «Տարբեր գիտնականներ իբրեւ Սայաթ-Նովայի ծննդյան թիվ առաջադրում են տարբեր տարեթիվ: Ես որոշեցի դուրս մնալ այդ թնջուկից: Դրա պատասխանն էլ ունեմ, այն է՝ Սայաթ-Նովան համամարդկային մեծություն է, որի 300-ամյա եւ եկող հոբելյանները արժանի են, որ նշենք, ասենք՝ 10 տարի շարունակ: Նոր ենք վերադարձել Ախալցխա ու շրջակա գյուղերը կատարած համերգային շրջագայությունից: Մինչ այդ էլ հանդես ենք եկել Արցախի քաղաքներում, գյուղերում ու զորամասերում»:
Կանխելով հաջորդ հարցը՝ պարոն Պողոսյանը տեղեկացրեց, որ Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանը իրենք կնշեն շքեղ համերգով, օպերային թատրոնում: Հետաքրքրվեցինք նաեւ, թե օտար հանդիսատեսը ընկալո՞ւմ է մեծանուն աշուղի արվեստը այնպես, ինչպես այն կա: Թովմաս Պողոսյանը պատասխանեց. «Սայաթ-Նովայի երգերը ընդունելի են ամենուրեք: Երբ ասում ենք` Սայաթ-Նովա, հասկանում ենք Հայաստան, հայ մշակույթ, կարճ ասած՝ աշուղի արվեստը իսկապես համամարդկային է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2015