Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոլոր հարցերը չէ, որ աուդիտով պետք է լուծեն». գյումրեցի տնտեսագետները ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին

Օգոստոս 03,2015 12:00

Այսօրվանից ուժի մեջ է մտնում էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը, ու թեեւ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ աուդիտի ավարտը ՀՀ քաղաքացիները  հոսանքի դիմաց կվճարեն հին գնով, սակայն գյումրեցիները տատանվում են՝ հավատա՞լ նախագահի խոսքերին, թե՞ ոչ:

«Ինձ բազմիցս հարցրել են, երեւի իրենք էլ չեն հասկացել երկրի ղեկավարի ասածը, բազմիցս գալիս ու հարցնում են՝ լավ, հիմա ի՞նչ եղավ, մենք վճարելո՞ւ ենք, թե՞ չէ: Ըստ երկրի նախագահի խոսքի՝ իրենք չպետք է վճարեն, եւ մեր պահանջը ի սկզբանե եղել է այն, որ երկրի քաղաքացին, այն էլ Շիրակի բնակիչները, որոնք աղքատության եզրին են, պաշտոնական տվյալներով՝ կեսը աղքատ են, չպիտի վճարեն թանկ գնով, իրենց համար լույսը չպիտի թանկանա»,- ասում է տնտեսագետ Կարեն Պետրոսյանը: Բնակիչների նման անհանգստության պատճառը բնականաբար այն է, որ մինչեւ օրս  անհայտ են ամենակարեւոր հարցերի պատասխանները՝  կառավարությունն ի՞նչ միջոցներով է վճարելու հավելյալ 7 դրամի դիմաց, եւ  մի՞թե սկսվել է աուդիտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, թե՞ դա աչքկապոցի է, ոտքի ելած ժողովրդին լռեցնելու միջոց:

«Առավոտ»-ը գյումրեցի ակտիվիստներից, որոնց մեծ մասը մասնագիտությամբ տնտեսագետ  են, տնտեսական գիտությունների թեկնածուներ, հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություններ ունեն աուդիտից, արդյոք այն արդեն անցկացվո՞ւմ է, եւ որպես շահագրգիռ անձինք՝ ցանկություն չունե՞ն  իրենց մասնակցությունն ունենալ ու մասնագիտական գիտելիքները օգտագործել ի շահ ժողովրդի:

Տնտեսագետ Կարեն Ավագյանն այս կապակցությամբ ասաց. «ՀԷՑ-ում անցկացվող աուդիտին որեւէ մեկս առայժմ մասնակցություն չունենք, բայց մեր տեսակետը հետեւյալն է՝ բոլոր հարցերը չէ, որ աուդիտով պետք է լուծվեն, քանի որ այնտեղ եղել են խարդախություններ, չարաշահումներ, որոնք պետք է բացահայտվեն նաեւ այլ ոլորտներում, ոչ միայն  աուդիտով: Եվ, ըստ այդմ, մեր կողմից քայլեր կատարվում են՝ անհատական մակարդակով»:

Տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանն էլ նշեց, որ քաղաքացիների համար հետաքրքիր չէ աուդիտի հանգամանքը, նրանց համար կարեւորն այն է, որ լույսը չթանկանա: «Աուդիտը գործիքներից մեկն է, որով հիմնավորվելու է, որ լույսը չպիտի թանկանա: Հիմա իշխանությունները էդ գործիքը ո՞նց կօգտագործեն, թո՛ղ իրենք մտածեն, սա իմ մտածելիքը չէ՝ ըստ էության: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:

«Կոմպաս» գիտահետազոտական, կրթական ու խորհրդատվական կենտրոնի նախագահ, տնտեսագետ Ղարիբ Հարությունյանն էլ ասաց, որ իրենց կենտրոնը եւս հետազոտություններ է անցկացնում ու արդյունքները շուտով կհրապարակի: «Մենք ոչ թե հիմնվելու ենք աուդիտի ապագա արդյունքների վրա,  այլ մենք ինքներս էլ, տարբեր մասնագետներ լինելով, փորձում ենք մեր մասնագիտական գիտելիքները օգտագործել նույն չարաշահումները ուսումնասիրելու հարցում: Հետազոտում ենք, որ տեսնենք, թե ինչպիսի բացթողումներ են եղել, որ էներգետիկ համակարգը ընդհանրապես հասել է այս իրավիճակին, եւ ՀԷՑ-ը այդ հայտը ներկայացրել է: Այսինքն՝ մենք այդ տեղեկատվության վրա ենք աշխատում եւ հետեւողականորեն փորձում ենք նաեւ հետազոտություններ անցկացնել: Առաջիկայում կհրապարակենք այդ արդյունքները: Ուսումնասիրությունը նաեւ ՀԷՑ-ի, ԲԷՑ-երի գնագոյացման հետ է կապված, թե ինչպես է եղել, որ գնագոյացումը նման սկզբունքներով է իրականացվել, եւ արդյունքում մենք պարբերաբար թանկացումներ ենք ունեցել, նույնիսկ մինչեւ այս վերջին հայտը: Այս ամբողջ  գործընթացը ուսումնասիրում ենք»:

«Կոմպաս» կենտրոնի ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ սկսել է  ուսումնասիրել, թե բնակիչների վրա ինչ ազդեցություն կունենա հոսանքի թանկացումը:  Այն հարցին էլ՝ մի՞թե  աուդիտը աչքկապոցի չէ, Ղարիբ Հարությունյանը չշտապեց գնահատական հնչեցնել՝ նշելով, որ հայտնի կլինի, երբ որ գործընթացը սկսվի:

Իսկ եթե աուդիտը ուսումնասիրությունները կատարի ու հանկարծ որոշի, որ շատ էլ ճիշտ հաշվարկներ են արել՝ 7 դրամ թանկացնելով, այդ դեպքում ի՞նչ կանեք, տնտեսագետ Կարեն Պետրոսյանն ասաց. «Այդ դեպքում մենք էլ կսկսենք քաղաքացիական հաշվարկներ անել, որ իրենք հաշվարկները սկսեն փոխել: Քաղաքացիները եղել են քաղաքացիական գործընթացների համար, իշխանությունները եղել են մեր խնդիրները լուծելու համար: Շատ կարեւոր մի բան կա, որ պետք է հասկանան. եթե մեզ համար քաղաքացիական պրոցեսները նպատակ են, կուզենք՝ կանենք, չենք ուզի՝ չենք անի, իշխանությունների համար սա խնդիր է, սա իրենց պարտականությունն է, որի համար մենք իրենց վճարում ենք, որ դա իրենք անեն: Իսկ մենք  կամավոր, հասարակական հիմունքներով դա անում ենք: Հիմա այս տարբերությունը իրենք պետք  է հասկանան՝ մենք անվճար հասարակական կարգով օգնում ենք իրենց, հիմա խնդրում ենք, որ մեր վճարածի չափով անեն, էլ չստիպեն, որ մենք իրենց հասարակական հիմունքներով օգնենք»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31