Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոստացան՝ շինուհայրցիները շուտով ջուր կունենան

Օգոստոս 03,2015 11:00

Երեկ «Առավոտի» «Շինուհայրցիներն ապրում են՝ ջրին ու բերքին կարոտ» հրապարակմամբ անդրադարձել էինք Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդրին: Գյուղացիները պատմել էին, որ իրենք տասնյակ տարիներ է՝ խմելու ջրին կարոտ են մնում, ոռոգման ջրի բացակայութան  պատճառով էլ չեն կարողանում տնամերձ հողամասերը մշակել, տան համար գոնե կանաչի աճեցնել: «Առավոտին» շինուհայրցիները պատմել էին, որ խմելու ջուրը օրվա ընթացքում թաղամաս առ թաղամաս են տալիս, այն էլ՝ մոտ 1 ժամով: Այս գյուղում խմելու ջրի ներքին ցանցն այնքան մաշված է, որ գրեթե ամեն օր վթար է լինում:

Այս առնչությամբ Սյունիքի մարզպետարանից մեզ վստահեցրել էին, թե Շինուհայրում, չնայած որ շուրջօրյա չէ խմելու ջրամատակարարումը, բայց այն կանոնավոր է, եւ օրական մի քանի անգամ ջուր են տալիս: Մարզպետարանից նաեւ վստահեցրել էին, որ եկող տարի Շինուհայրը կներառվի վարկային ծրագրով նախատեսված ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման ծրագրում: Իսկ ոռոգման ջրի բացակայության խնդրի առնչությամբ էլ առաջիկայում կպատասխանեն: Երեկ մարզպետարանից մեզ նորից պարզաբանում տվեցին, վստահեցրին, որ հենց այսօրվանից Շինուհայրի 2-րդ փողոցում կսկսվեն ջրամատակարարման ցանցի 1 կիլոմետր հատվածով հիմնանորոգման աշխատանքները, եւ հենց այսօր նոր խողովակներն արդեն տեղափոխելու են նշված հասցե, որպեսզի աշխատանքները սկսեն:

Մարզպետարանից նաեւ ասացին, որ Սյունիքի մարզպետը Շինուհայրի ղեկավարի հետ աշխատանքային քննարկում է ունեցել, որպեսզի բյուջեից գումար տրամադրվի ցանցի առանձին մասերի նորոգման համար, այն հատվածների, որոնք շատ վատ վիճակում են. «Արդեն ավագանու որոշում կա գումար հատկացնելու վերաբերյալ: Ավագանու մեկ այլ որոշում էլ կա, որ ամբողջ ներքին ցանցը հանձնվի «Հայջրմուղկոյուղուն», որը պարտականություն է ունենալու հիմնավոր փոխել ներքին ցանցը, ապա նաեւ հետագա շահագործումը հանձնվի «Հայջրմուղկոյուղուն»: Քննարկվել է նաեւ ոռոգման ցանցի նորոգման եւ ՋՕՅ-ին հանձնելու խնդիրը:

Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին, ապա մարզպետարանից վստահեցրին, որ ոռոգման տարածքի մեջ մտնող որեւէ հող առանց ջրի չի եղել. «Կա 3  պոմպ, 3-ն էլ լիարժեք աշխատում են: Ծրագիրը՝ ավելի լավացնել ոռոգման ջրամատակարարումը, անցնել ինքնահոս ջրամատակարարման, առայժմ մշակված ծրագիր է, կարիք ունի հաստատման»:

Շինուհայրի ղեկավար Սմբատ Երեմյանն էլ հավաստիացրեց՝ պոմպակայանները նորմալ աշխատում են, բայց քանի որ ոռոգման ցանցն էլ է մաշված, լիարժեք չի բավարարում ջուրը: Երեմյանն ասաց, որ պոմպակայանների հզորությունը թույլ է տալիս ոռոգել տնամերձ հողամասերը, այն էլ՝ այն հատվածների, որոնք ցանց ունեն: Իսկ ինչ վերաբերում է  այն շինուհայրցիների դժգոհություններին, որոնք տուժած են եւ խմելու, եւ ոռոգման ջուր չունենալու պատճառով, ապա գյուղապետն ասաց, որ այդ հասցեն՝ 2-րդ փողոցը, դեռ խորհրդային տարիներից ոռոգման ցանց չի ունեցել, այստեղի բնակիչները հողամասերը խմելու ջրով էին ոռոգում, ու հիմա որ այդ խմելու ջուրն էլ չկա, ուստի խնդրի առաջ են կանգնած: Բացի 2-րդ փողոցից՝ էլի կան թաղամասեր, որոնք նույն խնդիրն ունեն: Երեմյանն ասաց, որ այս հասցեի մի մասում ջրագիծ անցկացված է. «Առաջիկա ծրագրով ուզում ենք էդ մի հատվածն էլ ավելացնել, որ բոլոր բնակիչները օգտվեն: Մեկ այլ նախագծով պետք է Սդղի գյոլից խողովակներով ջուրը բերենք: Այս նախագծի արժեքը ընդհանուր 300 միլիոն դրամ է  ՋՕՅ-ի կազմած նախահաշվով. սա դեռ նախագիծ է: Բայց առաջիկա օրերին ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն էլ կսկսվեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31