Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի ոդիսականը

Օգոստոս 02,2015 14:45

 

Արդարադատությունը, դատավորի բիզնեսը, իր բողոքից անտեղյակ տնօրենը, պատասխանատվությունից խուսափող պաշտոնյան

Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Սվետլանա Բեգլարյանի միակ հույսը մնացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ու նախկին տնօրենը տասն օր առաջ նամակով դիմել է նախագահին` հույսով, որ տնօրենի պաշտոնից իրեն անօրինական կերպով ազատման արդեն երեք տարի շարունակվող վեճը կհանգուցալուծվի այս կերպ:

Այս վեճը սկիզբ էր առել 2012 թվականին՝ քաղաքական հայացքների պատճառով: Երաժշտական դպրոցի անկուսակցական տնօրեն Սվետլանա Բեգլարյանն այն ժամանակ քաղաքապետի ընտրություններում կոլեկտիվին չէր ներգրավել ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանի քարոզչական աշխատանքներում, քանզի լավ հարաբերություններ էր ունեցել քաղաքի ՀՀԿ-ական իշխանությունների հետ: Քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո Վարդան Ղալումյանը ջանք չէր խնայել, որպեսզի Սվետլանա Բեգլարյանն ազատվի զբաղեցրած պաշտոնից: Սվետլանա Բեգլարյանն էլ, սակայն, ձեռքերը ծալած չի նստել այս տարիների ընթացքում:

Իրեն աշխատանքից ազատելու մասին երաժշտական դպրոցի տնօրենների խորհրդի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բողոքարկել է դատարանում: Առաջին ատյանի դատարանն անօրինական է ճանաչել տնօրենների խորհրդի որոշումը: Այնուհետ բոլոր դատական ատյանները ուժի մեջ են թողել առաջին ատյանի դատարանի այս որոշումը, բայց մինչ օրս Սվետլանա Բեգլարյանին չի հաջողվում վերականգնվել աշխատանքի:

Այս տարվա մայիսին Սվետլանա Բեգլարյանն անգամ դիմել էր ոստիկանություն` ընդդեմ քաղաքապետ Վարդան Ղալումյանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու համար: Օրերս գործը կարճվել է, քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: «Քրեական գործի նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցներով պարզվել է ու հիմնավորվել, որ Վարդան Ղալումյանը կամ տնօրենների խորհրդի անդամները առաջին ատյանի դատարանի վճիռը չկատարելու դիտավորություն չեն ունեցել եւ չունեն»,- գրված է որոշման մեջ:

«Առավոտը» փորձեց Վարդան Ղալումյանից ճշտել` եթե դիտավորություն կամ միտում չկա, ինչո՞ւ չի կատարում օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ Սվետլանա Բեգլարյանին չի վերականգնում իր նախկին աշխատանքին: Քաղաքապետի հետ խոսել չհաջողվեց: Նա այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, սակայն առավել էական եւ ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան:

Սվետլանա Բեգլարյանին աշխատանքից ազատելը անօրինական ճանաչած առաջին ատյանի դատարանի որոշումը երաժշտական դպրոցի տնօրենների խորհուրդը բողոքարկել է դատական բոլոր ատյաններում ու մերժում ստացել: Երկու ամիս առաջ երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարան` Վճռաբեկ դատարանի որոշումն անվավեր ճանաչելու մասին: Թե ինչպես էր գործը վարույթ ընդունվել` անհասկանալի էր, քանզի դիմումում նոր ի հայտ եկած հանգամանք նշված չէ: Վերաքննիչը մերժել է բողոքը:

Այժմ տիկին Սարգսյանը երկրորդ բողոքն է ներկայացրել ու մերձավոր շրջապատում հայտարարել է, որ այս անգամ ամեն ինչ իր օգտին է լուծվելու, քանզի գործին խառնվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Օհանյանը: Վերջինս Աիդա Սարգսյանի ամուսնու մտերիմն է, համատեղ բիզնես ունեն:

«Առավոտի» հետ զրույցում Աիդա Սարգսյանը հերքեց Արմեն Օհանյանի` գործին խառնվելու հանգամանքը, ասաց, որ նման բան չկա: Ապա հորդորեց դպրոցի նախկին տնօրենի հետ կապված դատական վեճին վերաբերող բոլոր հարցերով դիմել տնօրենների խորհրդին. «Ես այդ գործի հետ առհասարակ կապ չունեմ»: Դիտարկմանը` եթե անգամ ֆորմալ կապ չունեք, հետաքրքրված եք իբրեւ գործող տնօրեն, քանզի նախկինին վերականգնելու պարագայում դուք կորցնելու եք աշխատանքը, հակադարձեց. «Չէ, չէ, ես բացարձակ չեմ էլ հետաքրքրված: Դուք երեւի իմ բնավորությունը լավ չգիտեք: Դա առհասարակ ինձ հետ կապված չի»: Մինչդեռ վերաքննիչ ներկայացված բողոքները հենց Աիդա Սարգսյանի անունից են, նրա ստորագրությամբ:

«Առավոտը» զրուցեց նաեւ դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ, Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանի հետ: Նա պնդեց, որ 2012 թվականի հոկտեմբերից ինքը դուրս է եկել երաժշտական դպրոցի տնօրենների խորհրդի կազմից: Մինչդեռ 2013-ի  հոկտեմբերին, երբ Սվետլանա Բեգլարյանը բողոք էր ներկայացրել դատարան, պատասխանող կողմի անունից, իբրեւ տնօրենների խորհրդի նախագահ, հանդես էր գալիս հենց Բորիս Թանանյանը: Բոլոր փաստաթղթերում նրա ստորագրությունն է: Հեռախոսազրույցում պարոն Թանանյանը համառորեն «չէր լսում» մեր այս դիտարկումը, միայն կրկնում էր, որ Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի գործի հետ ինքը կապ չունի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31