Սքվոշ մարզաձեւը Հայաստան մուտք է գործել չորս տարի առաջ՝ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի միջոցով ու նույն թվականին հիմնադրվել է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան:
Անցած տարիների ընթացքում մարզաձեւը սկզբում՝ դանդաղ, այնուհետեւ՝ մեծ արագությամբ սկսել է զարգանալ: Հիմա «Գրանդ Սպորտում» գործում են սքվոշի տարբեր տարիքային խմբերի սիրողական եւ պրոֆեսիոնալ խմբեր, որոնցում պարապում է շուրջ 200 մարդ: Ամեն տարի կազմակերպվում են նաեւ տարբեր մրցաշարեր, որոնց այս տարի ավելացավ լրատվամիջոցների միջեւ մրցաշարը: Երեկ եւ այսօր անցկացվեց նաեւ հերթական՝ 4-րդ, սիրողական մրցաշարը, որին մասնակցելու ցանկություն հայտնեց նաեւ նորվեգահայ Կայծակ Դեմիրճյանը: Ճիշտ է, նա երիտասարդների հետ պայքարում չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն նրա մասնակցության շնորհիվ մրցաշարն առաջին անգամ միջազգային սիրողականի կարգավիճակ ստացավ: «Սքվոշը Նորվեգիայում բավական տարածված մարզաձեւ է: Երիտասարդ տարիներիս խաղացել եմ թենիս, որից հետո հրապուրվել եմ նաեւ սքվոշով: Վերջին անգամ սքվոշի ռակետ ձեռքս վերցրել էի 1996 թվականին: Այստեղ տեղեկանալով, որ մարզաձեւը նաեւ Հայաստանում է զարգացում ստանում եւ կազմակերպվում է սիրողական մրցաշար, որոշեցի մասնակցել», – ասաց Կայծակ Դեմիրճյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև