Օգոստոսի 1-ից եզդիական համայնքի հասարակական գործիչներ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսել:
Հացադուլի պահանջներն են՝ դադարեցնել եզդիների՝ մեկ տարի շարունակվող ցեղասպանությունը, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից շրջափակված Սինջար (Շանգալ) շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն, ազատել գերության մեջ գտնվող 4000 կանանց և երեխաներին:
«Մենք ահաբեկչության ճանապարհով չենք գնում: Մեր քայլերն օրինական են. պահանջում ենք օրենքի դաշտում պաշտպանել եզդիների գոնե ֆիզիկական գոյատևման իրավունքը: Սա է մեր պահանջը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սաշիկ Սուլթանյանը:
«Մենք գնացինք ծայրահեղ քայլի՝ հացադուլի, որովհետև արդեն մեկ տարի է՝ ՄԱԿ-ի գրասենյակում, միջազգային մյուս կառույցներում մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, փորձում ենք «իրավիճակ փոխել» գոնե այնքանով, որքանով կարող ենք, ձգտում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր եզդի եղբայրներին, բայց անօգուտ, ոչինչ չի փոխվում»,- հստակեցրեց Ռուստամ Բաքոյանը:
Կարդացեք նաև
Ս. Սուլթանյանի հավաստմամբ՝ իրենք այս խնդրով մեկ տարի շարունակ դիմել են ՄԱԿ-ին, սակայն վերջինս ոչ մի միջոց ձեռք չի առել եզդիների ցեղասպանությունը կանխելու ու գերության մեջ գտնվողներին ազատելու համար. «Եթե մարդը բարձրագույն արժեք է, և եթե 21-րդ դարը հորջորջվում է իբրև մարդու իրավունքների դարաշրջան, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատահում, որ մարդը բարձրագույն արժեք է, սակայն քսան հազար եզդիներ, մշտապես մամուլի ու հեռուստատեսության ուշադրության կենտրոնում լինելով, սպանվում են, ինչպե՞ս է լինում, որ վեց հարյուր հազար եզդիներ դառնում են փախստական, ինչպե՞ս է լինում, որ մեկ տարի է անցել այդ ժողովրդի ցեղասպանությունից, սակայն ՄԱԿ-ն իր անդամ պետություններով չի կարողանում եզդիական շրջանն ազատագրել»,- հարց է բարձրացնում մեր զրուցակիցը:
Նկատենք, որ Սաշիկ Սուլթանյանն ու Ռուստամ Բաքոյանը հացադուլը չեն համարում խնդրի լուծման ճանապարհ. «Հացադուլով մենք պարզապես ցույց ենք տալիս, որ միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, չի կատարում իր պարտավորությունները: Հացադուլից հետո մենք արդեն կդիմենք այլ քայլերի: Մեր պահանջները կվերաձևակերպվեն, կհամապատասխանեցվեն այն խաղի կանոններին, որը հիմա խաղում են գերտերությունները, և այդ խաղի զոհ են դառնում եզդիները»,- ասաց Ս. Սուլթանյանը՝ հստակեցնելով, որ հացադուլն իրենց վերջին քայլն է լինելու օրենքի շրջանակներում. «Սրանից այն կողմ էլ օրինական տարբերակներ չկան, որոնցով կարող ենք բարձրաձայնել մեր խոսքը և հայտնել, որ հենց այս պահին էլ եզդիական ճամբարներում եզդիներ են սպանվում ու վաճառվում:
Մենք հիմա մեր խոսքն ուղղում ենք ՄԱԿ-ին. եթե մարդու իրավունքների դարաշրջան է, ուրեմն եզդիական շրջանը պետք է ազատագրվի և եզդիների անվտանգությունն ապահովվի, եթե ոչ, ուրեմն սա ահաբեկչության ժամանակաշրջան է, բայց եզդի ժողովուրդը չի գնա անհետացման ճանապարհով: Մենք չենք սպառնում, բայց ասում ենք, որ եզդի համայնքից պետք է սպասել ավելի ծայրահեղ քայլեր, եթե մոտակա ժամանակաշրջանում եզդիների ցեղասպանությունը չդադարեցվի»:
Սուլթանյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ի անտարբերությունն այս հարցում միմիայն պայմանավորված է գերտերությունների շահերի բախմամբ, որին զոհ են դառնում եզդիները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին լրանում է եզդիների ցեղասպանության մեկ տարին:
Այդ օրը կավարտվի նաև Սուլթանյանի ու Բաքոյանի եռօրյա հացադուլը, և նրանք Երևանի օղակաձև այգում կմասնակցեն եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ կազմակերպվող հավաքին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արցախյան ազատամարտում եզդի եղբայրները հայերի կողքին էին:Վերադարձնենք մեր պարտքը:
https://www.youtube.com/watch?v=ipgCOT5WlYM