Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ անգամ նույն դարդը մի պատմիր

Օգոստոս 01,2015 22:47

Նավահո ցեղի հնդկացիների մոտ կա այսպիսի ծես. ցեղի անդամը, որը ցանկություն ունի պատմելու իր «դարդերը», անում է դա հրապարակավ, ամբողջ ցեղի առաջ։ Ցեղակիցները շրջան են կազմում, իսկ կենտրոնում կանգնում է «դարդոտված մարդը» եւ ներկայացնում է կյանքից իր բոլոր բողոքները։ Նա իր ձախողումների պատմությունը պատմում է երեք անգամ, եւ ցեղակիցները նրան ուշադիր լսում են:  Բայց երբ նա սկսում նույն բողոքները թվարկել չորրորդ անգամ, հավաքվածներն ասում են՝ «հերիք է, մենք երեք անգամ լսեցինք քո պատմությունը, էլ չենք ուզում, դու պետք է «բաց թողնես» անցյալի քո ցավերը»։

Իմաստը հետեւյալն է. եթե ինչ-որ տեղդ ցավում է, մանավանդ՝ հոգիդ, դու չպիտի այդ ցավը մեջդ  պահես, եւ քո մտերիմները քեզ պարտավոր են լսել: Բայց եթե նրանք քո իսկական ընկերներն են ու բարեկամները, ապա մի պահ պիտի ընդհատեն քեզ եւ առաջարկեն չսեւեռվել այդ ցավի վրա, հարյուրերորդ անգամ այդ նույն պատմությունը չներկայացնել եւ փորձել ապրել այսօրվա օրով: Ոմանք կարող են նեղանալ այդպիսի «անջիգյար» վերաբերմունքից,  բայց միշտ չէ, որ պետք է ասել այն, ինչ դիմացինդ ուզում է լսել:

Մեր խմբագրությունն էլ ունի այդպիսի «ստաժավոր բողոքավորներ», որոնք ցանկանում են,  որ «Առավոտը» 10-րդ անգամ անդրադառնա իրենց խնդրին՝ պարզապես «սրտները հովացնելու» ակնկալիքով: Կան նաեւ մարդիկ, որոնք ընկնում են «հարվածի» եւ «հակահարվածի» շղթայի մեջ: X-ը գրում է, Y-ը պատասխանում է, «հաշիվը» դառնում է 1:1, բայց կողմերից մեկն ուզում է անպայման «հաղթել», եւ մարդիկ հայտվում են «վիրավորանք-վրեժխնդրություն» փակ շրջանի մեջ: Նման երեւույթներ նկատվում են ոչ միայն անհատական, այլեւ ազգային մակարդակով: Կան «ստաժավոր բողոքավոր» ազգեր՝ մենք, կարծես թե, նրանց թվում ենք:

Հոգեբանները հաշվարկել են, որ մարդիկ իրենց կյանքի թանկարժեք ժամանակի 60-70 տոկոսը ծախսում են անցյալի բացասական փորձը՝ հիասթափությունները, վիրավորանքները, կորուստները վերապրելու վրա, մի 10 տոկոս էլ՝ ապագայի ծրագրերին: Որքա՞ն է մնում՝ այսօր ապրելու համար:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Հարությունյան says:

    Արամ ջան, շնորհավորում եմ «Առավոտի» ծննդյան հերթական տարեդարձը:
    Լավագույն մաղթանքներս թերթի ողջ խմբագրակազմին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31