«Արմենիա Մարիոթ» հյուրանոցն այսօր կազմակերպել էր բարեգործական հեծանվավազքային միջոցառում՝ նպատակ ունենալով աջակցելու «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Հյուրանոցի աշխատակիցները մրցեցին հյուրանոցի ճեմասրահում տեղադրված հեծանիվ-մարզասարքերով՝ միաժամանակ հիշեցնելով ներկաներին առողջ ապրելակերպի կարևորության մասին:
Ճեմասրահում տեղադրված էր նաև նվիրատվության արկղ հյուրանոցի այն հյուրերի համար, որոնք կարող էին կամ ցանկանում էին նվիրաբերել որոշակի գումար՝ այդպիսով աջակցելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գործընկեր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որին և փոխանցվելու է ողջ հասույթը:
Հիշեցնենք, որ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին հիմնադրված «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայաստանում աղքատության և երեխաների շրջանում մուրացկանության տարածման դեմ:
Կարդացեք նաև
«Արմենիա Մարիոթ»-ը «Օրրան»-ի հին բարեկամներից է, որն ամեն տարի տարբեր միջոցառումներ է կազմակերպում՝ զվարճացնելով երեխաներին ու ծերերին և, միաժամանակ, միջոցներ հայթայթելով, որ «Օրրան»-ը կարողանա ինչ-որ չափով հոգալ իր ծախսերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «Օրրան»-ը գոյատևում է առանձին անհատների և կազմակերպությունների օգնությամբ. «Մենք օգնություն ենք ստանում աշխարհի տարբեր ծայրերից, և շատ ուրախալի է, որ հայաստանաբնակ բարերարների թիվը տարեցտարի մեծանում է»,- հավելեց նա:
Տիկին Հովհաննիսյանի խոսքով՝ գնալով ներդրումների ծավալներն էլ են մեծանում, բայց դրան զուգահեռ՝ նաև ծախսերն են ավելանում, որովհետև աղքատությունը մեր երկրում խորանում է. «Ցավոք, մեր ժողովրդի 33%-ն աղքատության շեմին է, և օրեցօր ավելանում է այն ընտանիքների թիվը, որոնք թակում են մեր դուռը՝ խնդրելով տարբեր տեսակի օգնություններ՝ սնունդ, դեղորայք, ուսում և այլն: Ու ինչքան էլ նվիրատուներն առատաձեռն են լինում, միևնույն է, մենք ամեն տարի կանգնում ենք այն մեծ խնդրի առջև, թե ինչպես պետք է կարողանանք հոգալ մեր տարեկան ծախսերը, որոնք տարեցտարի ավելանում են, որովհետև ամեն ինչ թանկանում է»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ «Օրրանն» այսօր Երևանի և Վանաձորի իր կենտրոններում օգնում է մոտ 200 երեխաների և 100 տարեցների, սակայն չի սահմանափակվում միայն «Օրրան»-ի շահառուներով. «Ինչով կարողանում ենք, օգնում ենք նաև տարբեր մարզերի ընտանիքների»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ